Վարչապետի հայտարարությունից հետո ի՞նչ իմաստ ունի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գոյությունը

Վարչապետի հայտարարությունից հետո ի՞նչ իմաստ ունի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գոյությունը

Նախօրեին Հ1-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում վարչապետ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն արեց։
«Սահմանադրական փոփոխություններ ասելով՝ մենք պետք է արձանագրենք, թե ինչ նկատի ունենք։ Մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այնպիսի եզրակացության, որ այս հանրաքվեից հետո շատ արագ․․․ հանրաքվե հնարավոր է եւ չիրականացնենք, որովհետեւ հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը։ Ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինի նոր Սահմանադրություն»,- Հանրայինի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապա հավելել, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա երեւում է, որ պետք է ընթանա, ըստ ամենայնի, հնարավոր կլինի այդ պրոցեսը զուգակցել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ, այսինքն՝ 2023 թվականին։ Նշենք, որ ապրիլի 5-ին նախատեսվող հանրաքվեով իշխանությունները մտադիր են փոխել գործող Սահմանադրության ընդամենը մեկ հոդված, որպեսզի կարողանան ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից եւ ՍԴ 6 անդամներից։ Դրան զուգահեռ՝ նաեւ սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնել։ Հիմա, սակայն, վարչապետն այլ բան է հայտարարում։
Սրանով Փաշինյանը փաստացի ի չիք է դարձնում այն հանձնաժողովի աշխատանքը, որը պետք է ապահովեր կառավարության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները։ Հիշեցնենք, որ վարչապետը 2020 թվականի փետրվարի 12-ին որոշում էր ընդունել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին։
Հիմա, մի կողմից, մասնագիտական հանձնաժողով է ստեղծվում, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնեն, մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում է, թե հնարավոր է սահմանադրական փոփոխություններ չիրականացնեն, իսկ եթե իրականացվի էլ, ապա 2023-ից ոչ շուտ։ Մենք արդարադատության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչ կարող են ասել վարչապետի այս հայտարարության մասով, եւ արդյոք վերոնշյալ որոշմամբ ձեւավորված մասնագիտական հանձնաժողովն արդեն ձեւավորվել եւ գործո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ ասացին, որ հանձնաժողովը գործում է, որեւէ բան չի փոխվել, եւ ուղարկեցին իրենց տարածած հաղորդագրությունը, որով ազդարարում են, որ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը։
«ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձեւավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը եւ հաստատվել՝ աշխատանքային պլանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ համար է այս հանձնաժողովը նիստ անում, աշխատակարգ սահմանում, եթե վարչապետը մտադիր չէ օգտվել դրա ծառայություններից եւ իրականացնել սահմանադրական փոփոխություններ։ Ըստ էության՝ ամեն ինչ կախված է ապրիլի 5-ի հանրաքվեից, եթե «այո»-ն հաղթի, դա մի իրավիճակ է, եթե չհաղթի, լրիվ այլ իրավիճակ կստեղծի Փաշինյանի ու նրա թիմի համար։ Հանրաքվեն չանցկացնելու դեպքում Փաշինյանը գուցե փորձի էլ ավելի արագացնել սահմանադրական ռադիկալ փոփոխությունների իրականացումը, որ գոնե այդ ճանապարհով ազատվի Թովմասյանից ու նրա ղեկավարած ՍԴ կազմից։ Իսկ եթե «այո»-ն հաղթի, արդեն նա շտապելու կարիք չի ունենա եւ ավելի երկարաժամկետ պլանով կփորձի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել՝ նոր Սահմանադրությունը հնարավորինս ավելի լավ «կարելով» իր ու իր իշխանության «հագով»։