Նիկոլ Փաշինյանի գրառումները չեն կարող դիտարկվել որպես պետական գաղտնիք

Նիկոլ Փաշինյանի գրառումները չեն կարող դիտարկվել որպես պետական գաղտնիք

Համացանցից տեղեկացանք, որ անձին պետական դավաճանության համար մեղադրանք են առաջադրել, քանի որ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է փոխանցել ադրբեջանցի և թուրք անձանց։ Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններն էլ եղել են պատերազմի ընթացքում վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները: Ֆեյսբուքյան գրառում փոխանցելն ի՞նչ հանցակազմ է պարունակում և առհասարակ այդ գործողությունը կարո՞ղ է համարվել պետական դավաճանություն, հարցրեցինք փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:

Փաստաբանի պնդմամբ` պետական դավաճանության հանցակազմն ունի մի քանի հատկանիշ. առաջին` հավաքագրվել և թշնամու օգտին գործողություններ կատարելն է, երկրորդը` լրտեսությամբ զբաղվելը: Սրանք ենթադրում են քրեական պատասխանատվություն: «Ինչ վերաբերում է գաղտնիք հանդիսացող տեղեկությանն, ապա, որպեսզի մենք հասկանաք, թե ինչ բնույթի տեղեկություններն են հանդիսանում պետական գաղտնիք, մենք նախ պետք է ուսումնասիրենք պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը, որտեղ հստակ նշված են, թե ինչ բնույթի տեղեկություններն են համարվում գաղտնիք և ենթակա են գաղտնագրման: Ըստ այդմ էլ պետք է առանձին գերատեսչություններն ու դրանց ղեկավարները որոշեն, թե տեղեկության որ մասն է համարվում ծառայողական, կամ պետական գաղտնիք: Որպեսզի հասկանանք Նիկոլ Փաշինյանի գրառումները համարվում են պետական գաղտնիք, թե ոչ, նախ պետք է դիտարկենք ՀՀ պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը:

Միանշանակ Նիկոլ Փաշինյանի գրառումները չեն կարող համարվել պետական և ծառայողական գաղտնիք, քանի որ դրանք գաղտնագրված չեն և չեն էլ կարող գաղտնագրվել, քանի որ դրանք չեն պարունակում ՀՀ անվտանգությանը, ռազմական գործին, տնտեսությանը: Պետական և ծառայողական գաղտնիք համարվում են չափազանց բարձր շեմի տեղեկությունները: Այնուամենայնիվ տպավորություն չստեղծվի, թե ես արդարացնում եմ նրանց, ովքեր թեկուզ պետական գաղտնիք չհամարվող տեղեկություններ են փոխանցում թշնամի պետություններին»,-իր խոսքը եզրափակեց Ալեքսանդր Կոչուբաևը: