Ոչ միայն Կադաստրի վկայական ունենք, այլեւ միջազգայնորեն հաստատված մուրհակ

Ոչ միայն Կադաստրի վկայական ունենք, այլեւ միջազգայնորեն հաստատված մուրհակ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հերթական անգամ ցնցեց հասարակությանը: Պարզվում է, որ Ալիեւը կարող է մի օր էլ կանգնել ու ասել, որ Հայաստանը չունի «կադաստրի վկայական»: Սա բավականին վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքին կարող է դառնալ հերթական նվեր-հաղթաթուղթը՝ մեծացնելով նրանց հավակնությունները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ: Ստացվում է, որ Ալիեւը կարող է մի օր էլ գալ ու ասել, որ մենք Հայաստանի Հանրապետության տարածքը զբաղեցրել ենք ապօրինի ու պետք է ազատենք այն: Փաշինյանի հայտարարությունն անհեթեթությունների այն շարքից է, որ մարդիկ արդեն հումոր են անում սրա շուրջ: Իսկ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներն այն բնորոշեցին որպես սենսացիոն:

Հայտարարության արձագանքը չուշացավ եւ մտավ Թուրքիայի ներքաղաքական գզվռտոցների մեջ. երկրի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննադատեց Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ «Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցք նախաձեռնելու համար»։ Ըստ Չավուշօղլուի. «Թուրքի ճանապարհն անցնում է Շուշայով, Ջաբրայիլի միջով, որտեղ նահատակների արյուն է թափվել, հին թուրքական Զանգեզուրով։ Այսօր նույնիսկ Հայաստանի վարչապետն է հայտարարում իր պատրաստակամության մասին՝ ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղի։ Ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից»։

Մինչ Փաշինյանը վախվորած սպասում է, թե Ալիեւն ինչ կարող է ասել, դոկտոր, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Հակոբ Այնթապլյանը «Հրապարակի» հետ զրույցում հիմնավորում է, որ մենք ունենք ոչ միայն ՀՀ-ի, այլեւ պատմական Հայաստանի «կադաստրի» վկայականը. «Մենք ունենք միջազգայնորեն հաստատված մուրհակ: Այդ մուրհակը Վիլսոնյան իրավարար վճիռն է, որով հաստատվում է Հայաստանի տարածքը՝ 104 հազար քառակուսի կմ-ով, որի մեջ են մտնում Վանը, Բիթլիսը, Կարինը, Տրապիզոնը: Այն հաստատել է Ամերիկայի նախագահը ՝ամերիկյան պետության կնիքով կնքել: Սակայն Հայաստանի կառավարությունը չի դիմել միջազգային դատարան՝ տեր կանգնելու մեր մուրհակին: Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը տեր չկանգնեցին այդ կարեւոր փաստաթղթին: Հարցի մեջ չեն խորացել՝ մտածելով, թե Թուրքիան կնեղվի, Ռուսաստանը կնեղվի: Այդ պետություններն իրենց շահի համար են մտածում, իրենց շահերն են առաջ տանում: Մենք ինչո՞ւ ենք սպասարկում իրենց շահերը: Մանավանդ որ Հայաստանը ճզմվում է երկուսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, Ռուսաստանի օժանդակությամբ»: Հարցին, թե այս իրավիճակում այդ պահանջը բարձր նշաձողի պահանջ չէ՞, դոկտորը պատասխանեց, որ դժվար չէ ու երբեք էլ ուշ չէ, եթե մտային վճռականություն ունենաս եւ ողջ հնարավորություններդ ներդնես այդ նպատակի համար: