Դուքանչու կայսրական ամբիցիաներ

Դուքանչու կայսրական ամբիցիաներ

««Հոր դուքան» ժողովրդական խոսքը գերազանց բնութագրում է այն վերաբերմունքը, որն ունի հայ պետական չինովնիկը իր ղեկավարած պետական կառույցի նկատմամբ: Եվ դա ընդհանրական երեւույթ է: Սակայն ժողովուրդը, որ ընտելացել է չինովնիկների կամայականություններին, մի լավ խոսք ունի՝ «Ամեն ինչ չափ ունի»: Իսկ ունի՞ արդյոք չափ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը»։

Վերը բերված քաղվածքը վերցված է «Հայկական ժամանակի» երիտասարդ տարիների համանուն հոդվածից: Այսինքն՝ հետաքրքիր ու մտահոգիչ բան է ստացվում՝ փաշինյանական այն ժամանակվա ընդդիմադիր խոսքը՝ ուղղված բարձրաստիճան պաշտոնյաներին, կարելի է նույնությամբ ուղղել փաշինյանական այսօրվա պաշտոնյաներին՝ միայն կաշառակերության փոխարեն գրել «կոռուպցիա» եւ անուններ փոխել: Օրինակ, եթե բերված քաղվածքում, վաղուց կամ վախից մոռացված Տիգրան Սարգսյանին փոխարինենք Արարատ Միրզոյանով, ապա արդարացիորեն Ազգային ժողովը կհասկացվի որպես մեր անչափ սիրելի ԱԺ նախագահի «հոր դուքան»-ը: 
Առնվազն մեկ օրինակ… Գալիք տարի նշելու ենք վերածնված Հայաստանի խորհրդարանի կամ, որ նույնն է՝ ՀՀ Գերագույն խորհրդի հոբելյանական 30 ամյակը: Ո՞ւմ դիմենք, որպեսզի չարժանանանք արդարացի քննադատության՝ նախորդ նման միջոցառումներն առանձին-առանձին եւ, որպես հետեւանք, անարդյունավետ անցկացնելու համար… Իհարկե՝ ԱԺ նախագահին, այն էլ՝ իր հսկայական օգնականների բանակով հանդերձ: Սակայն արդեն 3-րդ ամիսն է սկսվել, եւ որեւէ ձեւով նա չի արձագանքում:

Այսինքն՝ «հոր դուքան»-ն է. կուզի՝ կպատասխանի, չի ուզի՝ չի պատասխանի… Չնայած վերջին՝ չորրորդ նամակի առթիվ պատիվ ունեցանք ստանալ  նրա օգնականներից մեկի իբր ներողությունը եւ խոստումն այն մասին, որ շուտով կանդրադառնան մեր առաջարկությանը… Արդեն 3-րդ շաբաթն է գնում, եւ նորից ոչ մի պատասխան:

Իհարկե, լավ կլիներ, որ նման օրինակը եզակի լիներ, սակայն դրանք այնքան շատ են «հեղափոխական» իշխանական թեւերում… Իսկ հայաստանցուս համար ի՞նչ տարբերություն, թե ով է մեր պետական կառույցներն իր «հոր դուքան»-ը  սարքել՝ զինծառայության փոխարեն արխիվային հսկայական փորձ ունեցող Արարա՞տը, թե՞ գրեթե նույն ճանապարհն անցած Տիգրանը…
…Ի դեպ, կոռուպցիան միայն «տուշոնկա» չէ:

ԳԽ պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն ԹՈՐՈՍՅԱՆ