Բանակն ու երկրի ապագան

Բանակն ու երկրի ապագան

2018-ի ապրիլյան իրադարձությունների օրերին մենք չէինք ենթադրում, թե ինչ օրի ենք գցելու մեր երկիրը նախկիններից մեզ «փրկող» Նիկոլին իշխանության բերելով: Այնպես չէ, որ հանրության գրագետ մասը չգիտեր, թե ինչ է լինում նման դեպքերում: Վերհիշելու համար պետք էր ընդամենը մի քանի տարով ետ նայել ու տեսնել, թե ինչ կատարվեց Վրաստանում՝ էլ չեմ խոսում Ուկրաինայի մասին: Սակայն մենք կարծում էինք, թե շատ ավելի խելացի ազգ ենք, ու կխոսափենք այն տապալումներից, որ ունեցան հարևան վրացիները: Բայց կյանքը խիստ դաժան դաս տվեց մեզ, ու մենք այսօր կերազեինք լինել վրացիների տեղը: Ինչևէ, եղածն արդեն եղել է, և մեզ մնում սովորել մեր սեփական սխալների վրա:  

Առաջին դասը պետք է լիներ «երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված և մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի» հեռացումը, որպեսզի խուսափենք «նորանոր և շատ ավելի ցավալի վտանգներից»: Սակայն ողջ ցավն այն է, որ «ազգակործան պատուհասը» բացարձակ չի ցանկանում հեռանալ, ինչի պատճառը «հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին»: Շուրջ 3 շաբաթ առաջ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Այնուհետև այն երկու անգամ ամրագրվեց կրկին հայտարարության տեսքով: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չդավաճանեց ինքն իրեն և երկրի ճակատագրով մտահոգ գեներալների կոչը (ընդամենը կոչը) որակեց որպես հեղաշրջման փորձ՝ ինչպես ամեն հարցում, ռազմագիտության մեջ ևս ասելով սեփական խոսքը:  Հատկանշական է, որ դա աջակցություն գտավ հայ ժողովրդի դարավոր թշնամի թուրքական քաղաքական վերնախավի կողմից միայն:

Ինչևէ, բանակի ղեկավարության մտահոգվածությունը, բացի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից հեռանալուց, դեռևս այլ արդյունք չի գրանցել: Սակայն երկրի ներսում է դրսում գտնվեցին մարդիկ, ովքեր ողջունեցին «բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ»: Եվ կոչ արեցին իշխանափոխության հարցը լուծել «բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության և ընդդիմության միջև փոխզիջման անհապաղ կայացումն է»։ Մոռանալով հանդերձ, որ «սեփական աթոռին» Փաշինյանի «հիվանդագին կառչածությունը» չի վերացել, ինչը նշանակում է, որ նրա կողմից փոխզիջման քայլ կատարելը ֆանտաստիկայի ոլորտից է:

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է նորանոր բարձունքներ գրավել մեր երկրի տարածքից՝ բարելավելով իր մարտավարական դիրքերը սահմանին: Ադրբեջանի նախագահը շարունակում է հոխորտալ Հայաստանի և նրա ապաշնորհ ու անողնաշար ղեկավարի հասցեին: Վերջինս սպառում է 5 տարի հետո դատարկել Արցախը հայերից՝ ռուսներին ուղարկելով իրենց տուն: Սպառնում է միջանցք բացել Մեղրիով և այն վերցնել վերահսկողության ներքո: Իսկ Հայաստանում ոմանք ողջունում են բանակի ղեկավարության զսպվածությունը, կարծես թե անկախությունը կորցնելուց հետո դա պետք կգա մեր ժառանգներին: Այսպիսի աննորմալ երևույթներ Փաշինյան Նիկոլի օրոք…  

ՀԳ. Չակերտներում ներկայացված դատողությունները մեջբերված են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 10-ին հրապարակված կոչ-հոդվածից:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ