Մեր միակ դաշնակիցն արկածախնդրության մերժումն է՝ առերեսվելով իրականության հետ

Մեր միակ դաշնակիցն արկածախնդրության մերժումն է՝ առերեսվելով իրականության հետ

Մարդկության դեմ կատարված ոճրագործության՝ ցեղասպանության պաշտոնապես ճանաչման եւ դատապարտման համար միջազգային դիվանագիտության մեջ երկու շեմ գոյություն ունի։ Մեկը բարոյական (ոչ ռիսկային) շեմն է, երբ տուժած ժողովուրդը եւ պետությունն այլ պետության կողմից արժանանում են պաշտոնական ցավակցական խոսքի եւ մարդասիրական գուրգուրանքի՝ աջակցության։ Մյուսը քաղաքական (ռիսկային եւ ոչ հավանական) շեմն է, երբ ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկիրը (եթե չկա շահերի համընկնում) տուժած երկրի նկատմամբ ստանձնում է պաշտոնական լուրջ գործառույթներ՝ վտանգելով իր երկրի պետական շահը, ժողովրդի անվտանգությունը եւ պետականությունը։ Հայաստանում առկա քաղաքական որակների պայմաններում արժանանում ենք պաշտոնական ցավակցությունների, համերաշխ ապրելու կոչերի, հումանիտար աջակցությունների, քանզի ներկայիս Հայաստանի Հանրապետությունը 25 տարի արժանապատիվ պետությունների ընտանիքից օտարվածի կարգավիճակում է հայտնվել։ Դրան նպաստում են հայոց իշխանությունների՝ բովանդակությամբ՝ կոշտ պահանջատիրական, ձեւով՝ ոչ դիվանագիտական (զգացմունքային) որակներ պարունակող հայտարարությունները։ Ի դեպ, այդպես իշխանությունները քաջալերում են հակառակորդ կողմին, խրտնեցնում Հայաստանի նկատմամբ քիչ թե շատ բարյացակամ տրամադրված պետություններին։

Որպես հայության գլխին եկած մեծագույն աղետ՝ 1965-ից այս կողմ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են 30-ից ավելի երկրներ։ Հիշեցման կարգով․ գրեթե երկու տասնամյակ առաջ հայոց մեծ ողբերգությունը պաշտոնապես դատապարտեց Ռուսաստանը։ Վերջերս՝ երեք տարի առաջ, ճանաչեց եւ դատապարտեց Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ ինչ, «նվեր» ստացանք քառօրյա, 44-օրյա եւ այլ «մանր-մունր» պատերազմներ։

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ պատեհ համարեցինք վերընթերցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին հրատարակված ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթների, հոդվածների, հարցազրույցների «Հայոց ցեղասպանությունը» ժողովածուն, վերհիշել եւ վեր հանել պետականության, պետականություն ունեցող ազգի դիտանկյունից որոշ մտքեր։ Ահա դրանցից մի քանիսը։

- Ինչպես հայտնի է, 1990-ական թվականներին Հայաստանի իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ներդաշնակ եւ բացառապես պետության շահերից բխող իրատեսական քաղաքականություն։

- Ցանկացած իրավիճակում պետության ղեկավարից պահանջվում է լիակատար սառնասրտություն եւ պահի թելադրանքին չենթարկվելու կամ հապշտապ ու չհաշվարկված որոշումներ չներկայացնելու անհրաժեշտ կարողություն։

- Պետությունը որեւէ խնդիր իր քաղաքական օրակարգում կարող է դնել ու հետապնդել միայն այն ժամանակ, երբ դրա համար առկա են անհրաժեշտ ռեսուրսներ եւ համոզիչ հաշվարկներ։

- Ժամանակն է, վերջապես, գիտակցել, որ քաղաքականության եւ իրավագիտության մեջ «պատմական իրավունք» հասկացություն գոյություն չունի, չի կարելի աշխարհի հետ խոսել այդ լեզվով՝ անմեղսունակի վիճակում չհայտնվելու համար։

- Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո միջազգային հանրությունը 1994 թվականին ստիպված եղավ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության իրավահավասար՝ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար լիարժեք կողմ։

- Ի՞նչ ասաց Ռոբերտ Քոչարյանը․ ասաց՝ Ղարաբաղի նախագահն եմ եղել, հիմա Հայաստանի նախագահն եմ, ես կարող եմ ներկայացնել ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, պետք չէ, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին։ Այդպիսի մի նվեր արեց Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը, որ նրանք ապշեցին։

- Ինքնախաբեությամբ զբաղվենք եւ զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա խնդիրը։ Մենք ենք լուծելու, եւ լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով։ Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է։

- Մի՞թե մեծ խելք է պետք հասկանալու համար, որ ինչպիսի իշխանություն լինի Ռուսաստանում, միեւնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ իր կազմում ունի քսան Ղարաբաղ։

- Ոչ մի երկիր Հայաստանի իշխանությունների պահանջով չի ճանաչել Ցեղասպանությունը եւ երբեք չի ճանաչի։ Որեւէ երկիր դա կարող է անել երկու պարագայում։ Առաջին՝ եթե այդ երկրում կա ուժեղ համայնք, որը, հատկապես ընտրությունների ժամանակ, խնդիր է ստեղծում իր իշխանությունների համար, եւ նրանք ընդառաջում են։ Երկրորդ՝ եթե աշխարհաքաղաքական նկրտումներով դա իրենց ձեռնտու է, իրենց պետք է։

- Քանի՞ անգամ պետք է ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե մեր՝ հայերիս, այլ իրենց՝ թուրքերի գործն է։ Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը։ Բայց տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջեւ բարիդրացիության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումից հետո։ Հետեւաբար, զգացմունքները մի կողմ թողնելով, այդ հարաբերությունները պետք է կառուցել՝ մեկնելով այն իրողությունից, որ 1915 թվականի իրադարձությունները Հայաստանը համարում է ցեղասպանություն, իսկ Թուրքիան՝ ոչ։ 

- Առանց հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հայաստանը բարդություններով հղի մեր տարածաշրջանում տնտեսապես զարգացման եւ անվտանգ գոյության հեռանկար չունի։

- 1998թ․ փետրվարի 3-ի հրաժարականի իմ ուղերձում նշում էի, որ «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված է պետականության հիմնադրույթների․․․ հետ»։

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ