Հայերի պար գալը կամրջի վրա՞ է բռնում

Հայերի պար գալը կամրջի վրա՞ է բռնում

Կարո՞ղ եք ասել, թե ինչ ընդհանուր բան կա ՀՀ համարյա բոլոր քաղաքական գործիչների եւ ղեկավարների գործունեության միջեւ: Նրանց չի մտահոգում, թե ինչ ազդեցություն կունենան իրենց որոշումներն ու գործողությունները հասարակ մարդկանց կյանքի վրա: Նրանց բացառապես հետաքրքրում է իշխանության գալը եւ իշխանությունը չկորցնելը: Նաեւ՝ իրենց եւ իրենց մերձավորների շահերն ու ամբիցիաները: Հայերն անհանգիստ բնավորություն ունեն: Անհամբեր են, սիրում են «ցցվել», ինչպես կասեր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը: Երբ արդեն պարզ էր դարձել, որ Սովետմիությունը կործանվելու է, ԽՍՀՄ ժողովուրդները համբերատար, առանց կտրուկ քայլերի սպասում էին այդ՝ մինչեւ ատամները զինված երկրի բնական մահին: Ընդսմին, Սովետմիության կազմում հայտնված համարյա բոլոր ժողովուրդներն ունեին տարածքային վեճեր: Այդպես էր ցանկացել Ստալինը, ով ուսումնասիրել էր գաղութարարների քաղաքականությունը եւ ցարական Ռուսաստանի ժողովուրդների պատմությունը:  

Բոլորը, շունչները պահած, որ չհայտնվեն մեռնող գազանի դրբի տակ, սպասում էին: Որովհետեւ հասկանում էին, որ կայսրության փլուզումն ինքնին աղետներով լի սթրես է: Առաջինը «ցցվեցին» հայերը՝ պահանջելով ԼՂԻՄ-ը միավորել ՀԽՍՀ-ի հետ: Արդյունքում ստացան բազմապատիկ անգամներով շատ եւ մեծ աղետներ: Հայերի ցանկությունը համընկավ ԽՍՀՄ ղեկավարների ցանկության հետ, որոնք, ցարական Ռուսաստանի օրինակով, որոշել էին կայսրության ծայրամասերում բնակվող ժողովուրդների միջեւ գրգռել հակամարտություններ եւ այդպիսով պահպանել իրենց ազդեցությունն այդ հանրապետությունների վրա: Որպես քաղաքական այդ ծրագրի հեղինակ՝ նշում են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին ղեկավար Անատոլի Լուկյանովին, չնայած նախկին ժողպատգամավոր Վիկտոր Ալկսնիսը վիճարկում է՝ ասելով, որ գաղափարի հեղինակն ինքն է եղել: 

Ինչեւէ, հայերը «ցցվեցին» եւ ստացան հոգեվարքի մեջ գտնվող «գազանի» պատասխանը. Ադրբեջանում հայերի ջարդերի հետեւանքով այդ հանրապետության հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան արտագաղթել, Երեւանում հատուկ դրություն մտցվեց, եւ եղան զոհեր: Հետո սկսվեցին «մթի եւ ցրտի» 3 ահավոր տարիները, որոնք խլեցին բազմաթիվ կյանքեր, ոչնչացրին մեր տնտեսությունը եւ ստիպեցին արտագաղթել ՀՀ բնակչության շուրջ մեկ երրորդին, ինչը կոտրեց հպարտ հայաստանցիների մեջքը: Սկսվեց անվերջանալի պատերազմ՝ հազարավոր զոհվածներով, որն արդեն իսկ տեւում է 3 տասնամյակ եւ դեռ չի ավարտվել: Ոմանք նույնիսկ համարում են, որ 1988-ի երկրաշարժը նույնպես արհեստածին էր: Եվ դա չի բացառվում, քանի որ հայտնի է, որ Սովետմիությունն այդ պահին արդեն իսկ ուներ արհեստական երկրաշարժեր ստեղծելու ունակ տեկտոնիկ զենք, եւ 1988-ի նոյեմբերին արդեն ցույցերն այնպիսին էին, որ սովորական զենքով զինված բանակն ի վիճակի չէր կանգնեցնել դրանք: 

Եթե այդ աղետները չլինեին, մենք էլ, ինչպես բալթյան հանրապետությունները, կլինեինք ԵՄ անդամ երկիր՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Եվրամիության բարյացակամ վերաբերմունքը ՀՀ-ի հանդեպ: Նաեւ՝ կշարունակեինք ստանալ Միացյալ Նահանգների միլիարդավոր դոլարների աջակցությունը, որը խիստ կրճատվեց մարտիմեկյան իրադարձություններից հետո: Ստիպված չէինք լինի ահռելի ծախսեր կատարել բանակի վրա ու կոպեկներով վաճառել ստրատեգիական նշանակություն ունեցող եւ եկամտաբեր մեր ունեցվածքը Ռուսաստանին:

Այսօր նորից նման իրավիճակ է՝ նախկին ԽՍՀՄ երկրները համբերատար սպասում են, թե ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում, իսկ մեր քաղաքական գործիչները պահանջում են կատարել կտրուկ քայլեր՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից: Մինչդեռ չի բացառվում, որ մի քանի ամիս անց շատ հարցեր լուծվեն ինքնըստինքյան՝ առանց զոհերի եւ աղետների: Այն, որ մեր վզին փաթաթած ՀԱՊԿ-ն մեզ ոչնչով չի օգնելու, պարզ էր հենց առաջին օրվանից: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին…  

Երբ Հայաստանը որոշեց միանալ այդ միությանը, ՀՀ համապատասխան կառույցները կազմակերպեցին գործարարների հետ հանդիպում, որտեղ պետք է հիմնավորեին այդ նախաձեռնության կարեւորությունը: Լրագրողները լսեցին գործարարների բողոքները, ովքեր արդեն իսկ հանդիպել էին բազմաթիվ դժվարությունների, չնայած Հայաստանի վրա դեռ չէին տարածվել ԵԱՏՄ բոլոր պահանջները: Ոչ մի դրական խոսք չեղավ: Երբ այդ բողոքներից հետո իշխանության ներկայացուցիչներին հարցրի, թե կարո՞ղ են նշել գոնե մի դրական հետեւանք, նրանք կարողացան միայն ասել, որ ապրանքատեսակներից մեկի գինն իջնելու է… Այսօրվա կտրուկ քայլերի ջատագովները ձմռան շեմին անվրդով նշում են, որ գազի գինը կթանկանա, նույնիսկ կարող են կրկնվել «մութն ու ցուրտը»: Փոխարենը՝ Արեւմուտքից շտապ կստանանք զենք, որի օգնությամբ կկարողանանք դիմակայել Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ բանակին: 

Սիրելիներս, դա այդքան շուտ չի կարող լինել: Գոնե սպասեք՝ ձմեռն անցնի: Եվրոպան, նույնիսկ Միացյալ Նահանգներն այսօր ավելորդ զենք չունեն, որ տան Հայաստանին: Համարյա բոլոր պաշարները սպառվելու վրա են, քանի որ ուղարկվել են Ուկրաինա: Դրանք սովետական, նաեւ արդեն իսկ ԱՄՆ զինանոցից հանված զենքերն էին, որովհետեւ նորագույնները նրանք չեն մատակարարում նախկին ԽՍՀՄ երկրներ՝ վախենալով, որ դրանք կընկնեն իրենց հակառակորդների ձեռքը եւ կկրկնօրինակվեն: Քանի որ պարզվեց, որ նույնիսկ զինանոցից այդ հանվածները գերազանցում են ռուսական եւ չինական նորագույն զինատեսակներին: 

Ճիշտ է, ԱՄՆ իր ռազմարդյունաբերության համալիրին հրահանգել է՝ անցնել գործի եւ արտադրել զենքերի նոր խմբաքանակներ, բայց դա ժամանակ է պահանջում: Ավելին, եթե նույնիսկ մեզ տրամադրեն այդ զինատեսակները, բավականին ժամանակ կպահանջվի, որ մեր զինվորները վարժվեն դրանց: Սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ բանակին միայնակ դիմակայելու կարիքը չկա: Առավել եւս, որ դա, անկասկած, մեր ուժերից վեր է: Ամերիկան ի վիճակի է զսպել Բաքվի ագրեսիվ նկրտումները, ինչն ապացուցվեց սեպտեմբերին: Այնպես որ, զսպեք «ցցվելու» ձեր ցանկությունը, ինչը նոր դժբախտություններ է բերելու նախկին ձեր գործընկերների գործողությունների պատճառով բազմաչարչար դարձած մեր ժողովրդին:

Նույնիսկ այն դեպքում, եթե ճիշտ են պնդումները, թե, անկախ մեր քայլերից, մեզ պատժելու են այն բանի համար, որ չենք համաձայնում երկրորդ անգամ կապիտուլացվել, էլի պետք չէ «ցցվել»: Այլապես, մեր գլխին բերած աղետների կազմակերպիչները կկարողանան խաբել, թե մեղավորը մեր կտրուկ քայլերն էին:

Գրիգոր Էմին-Տերյան