11 տարի անց առաջին մարդն եք, որ հետաքրքրվում եք Մարտի 1-ի մասին եզրակացությամբ

11 տարի անց առաջին մարդն եք, որ հետաքրքրվում եք Մարտի 1-ի մասին եզրակացությամբ

Մայիսի 13-ին մեկնարկելու է Մարտի 1-ի գործով դատավարությունը, որում  որպես մեղադրյալներ եւ վկաներ ներգրավված են  ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տասնմեկ տարվա հեռավորությունից այսօր կրկին հիշվում, հրապարակվում են 2008թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին վերաբերող բազմաթիվ փաստեր, վկայություններ, պաշտոնյաների ցուցմունքներ, որոնք փորձում են ամբողջացնել այդ օրվա իրադարձությունների պատկերը։ 
Շոթա Վարդանյանը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, մինչեւ 2012թ․վերջը ՀՀ գլխավոր դատաբժիշկն էր, դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավարը։ 2008թ․ ԱԺ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստում, երբ ցուցադրվել էր ընդդիմության ձեւավորած հասարակական հանձնախմբի տեսանյութը, որում պատկերված էին գետնին ընկած ծնոտի եւ ոսկրային այլ կտորներ,  Շոթա Վարդանյանը հայտարարել էր, թե «տվյալ ոսկրային բեկորները մարդու մարմնամասեր չեն, այլ խոճկորի մարմնամասեր են․ այտոսկրը երիտասարդ խոճկորի է, իսկ լեզուն կա՛մ ոչխարի է, կա՛մ հորթի»։ Կադրում երեւացող հեղուկն էլ, ըստ Վարդանյանի, արյուն չէ, այդքան արյուն չէր կարող թափվել։ 

«Օգտագործված է եւ՛ ստվերը, եւ՛ ինչ-որ հեղուկ։ Երկուսն իրար հետ են օգտագործել, ու շատ խելոք մոնտաժ է»,- ասել էր նա։ Նա պնդել էր նաեւ, որ այդ օրը տասնյակ ոստիկաններ ստացել են հրազենային վնասվածքներ, ինչը հետո հերքվել էր։ 
Շոթա Վարդանյանն այսօր Երեւանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի վարիչն է։ 

Հետահայաց փորձեցինք Շոթա Վարդանյանից իմանալ, թե այսօր, տասնմեկ տարի անց, երբ տեղի է ունեցել իշխանափոխություն,  Մարտի 1-ի գործի քննությունն է ընթանում, ի՞նչ կարծիքի է նա նախկինում իր հնչեցրած հայտարարության մասին, փոխվե՞լ է այն, թե՞ ոչ։ Արդյո՞ք նա ժամանակին եզրակացություն է տվել իշխանությունների ճնշման ներքո, թե՞ ոչ։ Շոթա Վարդանյանը, սակայն, հրաժարվեց հարցազրույցից եւ մեզ ուղարկեց ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Երեւան քաղաքի բաժնի վարիչ Շավարշ Գեւորգյանի մոտ։ 

Շավարշ Գեւորգյանի հետ մեր հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։

-2008թ․ Դուք եզրակացություն եք տվել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցադրված կադրերի վերաբերյալ։ 

-Այն ժամանակ ստեղծվել էր հանձնաժողով այդ հարցերին պատասխանելու համար։ Ստույգ չեմ հիշում, բայց վեց-յոթ հոգի մարդ կար, ես նախագահն էի։ 

-Իսկ Դուք հանձնաժողովի եզրակացությունը ո՞ւմ էիք հանձնել՝ քննչական մարմինների՞ն։

-Ես չեմ հանձնել, իրենք գալիս, ստանում, տանում են։ Մենք հանձնում ենք կենտրոնի գրասենյակ, իրենք գրասենյակից ստորագրում, տանում են եզրակացությունը։ Փորձաքննությունը եղել է տրված հարցերի շուրջ։ Իսկ եզրակացության մասին իրավունք չունեմ թեկուզ մեկ բառ ասելու։  Հարցեր մի՛ տվեք։ Մանրամասն գրված է այնտեղ։ Հանձնաժողովը առաջատար մասնագետների եզրակացության հիման վրա տվել է վերջնական եզրակացություն։ 

-Իսկ ովքե՞ր էին այդ առաջատար մասնագետները։

-Չեմ կարող անուններով հիշել ու ասել, տասնմեկ տարի է անցել։ Հիշում եմ, որ եղել է Գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժության ֆակուլտետի անատոմիայի բաժնի վարիչը, եղել են դիմածնոտային վիրաբույժներ, անատոմիայի ամբիոնից է եղել մասնագետ, եթե չեմ սխալվում՝ եղել է նաեւ ստոմատոլոգ։

-Իսկ ո՞ր օրենքով է Ձեզ արգելվում եզրակացության մասին խոսել, մանրամասներ հաղորդել։

-ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներով է սահմանվում (Փորձագետը առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չպետք է հրապարակի իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաեւ՝ դռնփակ դատական նիստի ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունը)։ 

-Չե՞ք հիշում, թե քանի էջից էր բաղկացած հանձնաժողովի եզրակացությունը։

-Ես տարեկան հազարավոր թերթ նյութ եմ գրում, ո՞նց կարող եմ հիշել, թե այդ մեկը քանի թերթ է եղել։ Օր է լինում, որ ես 15-20 թերթ եմ գրում, ո՞նց կարող եմ հիշել, թե այդ եզրակացությունը քանի թերթից է եղել։ 

-Նախկին իշխանությունների կողմից ժամանակին եղե՞լ են Ձեր նկատմամբ ճնշումներ։

-Իշխանությունը չի կարող ճնշել, որովհետեւ ստորագրում եմ ես, պատասխան եմ տալիս ես։ 

-Զանգե՞ր էլ չեն եղել իրավապահ մարմինների, բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից։

-Չէ, արդեն Դուք ուրիշ հարցեր եք տալիս, անցնում եք քաղաքական թեմայի։ Ինչո՞ւ պիտի ինձ զանգեին, երբ ես ստորագրում եմ եզրակացության տակ։ Ես չեմ կարող սխալ բան ասել, որովհետեւ միայնակ չեմ, հանձնաժողովն է որոշում դա։ Նրանք տարբեր բնագավառների մասնագետներ են։ 

-Իշխանափոխությունից հետո  սկսվել է Մարտի 1-ի գործի քննությունը, մարդիկ գնում, ցուցմունքներ են տալիս, օրեր անց կսկսվի նաեւ դատավարությունը։ Այս ընթացքում իրավապահ մարմինները դիմե՞լ են Ձեզ, հարցրել են Ձեր կարծիքը։

-Ոչ ոք չի հետաքրքրվել։ Առաջին մարդն եք, որ այդ գործով հետաքրքրվում եք։ Հնարավոր է, որ կանչեն։ Առաջինը Դուք եք, որ հետաքրքրվում եք, ինձ հարցեր եք ուղղում։ Իսկ իմ նկատմամբ չի եղել որեւէ ճնշում։