Ոնց որ տանը 3 հատ պապա լինի, մամա չլինի

Ոնց որ տանը 3 հատ պապա լինի, մամա չլինի

Երեկ տեղի ունեցան «բաղձալի» արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Մինչև ուշ գիշեր քաղաքացիները սպասում էին Տիգրան Մուկուչյանի վերջին վրձնահարվածներին՝ իմանալու, թե ինչպիսի տեսք է ունենալու ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ արդար և թափանցիկ ընտրություններով ձևավորված խորհրդարանը՝ չնայած, որ վաղուց պարզ էր, թե որ ուժն է 7-րդ գումարման ԱԺ-ի «ռուլիտ անողը» լինելու։

Առաջատարը, իհարկե, պարզ էր, և ողջ ինտրիգը նրանում էր, թե ովքեր կլինեն «սթափեցնողները»։ Խոսքը բնականաբար ընդդիմության մասին է։

8.27 տոկոս քվե հավաքած և 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ԲՀԿ-ի առաջնորդը ընտրատեղամասից դուրս գալուց հետո հպարտորեն հայտարարեց, որ չի պատրաստվում քննադատել Փաշինյանին, քանի որ առաջին իսկ օրերից, ինչպես ինքն ասաց, աջակցել է նրան։

6.38 տոկոս ձայնով 3-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստանն» էլ 3-րդ տեղում է, որը ամիսներ առաջ նույն «ՔՊ»-ի հետ մեկ դաշինքում էր, ապա իշխանության մեջ՝ գոնե մեկ նախարարի պորտֆել ուներ։

Թվում է, թե «ընդդիմություն- չընդդիմություն» դիլեման միայն նեղ շրջանակներին է հետաքրքրում՝ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ և այլն, իսկ մյուսներին էլ բավական է միայն այն, որ իրենց սիրելի ուժը անցել է խորհրդարան։ Սակայն կան քաղաքացիներ, որոնք բառիս բուն իմաստով մտահոգ են, հետաքրքիր հարցադրումներ են անում ու ուշագրավ օրինակներ բերում։

Առավոտյան տաքսի նստելիս առաջին արտահայտությունը, որ լսեցի վարորդից, հետևյալն էր, «Ախպեր, բա հիմա ո՞նց ա լինելու՝ ընդդիմություն չանցա՞վ խորհրդարան»։ Հարցի ենթատեքստը, իհարկե, հասկանալի էր, սակայն չհասկանալու տվեցի ու ասացի՝ «Անցավ, ո՞նց չանցավ, բա ԲՀԿ-ն ու Լուսավորը անցան, իրենք ընդդիմություն են»։ Պատասխանս զարմացրեց վարորդին, իսկ իր արձագանքն էլ ինձ զարմացրեց․«Հիմա դու մտածո՞ւմ ես, որ ԲՀԿ-ն ու Լուսավորը Նիկոլին քննդատելո՞ւ են, այ ախպեր, իրենք իրար հետ չէի՞ն»։ Վարորդի այս պնդումներին տեղի տվեցի՝ ասելով «դե, հա», ինքն էլ ոգևորված շարունակեց․ «Գիտես՝ դա ինչի՞ ա նման, ոնց ասեմ, ոնց որ տանը 3 հատ պապա լինի, մամա չլինի։ Երեխուն համ հոր խստությունն ա պետք, համ մոր քնքշությունը, հիմա նույնը երկրի դեպքում ա, համ իշխանություն ա պետք, համ էլ ընդդիմություն»,- խոսքը եզրափակելով ու ընտրությունների թեման փակելով ասաց տաքսու վարորդը։