Հատուկ միջոցառում Վանաձորում. ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)

Հատուկ միջոցառում Վանաձորում. ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)

Մարտի 28-ին ոստիկանության ծառայողները Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վանաձորի երեք բնակչի։

Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հատուկ միջոցառմանը բացի Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները։


Բերման ենթարկվածներից 56 և 40-ամյա տղամարդիկ հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։ Մարտի 7-ին նրանց և Վանաձորի բնակիչ 36-ամյա մի տղամարդու մասնակցությամբ Աբովյան փողոցի վերջնամասում միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ  ոստիկանության՝նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել 36-ամյա տղամարդուն, 40-ամյա տղամարդը նաև դանակով էր խփել։

«Տուժողը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն և մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ․ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս։

Բերման ենթարկվածներից 19-ամյա երիտասարդն էլ հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։

Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողները թաքնվում են Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում կառուցված թաքստոցում։ Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, պայթուցիչներով նռնակներ, մարիխուանայի նմանվող ընդհանուր 80 գրամից ավելի քաշով զանգվածներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։

«Նրանցից 40-ամյա տղամարդը առաջին անգամ չէր հայտնվում իրավապահների տեսադաշտում։ Օգոստոսի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացան, որ նույն օրը Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում կրակոց է հնչել, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք էր պատճառել 40-ամյա տղամարդը։ Նա դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել էին նաև գետը նետված հրազենը։
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է»։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, 40-ամյա տղամարդը Լոռիում Կոկո մականվամբ հայտնի քրեական հեղինակությունն է: