Որպեսզի «սպիտակները» զայրույթից ու հիասթափությունից «չսևանան»

Որպեսզի «սպիտակները» զայրույթից ու հիասթափությունից «չսևանան»

Հետաքրքիր է, երբ արձանագրվի ժանտախտի կամ խոլերայի առաջին դեպքը, կավարտվի՞ մայրաքաղաքի ղեկավարության եւ «Սանիթեքի» միջեւ ձգվող հակամարտությունը, թե՞ կշարունակվի, մինչեւ լինեն մահվան դեպքեր: Այդ թվում՝ նաեւ թաղապետարանների եւ քաղաքապետարանի ղեկավարների: 

Երեկ, գիշերվա ժամը մեկին մոտ քայլում էի Մաշտոցի պողոտայով եւ տեսնելով, որ ո՛չ մոտակայքում, ո՛չ էլ հեռվում ավտոմեքենա չկա, կարմիր լույսի տակ հատեցի Պուշկինի փողոցը: Դիմացից գալիս էին մի խումբ ոստիկաններ: Նրանց ղեկավարը դիմեց ինձ՝ ասելով. «Հարգելիս, մի խախտեք ճանապարհային երթեւեկության կանոնները, նայեք լուսացույցին»: Ես շնորհակալություն հայտնեցի եւ մտածեցի. «Հետաքրքիր է, այդ ոստիկանները չե՞ն տեսնում փողոցների եզրերին կուտակված աղբի սարերը, որ դիմեն համապատասխան ղեկավարներին եւ խստորեն ասեն. «Հարգելիներս, մի խախտեք մայրաքաղաքի սանիտարական նորմերը, կատարեք ձեզ վերապահված պարտականությունները՝ ապահովել, մասնավորապես, քաղաքի սանիտարական անվտանգությունը: Դուք դրա համար ստանում եք բարձր աշխատավարձեր եւ հավելավճարներ: Նաեւ՝ պահանջում եք, որ դրանք կրկնապատկվեն, եւ դուք ստանաք ավելի շատ, քան եվրոպական քաղաքների քաղաքապետարանների աշխատակիցները»: Եվրոպական քաղաքներում, որտեղ բացարձակ կարգուկանոն եւ մաքրություն է տիրում՝ այն աստիճանի, որ փողոցներն օճառաջրով են լվանում, տրանսպորտն էլ է աշխատում ժամացույցի ճշգրտությամբ: Իսկ դուք նույնիսկ չեք վերացնում փողոցներում կուտակվող աղբակույտերը: Բայց վերացրել եք սանէպիդկայանները, որ դիմեինք, եւ գոնե նրանք գային ու քլորակրով մշակեին վարակի այդ պոտենցիալ աղբյուրները: Փոխարենը երեւանցիներին հրամցնում եք տեղեկատվություն, թե քանի նոր աղբաման եւ «ԿամԱԶ» ավտոմեքենա մուտք գործեց մայրաքաղաք: Երեւանցիներին դա չի հետաքրքրում: Նրանց պետք է, որ լինի մաքրություն, եւ նրանք մոռանան այդ պրոբլեմի մասին ու ապրեն իրենց, այլ ոչ թե թաղապետարանների ու քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների հոգսերով: 

ԱԱԾ մեր ղեկավարին էլ, որը փայլուն կերպով կարողացավ լուծել ֆուտբոլային մեր պրոբլեմները, երեւանցիների անունից խնդրում եմ զբաղվել նաեւ այս հարցով: Որովհետեւ սա նաեւ երկրի անվտանգության հարց է: Մասնավորապես, բազմացած եւ ամենուր վխտացող առնետներին կարող են օգտագործել մեզ չսիրող որոշ երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ աղբակույտեր ներարկելով կրծողների կողմից տարածվող սուր վարակիչ հիվանդությունների հարուցիչներ: Գաղտնիք չէ, որ դրանք պահպանվում են որոշ երկրների հատուկ լաբորատորիաներում, նաեւ՝ մինչեւ օրս բնական պայմաններում պատահում են որոշ հետամնաց երկրներում: 

Համաճարակը կտարածվի Հայաստանով մեկ եւ Արցախում: Եվ հենց որ արձանագրվի ժանտախտի կամ խոլերայի առաջին դեպքը, Հայաստանի հետ հարեւան բոլոր երկրները կփակեն իրենց սահմանները մեր առջեւ: Կդադարեցվի նաեւ օդային հաղորդակցությունն աշխարհի հետ: Այդ ժամանակ կմոռացվի ոչ միայն քաղաքապետարան-«Սանիթեք» վեճը, այլեւ մնացած, այսօր կարեւոր թվացող խնդիրները: Մասնավորապես, իշխանությունները երկար տարիներ ստիպված կլինեն մոռանալ տուրիզմի մասին: «Ջուրը կընկնեն» նաեւ ֆուտբոլային ղեկավարության ջանքերը. ոչ մի հավաքական չի ցանկանա գալ Հայաստան: Մեր թիմին էլ դժվարությամբ, երկարատեւ կարանտինում պահելուց հետո միայն կթույլատրեն մեկնել արտասահման: Եվ ոչ ոք երաշխավորված չի լինի վարակից զերծ մնալուց: Նույնիսկ նրանք, ովքեր բնակվում են կառավարական «դաչաներում»:

Լրատվամիջոցներն այսօր զբաղված են հաշվարկով, թե քանի օր է արդեն, որ Երեւանի աղբը չի հեռացվում: Երեւի սպասում են, թե քանի օրից կարձանագրվի խոլերայի կամ այլ համաճարակի սկիզբը: Գուցե այլեւս պետք չէ՞ սպասել, այլ ժամանակն է, որ կիրառվեն անհապաղ եւ կտրուկ միջոցառումներ. Երեւանում հայտարարել հատուկ դրություն, մայրաքաղաք բերել ԱԻՆ աշխատակիցներ եւ զինվորականներ, որոնք կսկսեն ախտահանել եւ մաքրել քաղաքը: Մոբիլիզացնել նաեւ կամավորների: Բյուջեից եւ պահուստային միջոցներից տրամադրել ֆինանսական միջոցներ, որոնք կլինեն անհամեմատ փոքր, քան այն միջոցները, որոնք անհրաժեշտ կլինեն համաճարակները վերացնելու ու դրանց պատճառած վնասները հատուցելու համար: Այդ գումարներից վճարել «Սանիթեքին» հասանելիք գումարները՝ ըստ նրա հետ ստորագրված պայմանագրի, որոնցով նա կկարողանա մուծել մաքսատուրքը, ետ ստանալ իր աղբատար ավտոմեքենաները եւ նորից լծվել աղբահանության իր պարտականությունների կատարմանը…  

Ես «սպիտակ» եմ, կարելի է ասել՝ ճերմակ, բայց վախենում եմ, որ հիասթափությունից ու զայրույթից կարող է «սեւանամ»: Չի բացառվում, որ նույնը կատարվի նաեւ Երեւանի այսօր դեռ «սպիտակ» այլ քաղաքացիների հետ:


Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ