Գյուղատնեսությանը անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ, այլ ոչ թե արտոնյալ վարկային բեռ

Գյուղատնեսությանը անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ, այլ ոչ թե արտոնյալ վարկային բեռ

Կառավարությունը կորոնավիրուսի բացասական տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով հաստատեց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրը: 
Կառավարության ցանկացած ծրագիր, բնականաբար,  պետք է միտված լինի ոլորտի խնդիրների լուծմանը կամ առնվազն նվազեցմանը: Ցանկացած ծրագիր, որը այս պահին կարող է աջակցել գյուղատնտեսությանը, գնահատում եմ դրական: Չնայած նրան, որ գործող կառավարությունն իր ձևավորման օրից սկսած գյուղատնտեսությունը հռչակեց տնտեսության համար գերակա ճյուղ, և ըստ էության 2019թ. վերընտրված կառավարությունը ևս իր տնտեսական զարգացման  ծրագրի հենասյուն հռչակեց գյուղատնտեսությունը, միևնույն է գյուղատնտեսությունը շարունակեց անկում ապրել և՛ 2018թ-ին՝ 7,2%-ով, և՛ 2019թ-ին՝ 4,2%-ով: 

2019թ.-ից մեկնարկեցին գյուղատնտեսության տարբեր ճյուղերի արտոնյալ վարկավորման պետական ծրագրեր, որոնք ունեցան բազմաթիվ շահառուներ, բայց, միևնույն է, գյուղատնտեսությունն այդպես էլ ցանկալի աճի տեմպեր չգրանցեց: Գնահատելով վերջին երկու տարվա արդյունքները, կարծում եմ կարելի է գնահատել առնվազն անբավարար: 
Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված, ցանկանում եմ մի անհասկանալի որոշում առանձնացնել՝գյուղատնտեսության նախարարության լուծարումը և այն Էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելը, որը, բնականաբար, իր բացասական ազդեցությունը թողեց ոլորտի վրա: Ընդհանրապես, պետությունը ստեղծում է կառավարման մարմիններ ըստ իր համար առաջնահերթ ոլորտների և տարօրինակ է, որ կառավարությունը հռչակում է գյուղատնտեսությունը գերակա ճյուղ՝ միաժամանակ փակելով ոլորտի կառավարման մարմինը:

Այսօր, Կառավարությունը շարունակում է ավելի ինտենսիվ կերպով վարել արտոնյալ վարկային քաղաքականությունը՝ փորձելով էժան ֆինանսական հոսքեր ապահովելու միջոցով ապահովել ոլորտի թռիչքաձև զարգացումը: Ակնհայտ է, որ այս ճանապարհը բավարար չէ. հասկանանք, թե ինչու: Ցանկացած տնտեսական գործունեության նպատակն է շահույթի կամ  եկամտի ստացումը: Այդ թվում մեր երկրում  գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի շահութաբեր: Դիտարկենք գյուղատնտեսության ճյուղերից մեկի՝ այգեգործության օրինակը: Առանձնացնենք երկու կարևորագույն գործոն, որոնք ուղղակիորեն ազդում են ոլորտի ներդրումային գրավչության վրա: Դրանք են՝ գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը և արտադրանքի սպառման շուկան: Նորություն չէ, որ Հայաստանում արտադրված գյուղմթերքի հիմնական շուկա է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը: Ռուբլու արժեզրկումը, իսկ մեր ազգային արժույթի կայունությունը, արդեն իսկ օրինաչափորեն բացասական հետևանք են թողել ռուսական շուկայում մեր գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության վրա, ինչը որ պարտադրում է աշխատել  գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ:  

Այգեգործության մեջ ինքնարժեքի վրա ազդում են աշխատուժը, ջուրը, գյուղտեխնիկան և թունաքիմիկատները: Կառավարությունն իր ծրագրով փորձում է լուծել ջրի և գյուղտեխնիկայի հետ կապված խնդիրները, սակայն համալիր մոտեցում ցուցաբերելու փոխարեն, ցուցաբերում է հատվածական մոտեցում: Ջրային ռեսուրսները և ոռոգման համակարգերը արդիականացնելու և արդյունավետ կառավարելու արդյունքում հնարավոր է հասնել կտրուկ ջրամատակարարման ինքնարժեքի նվազեցման, փոխարենը պետությունն առաջարկում է վարկավորել ոռոգման սեփական ցանցերի արդիականացումը (կաթիլային ոռոգման համակարգերի ներդնում), այն դեպքում, երբ ՀՀ-ն  ջրային ռեսուրսների պակաս չունի, այլ կորուստները նվազեցնելու կարիք ունի:    Համաձայն տարբեր մասնագիտական գնահատականների, ՀՀ տարածքում գտնվող գյուղտեխնիկայի 70%-ից ավելին խորհրդային ժառանգության հնամաշ և ծախսատար տեխնիկա է: Աջակցելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգին, արդեն հրապարակված պայմաններով, պետության կողմից խնդրին համալիր լուծում չի տրվում, ակնհայտ է, որ այդ աջակցությունից կկարողանան օգտվել սահմանափակ թվով շահառուներ: Ինչ վերաբերում է թունաքիմիկատներին, շուկան հիմնականում հագեցած է Չինաստանից էժան ներկրված, սակայն գյուղացու համար ոչ այդքան մատչելի գներով, ցածր որակի ապրանքով: Այս փաստը հուշում է, որ պետությունը պետք է օր առաջ տարբեր խրախուսման միջոցներով նպաստի տվյալ ոլորտում ներդրումների ներգրավվմանը:

 Այս փոքր օրինակով փորձեցի ցույց տալ համալիր ռազմավարական մոտեցման և հատվածական մոտեցման տարբերությունը:  Կարծում եմ, որ կառավարությունը չպետք է հույսը դնի այն բանի վրա, որ կորոնավիրուսի հետևանքով աշխարհում կտրուկ կավելանա գյուղմթերքի պահանջարկը, քանզի ինչպես մեր երկրում, այնպես էլ մյուս երկրներում, «սոցիալական հեռավորությունը պահպանելով», հնարավոր է աշխատել և գյուղ.մթերքարտադրել: Հավելյալ չծանրաբեռնելու համար, ոլորտային մյուս խնդիրներին կանդրադառնամ հաջորդիվ:

Տնտեսագետ Էդուարդ Պետրոսյան