Կալանավայրերի վարչության պետին փոխեցին

Կալանավայրերի վարչության պետին փոխեցին
Արթուր Գոյունյան

Քիչ առաջ տեղեկացանք, որ նախկին դատախազ Արթուր Գոյունյանը նշանակվել է Քրեակատարողական վարչության պետ՝ փոխարինելով Արտյոմ Մխոյանին։ Գոյունյանը դատախազության հնաբնակներից է, նա 2017-ին անսպասելի ազատվեց ԱԱԾ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կիբերհանցագործությունների վարչության պետի պաշտոնից, պաշտոնական բացատրությամբ՝ կենսաթոշակի գնալու պատճառով, թեեւ ընդամենը 48 տարեկան էր, բայց 20 տարվա ստաժ ուներ։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա ընդամենը Աղվան Հովսեփյանի հիմնարկ է տեղափոխվում՝ նշանակվելով Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։ Փաստորեն, նոր իշխանությունները սկսել են գնահատել հին կադրերին։

Հ․Գ մենք զանգահարեցինք արդարադատության նախարարություն, մանրամասներ իմանալու համար, պարզվեց նախարարությունում տեղյակ չեն այս փոփոխությունից։ Թեև նշանակման հրամանագիրն արդեն տեղակայված է կառավարության gov.am կայքում։ Ակնհայտ է, որ ՔԿՎ պետի նշանակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականացրել է միանձնյա՝ առանց արդարադատության նախարարի մասնակցության։