«Կորոնավիրուսի» պատճառով դատական նիստերը կհետաձգվե՞ն

«Կորոնավիրուսի» պատճառով դատական նիստերը կհետաձգվե՞ն

Այսօր Դատական դեպարտամենտը հայտարարություն էր տարածել, որ առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա, որոշում է կայացվել դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգել։ 

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է նաեւ Կորոնավիրուսի պատճառով դատական նիստերը հետաձգվեն, պատասխանեց․ «Այդպիսի բան չկա, բոլոր նիստերը բնականոն հունով ընթանում են, պարզապես՝ Վճռաբեկ դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները քննարկելու արդյունքում որոշեցին, որ  հրապարակային միջոցառումը փորձեն հետաձգել, որպեսզի հնարավոր խթան չհանդիսանանք հիվանդության տարածման։ Դա է բացառապես պատճառը, համակարգը բնականոն հունով ընթանում է։

Հարցին՝ եթե իրավիճակը սրվի, հնարավո՞ր է նման որոշում կայացվի, նա նշեց, որ եթե նման բան լինի, կփորձեն իրավիճակային լուծումներ տալ։

Դիտարկմանը, որ կան դատական նիստեր, որոնք լայն հասարակական հնչեղություն ունեն, ու դրանց տասնյակ մարդիկ են մասնակցում, ասաց․ «Ես մտածում եմ, որ այդ դատավարության մասնակիցները կգտնվեն շատ խոհեմ, իրենք կփորձեն ձեռնպահ մնալ՝ գալով էդպիսի քանակներով եւ խմբերով դատական նիստերին մասնակցելուց։ Կարծում եմ՝ իրենք ողջամիտ կգտնվեն եւ իրենք չեն գալ դատական նիստերին՝ մասնակիցների մասին է խոսքը, որպեսզի վարակի տարածմանը չնպաստեն»։