Ովքե՞ր կարող են լինել Փաշինյանի իրական ընդդիմադիրները

Ովքե՞ր կարող են լինել Փաշինյանի իրական ընդդիմադիրները

Հետեւելով հետընտրական մամուլին՝ կարելի է ասել, որ կարմիր թելի պես առանձնանում է այն միտքը, թե ինչ է լինելու մեր վերջը, ինչպես ԱԺ-ն մնաց առանց ընդդիմության, երկրում, հավանաբար, նոր դիկտատուրա կձեւավորվի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ այլն, եւ այլն։ Իրականում դա անհանգստացնում է հատկապես նրանց, ովքեր մտահոգված են երկրի ապագայով։ Կա՞ն արդյոք անհանգստանալու հիմքեր․ այո, այդպիսի դեպքերին ծանոթ է մարդկային հասարակության զարգացման պատմությունը։ Բայց… Նիկոլ Փաշինյանը հասել է վարչապետության պատվավոր աթոռին՝ հենվելով հասարակության լայն մասսաների վրա։ Ինքնին հասկանալի է, որ մասսաները, որոնք նրան բարձրացրել են՝ համարելով այսօրվա դրությամբ իրենց արժանի առաջնորդ, վաղն էլ նույն մասսաները պահանջելու են նրանից արգասավոր աշխատանք, արժանի գործունեություն։ Տարբեր հասարակական խավերում տարբեր ժամանակներում դիկտատուրայի ստեղծման համար եղել են համապատասխան պայմաններ։

Այն հիմնականում պայմանավորված է եղել ապագա դիկտատորի կողմից մարդկային պատմության զարգացման յուրահատուկ ընկալումով եւ այդ ուղղությամբ վարվող համապատասխան գործունեությամբ, ինչպես նաեւ այն շրջապատի ընկալումով եւ թողտվությամբ, որտեղ նա գործում է։ Նախահեղափոխական Հայաստանում ձեւավորվել են դիկտատուրայի սաղմեր, քանի որ Սերժ Սարգսյանը չէր լսում հասարակության լայն խավերի ձայնը կամ էլ հեշտությամբ անտեսում էր այն, իսկ նրա ելույթները շքեղ ու լուսավորված գեղեցիկ բեմերից իրենց ազդեցությունը թողնում էին մինչեւ տվյալ դահլիճի շեմը։ Շեմից այն կողմ ամեն ինչ մոռացության է մատնված եւ անէանում է գեղեցիկ ասված կենացների նման։ Երկրում իշխում են նորից նույն գորշությունն ու անորոշությունը։ Իսկ կուսակցության գերագույն մարմնում, ինչպես նաեւ ԱԺ իշխանական թեւում, միայն անդուլ գովաբանում էին Սերժ Սարգսյանի գործունեությունը՝ նրան համարելով անփոխարինելի եւ անհասանելի։ 

Չի բացառվում, որ դա բխի նաեւ անձնական շահերից․ մենք՝ ձեզ, դուք՝ մեզ, իսկ մնացածների «հերն էլ անիծած»։ Այսօր մեր հասարակության տարբեր շերտերում լուրջ քննարկման թեմա է, թե ինչպես երկարամյա քաղաքական պրակտիկա ունեցող ՀՅԴ-ն չի անցել ԱԺ։ Որովհետեւ այլ են տրիբունաներից բարձրագոչ ելույթները, այլ է պրակտիկ գործունեությունը։ Փորձե՞լ է ՀՅԴ-ն ազդել ՀՀԿ-ի գործունեության վրա, վեր հանել նրանց բացերը, մասսաներից կտրված լինելը։ Այդ հարցին ես չեմ պատասխանում, ժողովուրդն իր ընտրությամբ է արժանի գնահատական տվել։ Որոշները փորձում են սփոփանքի խոսքեր ասել ՀՅԴ-ին՝ իբրեւ քարոզարշավի ժամանակը քիչ էր, ռեսուրսները չեն հերիքել եւ այլն։ Իրականում դա պայմանավորված է եղել կուսակցության չարդարացված գործունեությամբ։ Հայաստանյան Դաշնակցության վերնախավը չի կարողացել ընտրել համապատասխան մարտավարություն, չեն կարողացել հաստատուն հակազդել իշխանական գործունեությանը, եւ եթե հակազդումներ եղել են, ապա ոչ արդյունավետ։ Խախտվել է այն բարձր առաքելությունը, որ ընտրողները պատգամել են նրանց։ 

Նույն սկզբունքով ուզում են հիմնավորել, որ ՀՀԿ-ն եւս կանցներ, եթե լինեին այլ ընտրարշավ, այլ ժամկետներ եւ այլն, սակայն չի բացառվում, որ նշված պայմանների ապահովման դեպքում ՀՀԿ-ն ավելի քիչ ձայն ստանար։ ՀՀԿ-ի կողմից ընտրված նախընտրական քարոզարշավի առաջատարներից Դավիթ Շահնազարյանի ելույթն առավել եւս տարակուսելի էր։ Նախկին պետանվտանգության պետի ելույթը հեռուստատեսությամբ ավելի շատ հիշեցնում էր Յագոյի մենախոսությունը (արտիստ՝ Սոս Սարգսյան) հանրահայտ պիեսում։ Մի մարդ, որի աչքից չէին կարող վրիպել հանրապետությունում ընթացող վայրիվերումները, բացասական երեւույթները, արտագաղթը, այդ բարդ տրիբունայից ոչ մի քննադատական խոսք չասաց ՀՀԿ-ի հասցեին՝ թեկուզեւ ինքնամաքրման միտումով, եւ եթե չեք ուզում ինքնամաքրվել, խնդրեմ՝ արժանացեք ժողովրդի դատաստանին։ Ցանկացած իշխանասեր, որը կփորձի մոռանալ նման իրողությունները, կարժանանա նույն բախտին։ 

Այսօրվա հասարակությունը եւս պետք է իր վրա վերցնի երկրի կայացման պատասխանատվությունը։ Ներկայումս մարզերում ստեղծվել են կուսակցական մարմիններ, որոնք նախկինների պես չպետք է գործեն որպես նախընտրական շտաբ, այլ պետք է հիմնվեն ամենօրյա գործունեության ծրագրի վրա։ Հասկանալի է, որ պետք է ընդգրկել հասարակության բոլոր խավերին, ԱԺ եւ կառավարության բոլոր որոշումները պետք է քննարկվեն այդ կազմակերպություններում, ցանկացած ոչ ազգանպաստ որոշում պետք է տեղում արժանանա խիստ հակազդեցության եւ համապատասխան կանալներով հասցվի ԱԺ, կառավարություն։ Վարչապետը պետք է մշտապես զգա երկրի պուլսը։ Եթե նա չի կարող հետեւել եւ կիրառել համապատասխան միջոցներ, պետք է իսկույն արժանանա լայն մասսաների քննադատությանը եւ հակազդեցությանը։ Նման մոտեցում անհրաժեշտ է ցուցաբերել ցանկացած նախարարի, ԱԺ պատգամավորի նկատմամբ։ Կան նաեւ ընդդիմության այլ ռեսուրսներ, թեկուզեւ՝ ազատ մամուլը։ 
Ի վերջո, չպետք է ԱԺ-ն, պատգամավորները, մարզպետները միշտ ընտրեն վերադասին քծնելու, նսեմանալու, անձնական շահի պատճառով երկիրն ու ժողովրդին ուրանալու քաղաքականություն։ Մենք պետք է հենվենք նրանց մարդկային բարձր որակների վրա։

Նրանցից ցանկացածի հայրենանվեր գործունեությունը պետք է արժանանա լայն մասսաների դրվատանքին, իսկ հակառակ դեպքում պետք է զրկել մասսաների կողմից տրված արտոնությունից եւ ցույց տալ իրենց արժանի տեղն այս կյանքում։ Մարդկային ֆակտորը մեծ դեր ունի հասարակության նկատմամբ նրանց ձեւավորման հարցում՝ ամենախիստ դրականից մինչեւ ամենախիստ բացասականը։ Արարիչը նաեւ ցանկացած անհատի մեջ դրել է իրեն ինքնազսպելու, ընդդիմանալու ունակություն։ Հույս ունենք, որ մեր այսօրվա ընտրված եւ ընտրվելիք պետական այրերը զուրկ չեն լինի այդ ունակությունից։ Եվ վերջապես․ երկրի ներսում, անգամ երկրից դուրս, ցանկացած արժանավոր եւ գեղեցիկ ընդդիմադիր պահվածք կարող է հետեւողականության եւ նպատակասլացության դեպքում ազդել ամենաբարձր ատյանների վրա, որովհետեւ լայն մասսաները նույնպես կարժանանան այնպիսի գնահատականի, ինչպիսին արժանացավ մեր օրերի հեղափոխության առաջնորդը։ 

Ես փորձեցի համառոտակի շարադրել ընդդիմության ռեսուրսները, սակայն ավելի խորը վերլուծության պարագայում կարելի է վեր հանել նորանոր ռեսուրսներ, որը կյանքում ինքնին կբացահայտվի։ Այնպես որ՝ հուսահատվելու եւ մտատանջվելու կարիք չկա։

Սուրեն ՍՈՒՎԱՐՅԱՆ

բժիշկ