Պետրոսը դարձել է մեղքերի թողության քեչա․․․

Պետրոսը դարձել է մեղքերի թողության քեչա․․․

Հոգեբանության մեջ այսպիսի բան կա՝ երբեք մի արդարացիր։ Եթե սխալ ես՝ ներողություն խնդրիր, ընդունիր սխալդ, եթե վրիպում ես թույլ տվել, ընդունիր վրիպումդ։ Եթե ճիշտ ես, բայց սխալ են հասկացել քեզ, ներողություն խնդրիր, որ չես կարողացել ճիշտդ այնպես ներկայացնել, որ հանրությունը հասկանա քեզ։ Հիմա կոնկրետ։ Տիգրան Ավինյանը մեծ- մեծ վեր էր կացել ու եկել Պետրոս Ղազարյանի մոտ զրույցի։ Նույնիսկ անփորձ լրագրողը կհասկանար նրա փորացավը։ Եկել էր, որ արդարանա։ Ահագին բացասական ֆոն էր ստեղծվել, երբ պայթյունի վայրում հայտարարել էր, որ եկել է պայթյունի վայր որպես քաղաքապետի թեկնածու։ Անհրաժեշտ էր անհապաղ շտկել, որովհետև բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչ բացասական գրառումներով արձագանքեցին նրան։ Ահա թե ինչպես փորձեց արդարանալ Ավինյանը․ «․․․քաղաքական հայտարարություն, կարելի է ասել, որպես այդպիսին չի եղել, մի լրագրող 3 անգամ հարցնում է` դուք Երեւանի քաղաքապետի թեկնածու եք, ես ասում եմ` այո, դա այդպես է․․․»։

Լավ, չի՞ մտածում, որ էս ժողովուրդը ոչխար չի, տեսանյութն էլ կա, կմիացնի ու կտեսնի, որ ինքը բաց է թողել ամենակարևոր մասը։ Բայց ինչպես միշտ, իրենք «խալաստոյ կրակում են» , մտածում են՝ կարևորը ձենն է։ Լրագրողի հարցը՝ «Դուք էստեղ եք որպես քաղաքապետի թեկնածու՞» լրիվ այլ բան է։ Լրագրողն ուզում է իմանալ թե Ավինյանը որպես ինչ է ներկայացել պայթյունի վայր։ Հարցի մեջ մի քիչ պրովոկացիա կա, բայց դա լրագրողական աշխատանք է, և լրագրողն իրավունք ունի կեռումեռ հարցերի միջոցով պարզել պաշտոնյայի դիրքորոշումը։

Ավինյանը պատասխանում է, բառացի․ «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։ Ինքը կարող էր ասել, որ պայթյունի վայր է եկել որպես ՀՀ քաղաքացի կամ որպես պաշտոնատար անձ՝ կոնկրետ դեպքում որպես փոխվարչապետ, բայց նշել, որ պայթյունի վայր է եկել որպես քաղաքապետի թեկնածու, այն դեպքում, երբ երևի մի քանի մարդ էր իմանում դրա մասին, ուղղակի զավեշտ է։ Առավել քան զավեշտալի է, երբ լրագրողի հարցը ձևափոխում է՝ «մի լրագրող 3 անգամ հարցնում է` դուք Երեւանի քաղաքապետի թեկնածու եք, ես ասում եմ` այո, դա այդպես է․․․»։

Պետրոսը դարձել է մեղքերի թողության քեչա․․․ Որ պաշտոնյա մեղա գալ է ուզում, գալիս քեչի վրա ծնկում է։