Կոմիտասից... Բառնաուլսկի

Կոմիտասից... Բառնաուլսկի

-  Դու Էդո Բառնաուլսկի երբեւէ լսե՞լ ես,- սկայպով զրույցի ընթացքում ծանոթիս հարցն անհասկանալի էր...
Տարակուսանքս ցրելու համար զրուցակիցս միացրեց, այսպես ասած՝ Էդո Բառնաուլսկու հեղինակած «Մի՛ գնա» երգը։ 
-  Դե լսի՛ր...
Իսկ այդ «երգը», որը՝ չգիտես մուղամ էր, բայաթի՝ դհոլի դմբացնող ուղեկցությամբ, առաջին իսկ վայրկյանից ակամա ստիպում է փակել ականջներն ու փախչել։ Փախչել հեռու այնքան, որ լսողությանդ այլեւս հասու չլինի «Մի՛ գնան», որը տրամաբանական պիտի լիներ կոչել «Մի՛ երգեր»...
Տխուր է, բայց՝ իրողություն. պարզվում է՝ Բառնաուլսկու հիշյալ «երգն» ունեցել է... 180 մլն դիտում...
Այն թարգմանվել է թուրքերեն եւ այլ լեզուներով։

«Ահա այսպիսի ժամանակներ, այսպիսի բարքեր»...
Այս ամենի մեջ մեղմացնողն այն է, որ ուզում ես հուսալ՝ շատ-շատերը դժվար նկատեն, թե «Մի՛ գնայի» հեղինակը «հայազգի» է...

Երեւույթը, հնարավոր է, եղանակ չի ստեղծում, բայց ինչ կարող ես անել այն դեպքում, երբ այդ «եղանակը» մեր մեջ է։

Իսկ մեր մեջ, մեր հոգում, թվում է, Կոմիտասը պիտի լիներ։ Կոմիտասը, ով Կոնսերվատորիայի սաների նախաձեռնությամբ թավշյա հեղափոխության օրերին անմասն չմնաց ընդհանուր շարժումից. նրա հոգեպարար երգերի, երաժշտության մեղեդիները հնչեցին Երեւանի պուրակներում, փողոցներում...

Դա վեհ էր, դա ազգայինն էր։ Համամարդկայինը։ Կոմիտասը, Շառլ Ազնավուրը, Արամ Խաչատրյանը, մեր մյուս մեծերը այսօր եւ վաղն էլ պիտի որ ուղեկցեն մեզ փողոցներում, պուրակներում, հասարակական մյուս վայրերում։ 

Հիմա՝ մշակույթի նախարարություն պե՞տք է ունենանք, թե՞ ոչ։ Այսօր ամեն քայլափոխում քննարկվող այս հարցն ասես դառնում է... երկրորդական։ Քանզի կարեւորը ոչ թե ձեւն է, այլ կառույցի կողմից վարվող քաղաքականությունը, իր իսկ գործառույթն իրականացնելու պատրաստակամությունը, շահագրգռությունը...

Միայն այդ դեպքում վերեւում հիշատակածս մեր մեջի «եղանակը» կջերմանա, մանկուց կսովորենք սիրել մաքուր արվեստը, որն ինքնաճանաչման, ինքնամաքրման իսկական միջոցն ու ճանապարհն է։

Հովհաննես ԿԱՐԱՊԵՏՅԱՆ