Ի՞նչ կարող է քննարկվել Արցախի շուրջ հնարավոր բանակցություններում

Ի՞նչ կարող է քննարկվել Արցախի շուրջ հնարավոր բանակցություններում

2021 թվականի ապրիլի 13-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությանից՝ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Հանրապետությունից՝ Ստեֆան Վիսկոնտին, Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Էնդրյու Շոֆերը) հայտարարություն էին տարածել, որում անդրադարձել էին Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին և բանակցությունների վերաբերյալ հնարավոր անելիքներին։

Ի թիվս այլ հարցերի, համանախագահները նշել էին, որ ուշադիր հետևում են 2020-ի նոյեմբերի 9-ին կողմերի ձեռք բերած համաձայնության (եռակողմ հայտարարություն) կատարմանը: Ասվում էր նաև, որ, հաշվի առնելով «ԵԱՀԿ-ի իրենց մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագան՝ համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»:

Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով պաշտոնավարել է 2008 թվականի օգոստոսի 2-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 17-ը, հարժարվեց որևէ մեկնաբանություն տալ Մինսկի խմբի այս հայտարարության վերաբերյալ։ «Ես հիմա հարցերի չեմ պատասխանում, կներեք, էլի․․․ Ես հիմա պետական պաշտոնյա չեմ, պարտավոր չեմ․․․ Ես հիմա ձեռնպահ եմ, երբ որ հարկ համարեմ, կսկսեմ խոսել, հիմա չեմ ուզում խոսել», - մի քանի հարցադրումների ընթացքում ասաց Քոչարյանը։

Մինսկի խմբի այս հայտարարության մեջ հատկապես ուշագրավ է հետևյալ ձևակերպումը՝ «հատուկ ուշադրություն է պետք դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»։ Հենց սա էինք ուզում, որ հստակեցներ նախկին ԱԳ նախարարը՝ արդյո՞ք սա նշանակում է Մադրիդյան սկզբունքները և 6 տարրերը։

Մադրիդյան սկզբունքները (անգլ.՝ Madrid Principles) 2007 թվականի նոյեմբերին Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման առաջարկած հիմնական սկզբունքների պայմանական անվանումն է։ Սկզբունքների թարմացված տարբերակը հրապարակվել է Մինսկի խմբի համանախագահ երկրների (ՌԴ, ԱՄՆ, ՖՀ) այն ժամանակվա ղեկավարների՝ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարության մեջ` https://www.osce.org/mg/51152, Իտալիայի Լ'Ակվիլա քաղաքում 2009 թվականի հուլիսի 10-ին G8 գագաթնաժողովի շրջանակներում։ «Հիմնական սկզբունքներն արտացոլում են ողջամիտ փոխզիջում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովրդի հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա», - նշվում էր հայտարարության մեջ:

Իսկ Հիմնական սկզբունքները, մասնավորապես, պահանջում են՝ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և ինքնակառավարման երաշխիքներն ապահովող միջանկյալ կարգավիճակ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ օրինականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը, միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեին խաղաղապահ գործողություն։

«Հայաստանի և Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների հաստատումը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորում` ապահովելու խաղաղության, կայունության և բարգավաճման ապագա Հայաստանի և Ադրբեջանի և ավելի լայն տարածաշրջանի համար», - նշված էր 2009-ի հուլիսի 10-ի հայտարարության մեջ:

2021-ի ապրիլի 13-ի հայտարարությամբ համանախագահները նաև կոչ են արել կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները վերահաստատել են իրենց հովանու ներքո ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի «կողմերը առանց նախապայմանների համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթություններն արտացոլող կառուցարկված օրակարգը»:

«Համանախագահները նաև իրենց վճռական աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCiO) շարունակական գործունեությանը և առաքելության հնարավոր ընդլայնմանը և կողմերին կոչ անում լիարժեք հասանելիություն և աջակցություն ցուցաբերել դրա ջանքերին»: Համանախագահները նաև ընդգծել են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, ներառյալ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացնելու իրենց գնահատման և միջնորդության դերերը:

«Այս առումով համանախագահները կողմերին հիշեցնում են համանախագահների երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան», - եզրափակել են համանախագահները։

2011 թվականի հունվարի 14-ին արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտաքին քաղաքական տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսին անդրադառնալով բանակցություններին, թվարկել էր Մադրիդյան սկզբունքները և 6 տարրերը կամ դրույթները։

Մադրիդյան սկզբունքների և 6 տարրերի հիման վրա ձևավորվել էր Կազանյան փաստաթուղթը, որը 2011 թվականի հունիսի 24-ին ՌԴ Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազան քաղաքում հրաժարվել էր ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած հանդիպմանը՝ ներկայացնելով նաև իր առարկությունները։ Հայաստանն այդ ժամանակ ներկայացնում էր ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով 2016 թվականի նոյեմբերի 17-ին ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի յութուբյան ալիքում հրապարկված հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է եղել հիշյալ երեք սկզբունքների հիման վրա գնալ հակամարտության հանգուցալուծմանը:

2021 թվականի հունվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովն անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորման փուլային ծրագրին, որի վերջին տարբերակը, ըստ ռուս դիվանագետի, կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

«Այս ծրագիրը, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած է ԼՂԿ հիմնական սկզբունքների վրա, ներառյալ հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին առաջին փուլում, իսկ երկուսը` երկրորդ փուլում, և դա, հատուկ շեշտեմ, համատեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ: Երևանի շահերը արտացոլող առաջին փուլի այլ տարրերն են` Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կյանքի կազմակերպումն ապահովող իրավունքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակումը վերացնելը, սահմանների բացումը, ուժի չկիրառման և այլնի մասին կողմերի պարտավորությունները ստանձնելը», - ասել է ռուսաստանցի համանախագահը։ 

Նշենք, որ ԼՂ 44-օրյա պատերազմի հետևանքով նոր իրողություններ են ստեղծվել։ Հարց է առաջանում, թե Արցախի մեծ մասի՝ ադրբեջանական վերահսկողության տակ լինելու պայմաններում ի՞նչ առաջարկություններ կարող է ներկայացնել հայկական կողմը՝ հաշվի առնելով գործող իշխանությունների ապիկարությունը և Ադրբեջանի «ԼՂ հակամարտությունը մնացել է անցյալում» հայտարարությունները։