Բայդե՞ն, թե՞ Թրամփ

Բայդե՞ն, թե՞ Թրամփ

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են։ Լոսանջելեսաբնակ լրագրող Արթուր Սահակյանը մեզ հետ զրույցում երեկ նշեց, որ կան բազմաթիվ նահանգներ, որտեղ Թրամփը հաղթել է, եւ որտեղ ձայների հաշվարկը 90-քանի տոկոսով իրականացվել է, սակայն չի հայտարարվում Թրամփի հաղթանակի մասին։

«Օրինակ՝ Փենսիլվանիայում, որտեղ ձայների 94 տոկոսից ավելին հաշվված է, ու հաղթում է Թրամփը․ արդեն 5 ժամ է՝ չեն հայտնում։ Իբրեւ թե քովիդի պատճառով կան բազմաթիվ ձայներ, որոնք եւս պետք է հաշվվեն․․․ այսինքն՝ ժողովրդին ահռելի թվով քվեաթերթիկներ են բաժանվել։ Օրինակ՝ ժամը 8-ին փակվում է տեղամասը, փորձել են նոր մարդկանց բերել, չեն թողել, ու դեմոկրատները գնացել են դատարան՝ այն հաշվարկով, որ դատավորների հիմնական մասը դեմոկրատներ են։ Նաեւ խոսվում է, որ հնարավոր է կեղծվեն նաեւ էլեկտրոնային քվեարկությունները»,- մեկնաբանեց Սահակյանը։

Նրա խոսքով՝ Թրամփի հաղթանակը դեմոկրատներն ամեն գնով ուզում են խլել։ Իսկ մեր ավանդական հայկական կուսակցությունները՝ դաշնակցականներ, ռամկավարներ եւ այլն, դեռ մեկ ամիս առաջ հայտարարել են Բայդենին endorse անելու՝ աջակցելու մասին, թեեւ ակնկալում են «Թրամփի աջակցությունը»։ Շուտով իրականացան նաեւ քաղաքացիական բախումների մասին կանխատեսումները․ իրավիճակը լարվել էր ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, որտեղ ցուցարարները ողջ օրվա ընթացքում փակում էին երկաթուղիներ, իրավապահների ուղղությամբ նետում ջրով լցված շշեր եւ հրաժարվում ցրվել։ Կային բազմաթիվ բերման ենթարկվածներ եւ տուգանվածներ։

Արթուր Սահակյանի կանխատեսումներով՝ Ամերիկային առաջիկայում շատ խառը ու ծանր ժամանակներ են սպասվում։ «Ինչո՞ւ, որովհետեւ կեղծելու դեպքում ոտքի են ելնելու սպիտակները, եթե հաղթեց Թրամփը, ոտքի է ելնելու սեւ բնակչությունը»։ Ինքը՝ Թրամփն էլ պատրաստվում է դիմել Գերագույն դատարան։