Սոչիի դեպքերը

Սոչիի դեպքերը

Դուք հիմա ինչի՞ց կամ ումի՞ց եք հիասթափվել: Կարիք չկա հիասթափվելու: Դա 44-օրյա պատերազմից հետո Պուտին-Ալիեւ հերթական հանդիպումն էր, որին մասնակցում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ՝ այս անգամ մեր վարչապետն ավելի լավ տեսք ուներ եւ ավելի հանգիստ էր, քան նախորդ հանդիպումների ժամանակ, երբ թարսումարս հայացքներ էր նետում Ալիեւի կողմն ու վախեցնում նրան: Փաշինյանի հայացքն այս անգամ շատ կենտրոնացած էր իր առջեւ ինչ-որ կետի, դեմքի միմիկան չէր շարժվում, աչքերը չէին վազվզում բնիկներում: Ճիշտ այդպես ես էի նստած հեռուստաէկրանի առջեւ ու հետեւում էի Սոչիի անցուդարձին: Ուզում էի մի բան ասել, վիճել Պուտինի հետ, երբ նա ամփոփում էր հանդիպումը, բայց ո՞վ էր ինձ լսելու տնեցիներից բացի… Կարճ ասած՝ Նիկոլը ֆիզիկապես Սոչիում էր, բայց եթե չլիներ էլ, հայտարարության նույն տեքստն էր ընդունվելու՝ առանց Լեռնային Ղարաբաղի հիշատակության, առանց ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից հանելու եւ գերիների վերադարձի պահանջների: «Խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման վայրեր»՝ սա այն է, ինչ հայտարարության մեջ է մտել որպես Արցախի Հանրապետության մասին հիշատակություն:

Չեմ կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանը նույն դիրքով ու նույն հայացքով է եղել փակ դռների հետեւում տեղի ունեցած «եռակողմ» բանակցությունների ժամանակ: Հավանաբար մի հարց տված կլինեն, ինքն էլ մի բան պատասխանած: Բայց հայտարարության մեջ դա ոչ մի կերպ արտահայտված չէր: Պուտինը հանդիպումը գնահատեց «օգտակար»: Ո՞ւմ համար՝ չիմացանք: Կոնկրետ իր կարմրատակած դեմքը հուշում էր, որ Ալիեւը անակնկալ է մատուցել: Ինչ իմանաս՝ ինչ անակնկալ՝ Ղարաբաղի հարցը լուծել եմ, միջանցք պիտի տաք, Սեւանի կեսը, Սյունիքը, Արարատի մարզը, Տավուշի անկլավները… Մի խոսքով՝ Փաշինյանի համար հաստատ ոչ մի օգտակար բան չկար հայտարարության մեջ, իսկ Ռուսաստանի մասով էլ դեռ պետք է հասկանալ, թե Ռուսաստանին ինչեր է խոստացել Ալիեւը վերոթվարկյալ նվերների դիմաց: Հայտնի հայ քաղաքագետներ պնդում են, որ Պուտինն առաջնորդվում է Ռուսաստանի շահերով: Նրանք միանգամայն ճիշտ են, բայց մի՞թե Ռուսաստանը որեւէ շահ չունի Հայաստանում եւ արդյոք Հայաստա՞նը չէ, որ կանգնած է Թուրքիայի ճանապարհին, որպեսզի վերջինս Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական միասնական պետություն չստեղծի եւ Ռուսաստանին վերջնականապես դուրս չմղի տարածաշրջանից: Պուտինը, ասում են քաղաքագետները, դրա մասին էլ է մտածել: Նա Նիկոլին կպահի ՀՀ վարչապետի պաշտոնում, որպեսզի Հայաստանը հանկարծ չխանգարի իրեն Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ խաղում: Հայաստանի ավելի հեզ ու հլու ղեկավար քան Նիկոլն է, էլ որտեղի՞ց է ճարելու:

Նման մտքեր մեր քաղաքագետները պատահաբար չեն հղացել: Նիկոլ Փաշինյանն է նրանց տվել բոլոր հիմքերն այդպես մտածելու: Հապա հիշեք Սոչի մեկնելու նախօրյակին ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ Մենք համաձայն ենք Ռուսաստանի բոլոր առաջարկներին, մնում է տեսնել՝ Ռուսաստանն ինքը կկարողանա՞ պաշտպանել իր առաջարկները: Սա նշանակում է, որ Փաշինյանը Սոչի էր գնում բացառապես լուռումունջ նստելու եւ Պուտին-Ալիեւ հանդիպմանը «եռակողմ» ֆորմատ հաղորդելու:

Այսուհանդերձ Սոչին Փաշինյանի համար առանց միջադեպերի չանցավ: Պուտինի հետ ողջույնի խոսք փոխանակելիս անգամ կարդում էր ասելիքը, որ հանկարծ մեկ միլիմետր չշեղվեր Պուտինին եւ ռուսական առաջարկները գովաբանելիս: Եթե չեմ սխալվում նույնիսկ Պրահայի հանդիպման մասին էլ հիշեց, սակայն դա էլ դրեց ռուսական առաջարկների համատեքստում, թե Պրահայում այդ առաջարկների ներքո ենք բանակցել Ալիեւի եւ մյուսների հետ:

Դե իսկ ամենազավեշտալի դեպքը կապված է Վլադիմիր Պուտինի հովանոցի հետ: Դա պատճառ դարձավ, որ Ֆիքսվի Հայաստանի տեղը Ռուսաստանի հովանու ներքո հետագա բանակցություններում: Պուտինի բռնած հովանոցի տակ կանգնելը մեսիջ չէ՞ր արդյոք միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս վերջնականապես ձեռք քաշի Նիկոլից, որպես իր համախոհի: Այսպես ասած՝ «սարքեցի՞ն Նիկոլի գլխին», թե՞ ինքնաբերաբար ստացվեց: Փաշինյանը, դուրս գալով մեքենայից եւ տեսնելով իրեն դիմավորելու եկած պուտինին, այնպես վազեց դեպի նա, որ հովանոցը չկարողացան հասցնել հետեւից: ՔՊ-շնիկներն այդ միջազգային սկանդալը ներկայացրեցին որպես Նիկոլի ուժի եւ ազդեցության նշան, թե տեսա՞ք, Պուտինն էր Նիկոլի գլխին հովանոց պահել: Ի՞նչ իմանան խեղճ ՔՊ-շնիկները, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ լինելուց զատ նաեւ դրանից ոչինչ չհասկացողներին ծուղակի մեջ գցելու լավ հնարավորություն է:

ՀԳ. Չմոռանամ նշել, որ Կոպիրկինը հասցրել է մեզ ուրախացնել: Ղարաբաղի հարցով հետո են խոսելու, հաջորդ հանդիպումներին: