Իսկ ինչո՞ւ է այդքան երկար ժամանակ անհրաժեշտ այդ տվյալների ոչնչացման համար

Իսկ ինչո՞ւ է այդքան երկար ժամանակ անհրաժեշտ այդ տվյալների ոչնչացման համար

Նման նախագծի ընդունումը, կարծես թե, հիմնված է միջազգային փորձի վրա, սակայն իրականում Հայաստանում այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Մասնավորապես.
1. Նախագծում նշվում է, որ «տրամադրված տվյալները կարող են նաեւ բացահայտվել երրորդ անձանց»: Սա խիստ ընդլայնում է այն անձանց (իրավաբանական և ֆիզիկական) շրջանակը, ում այդ տվյալները կարող են հասանելի դառնալ: Նման լայն կիրառությունը կարող է հեշտությամբ հանգեցնել չարաշահումների:
2. Այն, որ «անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո», հարց է առաջացնում. իսկ ինչու՞ է այդքան երկար ժամանակ անհրաժեշտ այդ տվյալների ոչնչացման համար: Մի՞թե տվյալների ծավալն այնպիսին է լինելու, որ դրանց ոչնչացումն այդչափ երկար է տևելու: Հաշվի առնելով նաև նախորդ կետը` նման ժամկետի սահմանումն անհանգստության լուրջ տեղիք է տալիս:
3. Բացի այդ, ապանձնավորված վիճակագրական տվյալները, փաստորեն, կարող են պահպանվել և օգտագործվել: Որոշակի անձի տեղաշարժի մշտադիտարկման դեպքում, թերևս, այնքան էլ դժվար չի լինի նույնիսկ ապանձնավորված տվյալների հիման վրա նրան անձնավորելը:
4. Էլեկտրոնային հաղորդակցության միջոցներից չօգտվելը խախտում համարելը… Տեղաշարժի իրավունքի անհամաչափ սահմանափակում լինելուց բացի, այս դրույթը փաստացի անձին զրկում է նաև ընտրության հնարավորությունից: Բացի այդ, կոնկրետ ի՞նչ ծրագիր կամ հավելված է նախատեսվում կիրառել: Ո՞վ է դրա մշակողը:
5. Ի վերջո, հարց է առաջանում. ո՞վ է մշակելու այդ տվյալները: Որևէ ՏՏ կազմակերպությու՞ն: Ինչպե՞ս, ե՞րբ, ումի՞ց ենք տեղեկանալու, թե ով է զբաղվել ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակմամբ: Կոնկրետ ինչպե՞ս է մշակումն իրականացվելու:
6. «Էլեկտրոնային հաղորդկացության մասին» օրենքում փոփոխությունը ուժը կորցրած ճանաչվելու՞ է այս արտակարգ դրության ավարտից հետո:

Ինչու՞ են նման նախագծերը առավել վտանգավոր և խնդրահարույց Հայաստանում: Երկրի խորհրդային բռնապետական անցյալի, երկրի հետխորհրդային ամբողջատիրական անցյալի և երկրի մշտապես անորոշ ապագայի պատճառով: Նման ժառանգություն և անորոշ ապագա ունեցող պետությունում իրավունքների ցանկացած, անգամ աննշան սահմանափակումը կարող է հեշտությամբ հետագայում չարաշահվել և օգտագործվել ոչ թե հօգուտ, այլ ի չարս քաղաքացիների: Նման ծավալի տվյալների հավաքումը, մշակումը և պահպանումը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է ավելի լրջորեն քննարկված, ավելի լավ հիմնավորված և, ի վերջո, պետության հասարակական-քաղաքական առանձնահատկությունները հաշվի առած նախագիծ: Կան հարցեր, որոնք զուտ իրավական տեսանկյունից հնարավոր չէ դիտարկել:

Սոսե Մայիլյան -

Դուբլինի քաղաքային համալսարանի Իրավունքի

և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ