Պատառիկ մեր իրականությունից

Պատառիկ մեր իրականությունից

Չէի պատկերացնում, որ 21-րդ դարի առաջին քառորդի Հայաստանում սեփական փորձառությամբ կդիտարկեմ խորհրդային վատ երևույթներից մեկի «վերադարձը»: Այնինչ դրան անձամբ բախվեցի երեք-չորս օր առաջ՝ կորցնելով իմ թանկարժեք ժամանակից մի քանի ժամ: Այո, թակարժեք՝ չնայած թոշակառու լինելուս, որովհետև ես այն ծախսում եմ բանականորեն: Հաշվի եմ առնում այն հանգամանքը, որ Աստծո (կամ բնության) կողմից ինձ բաց թողնված ժամանակահատվածի մեծ մասն արդեն անցել է: Եվ այդ պատճառով էլ, ի տարբերություն օտարների, ինքս իմ ժամանակը շատ թանկ եմ գնահատում: Ի դեպ, պետք է թոշակառուի տարիքին հասնեի, որպեսզի հասկանայի, որ այդ կարգավիճակում ժամանակի խնդիր չունենալը խիստ հարաբերական երևույթ է:

Ինչևէ, նկարագրեմ տեղի ունեցածը: Այդ օրը որոշել էի փակել աղբահանության և անշարժ գույքի հարկը վճարելու հարցը: Ինչն, անկախ իմ կամքից, նախորդ օրը մնացել էր անավարտ փոստի ծրագրային խնդրի առնչությամբ: Ասեմ, որ Էռնեկյանի ներդրումների շնորհիվ պետական այդ կազմակերպության բաժանմունքները նորմալ տեսք են ստացել: Սակայն ծրագրային խնդիրն այդպես էլ չկարգավորվեց: Երևի սպասում է հաջորդ ներդրողին: Ինչևէ, անցնենք առաջ:

Մեկ ժամ թաղամասի փոստային բաժանմունքում անցկացնելուց հետո՝ երբ հասավ հերթս, իմացա, որ համակարգիչը կրկին «կախել» է: Դա արդեն ճակատագրի խաղ էր: Ինձ ասվեց, որ ես պետք է վարչական շրջանի ղեկավարությունից (մի ժամանակ դա թաղապետարան էր կոչվում) ստանամ աղբահանության ծառայության և տեղական հարկի վճարման համար անհրաժեշտ ծածկագրերը ու դրանցով ներկայանամ որևէ բանկ: Թե ինչու թվայնացման մեր դարում առևտրային բանկերը չպետք է ունենան այդ ծածկագրերը՝ մնաց գաղտնիք: Երևի պետք է քաղաքապետի քպկական թեկնածուին հարցնեմ՝ երբ այցելի մեր թաղամասը քարոզարշավի օրերին: 

Այլընտրանք չկար, հասա թաղապետարան (այդպես ավելի հեշտ է այն անվանելը): Դրա սենյակներից մեկում ինձ տվեցին երկու տեղեկանք և «ուղարկեցին» բանկ: Բանկերից մեկում որոշ ժամանակ սպանելով՝ իմացա, որ այնտեղ ընդունում են միայն անշարժ գույքի հարկի վճարը: Ինչը խիստ զարմանալի էր: Բայց շատ չզարմացա, քանի որ մեր երկրում այսօր ամեն ինչն է այդպիսին: Բարեկամաբար խորհուրդ տվեցին այցելել մեկ այլ բանկ՝ երկուսը մեկում կարգավորելու նպատակով: Ինչը խիստ տրամաբանական խորհուրդ էր, ու ես հետևեցի դրան: Երկրորդ բանկում ինձ հուշեցին, որ անհրաժեշտ է ներկայացնել նաև մեկ այլ փաստաթուղթ, և քանի որ այն չէի վերցրել՝ ես վերադարձա տուն: Բանկերի անունները չեմ տալիս, քանի որ դրանով հարց չի լուծվի: Ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի կենտրոնական բանկը հետևի, որպեսզի լիցենզիա ստացած կազմակերպությունը քաղաքացուն առաջարկի այդ տեսակի բոլոր անհրաժեշտ ծառայությունները: 

Իսկ այժմ ասեմ, թե ինչու հիշեցի խորհրդային անցյալը: Իմ մանկության, պատանեկության ու երիտասարդության շրջանում ամեն մի հարցի համար անհրաժեշտ էր փաստաթղթի առկայություն: Հասկանալի է՝ ստորագրությամբ ու կնիքով փաստաթղթի: Եվ քանի որ այդ երևույթը չափ ու սահման չէր ճանաչում՝ այն վերածվել էր բազմաթիվ ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկը: Այդ թեմայով նկարահանվում էին ֆիմեր, ներկայացումներ ցուցադրվում, պատմվածքներ գրվում: Հիշում եմ՝ դրանցից մեկը պատկանում էր Վասիլի Շուկշին անուն-ազգանունով հեղինակի գրչին: Որը ռեժիսոր էր, սցենարիստ, դերասան և գրող միաժամանակ: Նրա գործերից մեկում (անվանումն արդեն չեմ հիշում) հերոսը ինչ-որ փաստաթղթի հետևից հսկայական տարածք անցնելով՝ դրա փոխարեն այն պահանջող հիմնարկին է տանում կնիքը՝ բնականաբար, գողանալով այն: Որպեսզի իրենից այլևս փաստաթուղթ չուզեն:  

Վերադառնանք քաղաքապետարանի «նորարությանը»: Չակերտավոր նորարությանը, քանի որ նախկինում անշարժ գույքի հարկի և հատկապես աղբահանության վճարը կատարում էինք համատիրության գրասենյակում: Նախկինում ասելով նկատի ունեմ նախկինների ժամանակաշրջանից մինչև նախորդ տարին ներառյալ: Չգիտես ինչու է քաղաքապետարանը (տվյալ դեպքում թաղապետարանն ընդամենը կատարողի դերում է) որոշել բարդացնել քաղաքացիների կյանքը: Կարող եմ ենթադրել, որ դա արվում է, որպեսզի քաղաքացիներն ավելի մեծ ոգևորությամբ սեպտեմբերին ընտրեն մայրաքաղաքի քպկական ավագանի: Ի դեպ, նախկինում մեզանից նաև ծառայության վճար չէր պահանջվում՝ որքան հիշում եմ: Ինչը, վստահաբար, լուրջ հոգս է նրանց համար, ովքեր գրպանում կամ դրամապանակում փողի ավելցուկի խնդիր չեն ունենում:

Բանկային անհաջողությունից հետո թաղապետարանից ստացած ծածկագրերով փորձեցի քաղաքացիական պարտքս կատարել վճարային տերմինալով, բայց չկարողացա: Կա՛մ ես տերմինալին չհասկացա, կա՛մ ինքն ինձ: Ճարահատյալ վերադարձա տուն: Որոշեցի բարկությունս անցկացնել քաղաքապետարանի կայքէջն ուսումնասիրելով: «Հարկեր և վճարումներ» բաժնում գտա գույքահարկի և աղբահանության վճարի ենթաբաժինը: Զարմանալի հեշտությամբ կատարեցի գույքահարկի վճարը, իսկ հետո բավական ժամանակ կորցրի, որպեսզի համոզվեմ, որ աղբահանության վճար կատարելը չի ստացվում: Դա էլ մնաց հաջորդ օրվան, ինչն արագ իրականացվեց նույն փոստային բաժանմունքում: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ թվայնացման մեր դարում և Փաշինյան Նիկոլի կառավարման 6-րդ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է երեք օր և բավական նյարդեր կորցնել տեղական վճարներ կատարելու նպատակով:

Մի բան, որ նախկինների օրոք և մինչև նախորդ տարի՝ նրանցից մնացած իներցիայով, խլում էր ընդամենը 10-15 րոպե: Ահա այդպիսի «երջանիկ» ներկա է շարքային քաղաքացիներին նվիրել հայաստանյան «ժողովրդավարության» հիմնադիրը: