Աստված հեռու պահի

Աստված հեռու պահի

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «կոմպրոմատների պատերազմ» է հայտարարել,  խոսում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձից: Իսկ  ես հիշում եմ, թե Հայաստանի Ազգային ժողովն ինչպես էր պատգամավորական «դեսանտ իջեցրել» Ստեփանակերտ, ինչպես էին նրանք գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի հետ հանդիպմանը պաշտպանում Սամվել Բաբայանին, կասկածում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին, ամեն ինչ համարում «շինծու»:  Հիշում եմ հայաստանյան մամուլի հրապարակումները, որ, կարծես մի կենտրոնից ուղղորդված՝ տեսակետ էին տարածում, որ մարտական գեներալը եթե մտադրված լիներ սպանել Արկադի Ղուկասյանին, ապա ամեն ինչ այդպես չէր վերջանա:

Հիշում եմ, որ հարց էին բարձրացնում, թե ԼՂՀ դատարանն իրավունք չունի դատելու ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանին: Այդ շրջանում Գառնիկ Իսագուլյանը Հայաստանի նախագահի խորհրդականն էր: Նա տեղյա՞կ չէր, թե ով եւ ինչպես է ուղղորդում ԼՂՀ նախագահին անվանարկող, ԼՂՀ դատական իշխանություններին հեղինակազրկող այդ տոտալ քարոզչությունը:  Երեւանում չէին կարող չիմանալ, որ ներքաղաքական լարվածությունը մի օր հանգուցալուծվելու է արյամբ: Որ եթե ՊԲ 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի զինվորները դուրս են բերվում եւ սպառազեն կանգնեցվում Ստեփանակերտի կենտրոնական փողոցների՝ ԼՂՀ նախագահի նստավայրին հարող խաչմերուկներում, ապա դա զգուշացում է, որ բանը կհասնի ռազմական հեղաշրջման: Որ եթե օր ցերեկով ահաբեկում են ԼՂՀ վարչապետին՝ իր նստավայրի մոտ, դա նույնպես զգուշացում է: Իհարկե, գիտեին, բայց աղետը կանխելու ոչ մի քայլ չարեցին: Այսօր Սամվել Բաբայանը Գառնիկ Իսագուլյանի համար անցանկալի ընտրություն է կատարել եւ դարձել «կոմպրոմատների պատերազմի» թիրախ: Եթե Գառնիկ Իսագուլյանին թվում է, թե Արցախում 2000թ. մարտի  22-ը մոռացել են կամ չգիտեն ինչն ինչպես եւ, որ շատ կարեւոր է՝ ինչու է եղել, ապա սխալվում է: Ի՞նչ խնդիր է փորձում նա լուծել: Իրավիճակը  տանել բաց առճակատմա՞ն:  Եթե իր նախընտրած թեկնածուն չի հաղթում, ապա թող «ջրհեղեղ լինի՞»: Աստված հեռու պահի նման «մտահոգվածությունից»: