Կորոնավիրուսով վարակված թեթև հիվանդներին կտեղավորեն հյուրանոցներում

Կորոնավիրուսով վարակված թեթև հիվանդներին կտեղավորեն հյուրանոցներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին խոսեց իրենց ընթացիկ խնդիրներից, որ ունեն կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման կամ մեկուսացված անձանց պահելու հետ կապված։

«Մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և այսօր հիվանդանոցներում ունենք պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում։ Այսինքն՝ թեթև դեպքեր են, ախտորոշված է դրական, բայց բուժում չեն ստանում, ուստի հիավնդանոցում նրանց գտնվելը արդարացված չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ապա հավելեց, որ այսօր առավոտյան ինքը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկում է ունեցել, և որոշել են, որ թեթև դեպքերը, որոնք, ըստ էության, մեծամասնություն են կազմում, տեղավորեն հյուրանոցներում՝ բանակցելով հյուրանոցների հետ և ապահովելով նրանց սնունդով և այլ կարիքներով։

«Ես կարծում եմ, որ պետք է էս քաղաքականությունը շարունակենք և հյուրանոցների հետ բանակցենք։ Սա, կարծում եմ, օգտակար է տնտեսության առումով, և հյուրանոցների համար, որոնք ըստ էության, դատարկ են այսօրվա իրավիճակում։ Էստեղ, իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, որ հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված։ Բայց, պարոն Թորոսյան, ճիշտ ենք, չէ՞, հասկանում, որ հյուրանոցները ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները, և հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, երբ ինչ-որ հիվանդություններով տառապող մարդիկ էդ հյուրանոցներում բնակվում են, և կորոնավիրուսից հետո էլ էդ հյուրանոցների սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի»,-ասաց վարչապետը։

Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը դրական արձագանքեց և նշեց, որ այս պահին էլ իրենց կողմից այն յոթ մեկուսացման վայրերում ամեն ինչ արվում է, որ այն սենյակներում, որտեղ ունենում են դրական դեպք, ամբողջությամբ ախտահանվի, որ հետո նորից նոր մարդ տեղավորեն այդ սենյակում։