Այնպես է ստացվում, որ այդ միջադեպի գլխավոր մեղավորը Դուք էիք

Այնպես է ստացվում, որ այդ միջադեպի գլխավոր մեղավորը Դուք էիք
Ռուբեն Թորոսյան

«ԱԺ խոսնակի լիազորությունների մասին»

ԱԺ Մեծարգո Պարոն Նախագահ,

Ներող կլինեք Ձեր ժամանակն այս հաղորդագրությամբ վատնելու համար, սակայն, ստիպված եմ, քանի որ շատերս ենք ցանկանում, որ մեր Խորհրդարանը գործի օրինական դաշտում: Քիչ առաջ, տեղի ունեցավ տհաճ միջադեպ ԲՀԿ ԱԺ խմբակցության պատգամավորի հրահրմամբ «Լուսավոր Հայաստան» ԱԺ խմբակցության պատգամավոր Բաբաջանյանի ելույթի կապակցությամբ: Ցավոք, այնպես է ստացվում, որ այդ միջադեպի գլխավոր մեղավորը Դուք էիք, քանի որ չգործեցիք Ձեր լիազորությունների սահմաններում կամ կիրառմամբ, այն է՝ ԱԺ Կանոնակարգի 52-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:

Ըստ վերջիններիս, ԲՀԿ պատգամավորը վաղուց պետք է ենթարկվեր համապատասխան պատժամիջոցի Ձեր կողմից՝ քննարկվող հարցից շեղվելու համար: Ցավոք, Դուք գործեցիք ճիշտ հակառակ ուղղությամբ, այն է՝ հայտարարեցիք, որ պատգամավորն իր ելույթում կարող է խոսել ամեն ինչի մասին, ինչ որ ինքը ցանկանա: Մեծ հարգանք ունենալով Ձեր անձի հանդեպ, այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս, իհարկե եթե չեք խորշում լսել «Հնագույն» Հայաստանի պատգամավորի կարծիքը, առավել մանրամասն ծանոթանալ ԱԺ Կանոնակարգին, մասնավորապես Ձեր լիազորություններին: Օգտվելով առիթից, կրկնում եմ նաև ԶԼՄ-ներով արված իմ առաջարկը՝ ներկայացնելու համար զինվորական ծառայություն չանցնելու Ձեր պատճառները: Հավատացեք, որ դա շատ կարևոր է Ձեր զբաղեցրած այսօրվա պաշտոնի հանդեպ վստահություն և հարգանք ստեղծելու համար: Միաժամանակ, իմ ուրախությունն եմ հայտնում «Լուսավոր Հայաստան» ԱԺ խմբակցության և, մասնավորապես նրա ղեկավարի, պառլամենտական օրինակելի գործունեության կապակցությամբ և հույս հայտնում, որ Դուք այն կարող եք որպես օրինակ ցուցադրել մյուս պատգամավորներին:

Խորին հարգանքով՝ ՀՀ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ Ռուբեն Թորոսյան