Մեր աչքի առաջ փլուզվում է ամերիկյան առաջնորդության գաղափարը

Մեր աչքի առաջ փլուզվում է ամերիկյան առաջնորդության գաղափարը

Միացյալ Նահանգների համար Էկվադորը կարող է վերածվել հերթական գլխացավանքի, եւ այդպիսի գլխացավերի թիվը գնալով մեծանալու է` հանգեցնելով աշխարհում ամերիկյան գերիշխանության ոչնչացման: Էկվադորում փողոցային մարտեր են, ոստիկանությունը եւ բանակի ստորաբաժանումները փորձում են կանգնեցնել էկվադորական բանդաների կողմից հրահրված անկարգությունները: Տարբեր տեղեկություններ կան տասնյակ զոհերի եւ ավելի մեծ թվով պատանդների մասին: Անցած տարվա հոկտեմբերին երկրի նախագահի պաշտոնում ընտրված 37-ամյա նախագահ Դանիել Նաբոան երկրում ռազմական դրություն է հայտարարել: Նաբոան Էկվադորի ամենահարուստ մարդու բանանային մագնատ Ալվարո Նաբոայի որդին է, այս ընտանիքը հայտնի է պրոամերիկյան հայացքներով: Էկվադորը, ըստ էության, համարվում է ամերիկյան վերահսկողության տակ գտնվող երկիր, 2000 թվականից Էկվադորը հրաժարվել է սեփական արժույթից` անցնելով ամերիկյան դոլարի կիրառմանը, երկրի արտաքին առեւտրի մեծ մասը բաժին է հասնում ԱՄՆ-ին՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման գծով, երկիր հիմնական հարստությունը` նավթը, արդյունահանվում է ամերիկյան ընկերությունների կողմից: Էկվադորի ներքաղաքական անկայունությունը, առավել եւս՝ եթե այն վերաճի քաղաքացիական պատերազմի, ինչի հնարավորությունը կա, ուղղակիորեն հարվածելու է ԱՄՆ-ի հեղինակությանը՝ ամերիկյան իշխանությունների համար վերաճելով պատերազմի հերթական ճակատի՝ Ուկրաինայից եւ Գազայից հետո:

2022-24 թվականներին աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի՝ որպես համաշխարհային հեգեմոնի արդյունավետությունը. ԱՄՆ-ն փաստացի չի կարողանում ապահովել իր հովանավորյալների անվտանգությունը, չի կարողանում ապահովել հաստատված համաշխարհային կարգը, որն առավել հայտնի է Pax Americana անվանումով, «ամերիկյան աշխարհ» բառացի թարգմանությամբ: Նախ՝ 2022 թվականին Ռուսաստանը մարտահրավեր ներտեց Միացյալ Նահանգներին՝ պատերազմ հայտարարելով նրա հովանավորյալ Ուկրաինային: ԱՄՆ-ն իր դաշնակից երկրների հետ արդեն գրեթե 2 տարի է՝ պատերազմում է Ռուսաստանի դեմ, եւ երբ արագ հաղթանակի հույսը մարեց, ԱՄՆ-ն սկսեց դանդաղ, բայց հետեւողականորեն տարանջատվել այդ պատերազմից՝ էապես պակասեցնելով օժանդակությունը Ուկրաինային: 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պատերազմի մեջ է ԱՄՆ-ի մեկ այլ հովանավորյալ՝ Իսրայելը, որն արդեն չորրորդ ամիսն է՝ պատերազմում է ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ: Իսրայելի պաշտոնյաները պատերազմի կարճ ավարտ չեն կանխատեսում եւ հայտարարում են, որ այն կշարունակվի ամիսներ, գուցե՝ տարիներ: ԱՄՆ-ն զենք եւ զինամթերք է մատակարարում Իսրայելին՝ ապահովելով նաեւ դիվանագիտական աջակցություն: Հիմա հանկարծակի պատերազմ է սկսվում ամերիկյան մեկ այլ հովանավորյալ երկրի` Էկվադորի տարածքում: 

Բայց սա դեռ ամենը չէ․ 2024 թվականին կարող է պատերազմ սկսվել հարավամերիկյան եւս 2 երկրների` Գայանայի եւ Վենեսուելայի միջեւ, քանի որ Վենեսուելայի խորհրդարանը հարեւան Գայանայի տարածքի մեծ մասը հռչակել է Վենսուելայի անբաժան մաս, եւ առաջիկայում հնարավոր է, որ Վենեսուելան զորք մտցնի Գայանա, որի բանակի կարողությունները բավարար չեն պաշտպանվելու համար: ԱՄՆ-ին մինչ այս պահը հաջողվում է կանխել ակտիվ ռազմական գործողությունների սկիզբը, բայց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատակամ է երկրի «ազգային շահերը պաշտպանելու» հարցում, եւ եթե պատերազմական գործողություններ սկսվեն ԱՄՆ-ի հենց քթի տակ, ԱՄՆ-ն հարկադրված կլինի միջամտել: 

Բայց ամերիկյան գերիշխանության համար ամենածանր հարվածը կարող է լինել Չինաստանի կողմից Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար պատերազմ սկսելը: Հունվարի 13-ին Թայվանում նախատեսված են նախագահական ընտրություններ, եւ կանխատեսում են, որ արդյունքում կարող է հաղթել Թայվանի անկախության կողմնակից Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչը, որը հայտարարում է, որ Թայվանի ինքնիշխանությունը պատկանում է նրա 23 միլիոնանոց ժողովրդին: Չինաստանի ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ անկախության ձգտումները, որոնք հրահրվում են երրորդ ուժերի կողմից` նկատի ունեն ԱՄՆ-ին, դատապարտված են ձախողման: Եթե Թայվանի նոր նախագահը քայլեր ձեռնարկի երկրի ինքնիշխանության միջազգային ճանաչման ուղղությամբ, Չինաստանը կարող է դրան պատասխանել պատերազմով: ԱՄՆ-ի ներգրավումը պատերազմում կարող է վերածվել միջուկային պատերազմի:

Հիշո՞ւմ եք՝ երբ 2022 թվականին Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, Ռուսաստանին արագ պարտության մատնելու կողմնակիցները հայտարարում էին, որ պետք է բացել երկրորդ, երրորդ ճակատներ: Ուկրաինայի իշխանությունները նույնիսկ կոչ էին անում Վրաստանի իշխանություններին, որ նրանք պատերազմ սկսեն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի համար, Մոլդովան պատերազմ սկսի Մերձդնեստրում, Լեհաստանը՝ Կալինինգրադում, ինչը Ռուսաստանին կստիպեր իր բանակի մի մասը տեղափոխել այլ ճակատներ՝ թուլացնելով ճնշումն ուկրաինական ճակատում: Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ այդպես էլ չբացվեց, որովհետեւ որեւէ երկիր չէր ցանկանում անմիջականորեն պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ եւ իր երկրի տարածքն ու քաղաքացիներին դնել ռուսական հարվածների տակ: Բայց հիմա ինչ-որ ուժեր Միացյալ Նահանգներին են ստիպում կռվել մի քանի ճակատներում՝ ջլատելով երկրի ֆինանսական եւ ռազմական ռեսուրսը:

Միացյալ Նահանգների իշխանությունները, անշուշտ, հասկանում են, որ վտանգավոր է երկրի նյութական ռեսուրսների նման անխնա վատնումը, որոնք անսպառ չեն: Պատահական չէ, որ ԱՄՆ օրենսդիրները չեն հաստատում Ուկրաինային եւ Իսրայելին ռազմական աջակցություն տրամադրելու նախագծերը: Բայց փող չծախսելը եւ չմիջամտելը հղի են այլ վտանգներով: Մինչ այժմ Միացյալ Նահանգները հանդիսացել է իր դաշնակից կամ վասալ երկրների անվտանգության ու կայունության հովանավորը, միայն այն, որ տվյալ երկիրն ԱՄՆ-ի հովանավորյալն է, բավարար է եղել, որպեսզի որեւէ մեկը չհամարձակվի հարձակվել նրա վրա: Եթե հիմա նրանք փող խնայելու կամ փողի բացակայության պատճառով հրաժարվում են միջամտել եւ պաշտպանել իրենց հովանավորյալներին, ապա ամերիկյան կայսրությունը սկսում է ճաքեր տալ եւ ի վերջո կարող է փլուզվել: Ո՞ւմ է պետք մի հովանավոր, որը չի կատարում իր պարտավորությունները կամ կատարում է ոչ ամբողջական եւ ոչ պատշաճ: Սա նույնն է, երբ Հայաստանը հայտարարում է, որ Ռուսաստանը պատշաճ չի կատարում ՀՀ անվտանգության երաշխավորի իր պարտավորությունները, Ռուսաստանի դաշնակիցը լինելը բավարար զսպող գործոն չէ, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, դրա համար Հայաստանը ցանկանում է գտնել իր անվտանգության ավելի վստահելի կամ հեղինակավոր երաշխավոր:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կործանվեցին 3 կայսրություններ` Ավստրոհունգարիան, օսմանյան եւ ռուսական կայսրությունները, առաջին համաշխարհայինը վերապրած բրիտանական կայսրությունը փլուզվեց երկրորդից հետո՝ տեղը զիջելով ամերիկյան կայսրությանը, որի փլուզման ականատեսն ենք այժմ: Թե ով է փոխարինելու նրան, այնքան էլ պարզ չէ, բայց որ Միացյալ Նահանգներն այլեւս չունի նախկին ուժն ու հնարավորությունը՝ համաշխարհային առաջնորդի դերը պահելու համար, փաստ է:

Ավետիս Բաբաջանյան