Հայ գրականությունը եւ մեր ազգային ինքնությունը

Հայ գրականությունը եւ մեր ազգային ինքնությունը

ՄԱՍ 1-ին    

Այնքան ասվեց ու խոսվեց «Հայ գրականություն» ու «Հայոց պատմություն» առարկաների  դպրոցական «հեղափոխական» ծրագրերի, հայ լուսավորչական եկեղեցու դերի նսեմացմանն ուղղված, ցավոք, բազմաթիվ ելույթների ու կոնկրետ գործողությունների մասին, որ, թվում է, ավելացնելու ոչինչ չկա։  Թե ինչ արդյունք կտա հայ հանրության և հատկապես հայագիտության ոլորտի  մասնագետների միասնական արդարացի զայրույթը, դժգոհությունն ու պայքարը  ազգային արժեքների կոպիտ  ոտնահարման դեմ, դժվար չէ ասել. երկու տարվա դառը փորձից կարելի է եզրակացնել՝ «ձայն բարբառոյ յանապատի»։ Ծրագրերը լուրջ քննարկման և քննադատության նյութ չեն, հայագիտական ու մանկավարժական հանրույթը քարը քարին չի թողել և մերժել է ոչ միայն այսպես կոչված «սևագիրը», այլև ենթադրվող մաքրագիրը։ Այնուամենայնիվ, լռել, արհամարհել այս ձախողված փորձերն ու մոտեցումները չի կարելի, քանզի դրանք չափազանց վտանգավոր են և նպատակաուղղված ձևով խարխլում են մեր ազգային ինքնության հենասյուները։ 
Այս տխրահռչակ ծրագրերի լուրջ քննարկումն ու առարկայական, հանգամանալից քննադատությունը ավելորդ ենք համարում, քանի որ Մաշտոցին ու Խորենացուն, Եղիշեին ու Բուզանդին,  Նարեկացուն ու Քուչակին, Սայաթ-Նովային ու այլ գրողներին դպրոցական ծրագրից դուրս թողնելու մտադրությունն անգամ չի ներվելու, որովհետև դա պարզորոշ դավաճանություն է, իսկ դավաճանությունը երբեք չի ներվում։    

Մաշտոցը մեր ազգային գոյության ու հարատևման առաջին խորհրդանիշն է։ Մաշտոցին հասցեագրված «Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք, և անմահացավ, որ անմահանանք» Պ. Սևակի խոսքերը պարտադիր պիտի անգիր իմանա յուրաքանչյուր աշակերտ։  

Ոսկեդարի միջոցով հայ դպրոցականը պիտի սովորի «մահ իմացյալը», «լավ է կույր աչոք, քան մտոքը», Խորենացու միջոցով պետք է մերժվի «սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան» աշակերտների, ավելի հաճախ ամբարտավան մեծահասակների վարքագիծը։ Ծրագրի հեղինակները և նրանց հովանավորները կոչ են անում  դասական գրականությամբ «պաթոսախեղդ չանել» աշակերտին։ Հենց այդ նպատակով են լուսանցքում  հայտնվել Մաշտոցը՝ որպես հայ ազգին անմահություն պարգևող, Խորենացին՝ որպես հայոց  պատմությամբ ազգի թիկունքն ապահովող պատմահայր, Նարեկացին՝ որպես  իր համամարդկային գույնով աշխարհը շլացնող հանճար, յուրաքանչյուր ազգի պատիվ բերող Քուչակն ու Սայաթ-Նովան և այսպես շարունակ։ Եթե անգամ մեծ աղմուկից հետո ծրագրում հայտնվեն նրանց անունները, միևնույնն է, նրանք դարձյալ կմնան լուսանցքում, քանի որ ո՛չ դասագրքերում, ո՛չ դպրոցական ծրագրում չեն զբաղեցնելու իրենց արժանի տեղը՝ իրենց նվիրումով, կյանքով ու գործով՝ իբրև  հայ ազգի սրտին սնունդ տվող արյունատար անոթներ։ Մինչդեռ նույնիսկ միջին դասարաններում մայրենի լեզվին ձոնված բոլոր բանաստեղծությունները, Մաշտոցի, Խորենացու մասին  նյութերը հանված են ծրագրից, որպեսզի «հանկարծ Մաշտոցի անուն չհնչի» (չափորոշիչների ՎՊՀ-ի մերժման տեքստից)։ 

Աղմուկը մեծ է, կրթական ծրագրերի հեղինակները որոշեցին գնալ որոշ զիջումների, «մեծահոգաբար» հայտարարեցին, որ մեր գրականության ոսկեդարը կուսուցանվի, և մի գուցե ընդունվեն այլ խորհուրդներ ։ Սակայն խնդիրը շատ ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից, և այդպիսի մոտեցումը «մշակութային ինտերվենցիայի» հետևանք է։ Իսկ թե որտեղից է միջամտությունը, հստակ է. մեր դարավոր թշնամին դարձյալ հարձակվում է մեզ վրա՝ բոլոր ուղղություններով, ու նաև մեր ձեռքով՝ հակահայկական ու հակառուսական արշավանքի տեսքով։ Հակառակ դեպքում ինչո՞վ բացատրել, որ աշակերտին ուսուցանելով համաշխարհային գրականություն՝ այնտեղից դուրս են թողնում հատկապես հայ և ռուս գրողներին։  
Մեր ազգային ինքնության դեմ պայքարն ընթացել է դարեր շարունակ, այլ ազգերի կողմից, ու պարզվում է՝ շարունակվում է նաև մեր օրերում, Հայաստանի  վերջին անկախացումից ի վեր, ընդ որում՝ անմիջապես, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ազգայինը հռչակվեց կեղծ կատեգորիա։ Եվ ահա այդ արատավոր ու չափազանց վտանգավոր պայքարը նոր թափ է ստանում այսօր՝ ընդորում անթաքույց ու նողկալի ձևով։  

Հիշեցնենք, որ ժամանակին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում պարտադրեցին հանել հայկական դպրոցների ծրագրից Մ. Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Եվ հայ մանկավարժը ցեղասպան բռնապետության պայմաններում կարողացավ հնարամտորեն ծրագրում թողնել բանաստեղծությունը՝ փոխարինելով վերնագիրը «աշխատություն» բառով, և հայ երեխան շարունակեց անգիր սովորել այն՝ դասարանում հնչեցնելով ազատության ձայնը։ Երբ հայկական դպրոցներն փակվում էին Արևելյան Հայաստանում, ստեղծվում էին գաղտնի ընդհատակյա դպրոցներ, որտեղ հայ մտավորականների տներում դասավանդվում էր հայ գրականության պատմություն և հայոց պատմություն։ Այդպիսի մի գաղտնի հայ դպրոցի՝ «Ծիածանի» պարապմունքներն էլ երբեմն տեղի էին ունենում երիտասարդ Հովհաննես Թումանյանի վարձով բնակարանում, և գրականությունը դասավանդում էր հենց նա՝ առանց որևէ ծրագրի և այն պայմաններում, երբ դեռևս չկար հայ գրականության պատմության որևէ ձեռնարկ, դասավանդում էր իր ճաշակով՝ «Վահագնի ծնունդից» մինչև Ալիշան ու Պատկանյան։  

Ահա այսպես ազգի ճակատագրով մտահոգ մանկավարժն ու բանաստեղծը, մտավորականն ու քաղաքական գործիչը  դիմադրում էին բոլոր նրանց, ովքեր փորձում էին վերացնել հայի հոգում հայկական ինքնությունը։ Նրանք բոլորը մեծ հայրենասերներ էին, մինչդեռ մեր «թավշյա» հեղինակների  ծրագրերում և դասագրքերում նույնիսկ այդ հասկացությունն է դուրս մղվել գործածությունից։  

Ահա այս խոհերը առիթ դարձան այսօր հնչեցնելու մեր ազգային մեծությունների, մասնավորապես  ամենաազգայինի՝ Թումանյանի  մոտեցումները՝  ազգային ինքնության մասին՝ կանխելու համար մեր մշակութային եղեռնը։  Այսօր ավելի քան արդիական են Ամենայն հայոց բանաստեղծի՝ ազգային ինքնության, ազգի գոյապայքարում ազգային գրականության ու պատմության վիթխարի դերի մասին խոհերը։ Թումանյանը միշտ արդիական է, և այսօր  գուցե նրա հեղինակությունը և «անհատականացված ազգ» (Պ. Սևակ) լինելու հանգամանքը մեծ բանաստեղծի ու մտածողի խոսքը դարձնի սթափեցնող։ Ի դեպ, արդեն չեմ զարմանա, որ Թումանյանի մասին «Ամենայն հայոց բանաստեղծ» ամենահայտնի ու ամենասիրված շրջասույթից «հայոցը» նույնպես հանեն դպրոցներում։  

Ծրագրի նախագծի հրապարակումից  անմիջապես հետո ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը հանրությանը հիշեցրել է մեծն Թումանյանի խորիմաստ և բանաձևի արժեք ունեցող ձևակերպումը՝ «Գեղարվեստը հայերնիք չունի, բայց ամեն հայրենիք իր գրականությունն ունի»։  

Այստեղ է հարցի քննության բանալին, քանի որ գեղարվեստը հայրենիք չունի, դրա համար էլ ինչպես Թումանյանը, այնպես էլ մենք ողջունում ենք համաշխարհային գրականության լավագույն գործերի ուսուցումը, և չենք հասկանում թե ո՞ւր է արևելյան, մասնավորապես պարսից ու նաև ռուս ողջ գրականությունը. այդ ո՞ր օրվանից է ռուս գրականությունը դադարել համաշխարհային գրականության մաս լինելուց, այդ ո՞վ է կասկածի տակ դնում ռուս գրականության դասականների ավանդը համաշխարհային գրականության մեջ։ Ի՞նչ է՝ եվրոպական գրականությունը գրականություն է, իսկ ռուս և արևելյան գրականությունը՝ ո՞չ։ Ի՞նչ չափորոշիչներ են ընկած ընտրության հիմքում՝ գրական թե՞ քաղաքական։ Մի բան հստակ է՝ ծրագրում ներառել ավելի շատ արտասահմանյան հեղինակներ, նշանակում է դուրս մղել հայ գրականությունը մեր դպրոցներից։ Երբ դպրոցը տասնամյա էր, մենք անցնում էինք հայ գրականության ողջ պատմությունը, այժմ 12-ամյա է։ Մի՞թե չի կարելի արտասահմանյան գրականության դասընթաց ունենալ  և հայ բազմադարյան գրականությանը անկյուն չկանգնեցնել ոչ իր անցյալով, ոչ էլ արդի հեղինակներով։ Բայց յուրաքանչյուր գրականություն իր հայրենիքն ունի։ Իսկ այժմ պատկերացրեք, թե ինչպես կընկալեին անգլիացիները ցանկացած ոտնձգություն Շեքսպիրի և Բայրոնի դեմ, գերմանացիները՝ Գյոթեի և Շիլլերի, ռուսները՝ Պուշկինի և Լերմոնտովի, իսպանացիները՝ Սերվանտեսի և Լոպե դե Վեգայի, լեհերը՝ Միցկևիչի, վրացիները՝ Ռուսթավելու, ուկրաինացիները՝ Շևչենկոյի, իտալացիները՝ Դանթեի և Պետրարկայի, պարսիկները՝ Ֆիրդուսիի դեմ և այսպես շարունակ։ Յուրաքանչյուր հայրենիք իր գրականությունն ունի և այն կարելի է ուսուցանել միայն ազգային ինքնության հաշվառումով։  Այդպես են վարվել մինչ օրս մեր ազգային ամենամեծ ու փառապանծ լուսավորիչներից մինչև դպրոցում դասավանդող ամեն մի մանկավարժ։ 

Ազգային ինքնության պահպանման  մտահոգությամբ էին դասագրքեր կազմում Թումանյանն ու Շանթը, Ստ. Լիսիցյանն ու Նիկ. Աղբալյանը։ Նրանց հեղինակած դասագրքերը սերդուներ են կրթել և պահպանել հայ երեխայի ինքնությունը օտար ազգերի բռնապետության ներքո թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանում, թե՛ Լիբանանում և այլուր։ Նրանցից ականավոր ազգային գործիչ, քննադատ  ու մանկավարժ, ազնվագույն հայ Նիկ. Աղբալյանը Թումանյանին ուղղված նամակում գրում է. ««Ազգային գրականություն» ասած բանը շատ քչերն են հասկանում կամ թե չէ՝ իսկի չեն հասկանում... Եվ ինչպես ձուկը ջրից դուրս մահվան ձեռքին գալարվում է, և կենդանին ածխաթթվուտի մեջ սատկում, այնպես է համարյա սեփական գրականություն չունեցողի հալը... Ոչ ոք չի մտածում, որ հայը պիտի հայ մնա և ցույց տա իրան աշխարհին ոչ թե իբրև եվրոպացի, այլ իբրև հայ, նա պիտի իր ազգին սնուցանի Նարեկացիով ու միջնադարյան երգերով և կլանելով այն, ինչ տվել է ամբողջ մարդկությունը` ճշմարտություն, գեղեցկություն և բարին աշխարհում, ասի աշխարհին, թե ինչպես է ինքը հասկանում այդ երրորդութունը»։  

Հուսով ենք, Աղբալյանին, Թումանյանին, Շանթին ու Լիսիցյանին չեն մեղադրի «նախկին» լինելու մեջ, որովհետև նրանք «նախկին իշխանության երևելիներից» չեն, և նրանց չեն վճարել ազգային գրականությունը պաշտպանելու համար։  

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
Բան. գիտ. դոկտոր 
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող