«Վերջին զանգը» համավարակի օրերին․ ինչ են անում դպրոցներում 

«Վերջին զանգը» համավարակի օրերին․ ինչ են անում դպրոցներում 

Այսօր Հանրապետությունում վերջին զանգ է, որը, սակայն, համավարակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված չունի այն հմայքը, ինչ նախորդ տարիներին․ չեն կազմակերպվում ավարտական հանդեսներ, չկան մեքենաներով անչափահասներ և այլն։ Մենք կապվեցինք Հանրապետությունում գործող մի քանի դպրոցների տնօրենների հետ՝ հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, կա՞ն ինչ-որ այլընտրանքային տարբերակներ շրջանավարտների վերջին զանգը նշելու առումով։ Երևանի՝ Տարաս Շևչենկոյի անվան  թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին զբաղված են ատեստատները շրջանավարտներին բաժանելով․

«Որպես այդպիսին վերջին զանգ չենք նշում, երեխաները առանձին-առանձին գալիս, ատեստատներն են ստանում, վերջին զանգը եղել է ամսի 22-ին, զանգվածային ոչ մի բան չենք արել։ Ժամեր կան նշանակված, շրջանավարտները առանձին-առանձին գալիս, ատեստատները ստանում գնում են, արդեն համարյա վերջացրինք»,- ասաց տնօրենը։

Թումանյանին հարցրինք՝ շրջանավարտները պատրաստվո՞ւմ են ավարտական երեկույթներ, խնջույքներ կազմակերպվել, կիսվե՞լ են այդ մասին ուսուցիչների հետ․

«Ճիշտն ասած՝ չեմ տիրապետում, որովհետև դեռ ոչ մի բան չի ասվել, դեռ ոչինչ չի որոշվել, կոնկրետ մեր դպրոցի շրջանավարտների մասով այդպիսի որևէ տեղեկություն չկա։ Ես հարցրել եմ, ասացին, որ դեռևս ոչինչ չենք որոշել, եթե ամեն ինչ լավ լինի հետո՝ հուլիսին կամ օգոստոսին, բայց որևէ կոնկրետ բան չկա, այս պահին ոչինչ չի կազմակերպվում»,- ասաց տնօրենը։

Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի տնօրեն Մարտիրոս Վարդանյանն էլ ասաց, որ այս պահին զբաղված են ատեստատներով, փոքրիկ միջոցառում են կազմակերպելու վաղը․

«Հիմա ատեստատները բաժանելու, գրելու այդ գործերի մեջ ենք, վաղը ունենք փոքրիկ միջոցառում՝ խումբ-խումբ շնորհավորանքներ երեխաներին․ կանչում,  շնորհավորում ենք, հանձնում ատեստատները։ Այսօր էլ մեր էջում գեղեցիկ բան ենք կազմակերպել մեր էջում իրենց վինետկաներով, շնորհավորանքով։ Դա հեռավար ձևով ենք արել։ Միջոցառումն իրականացնելու ենք դասարան առ դասարան, առանց ծնողների, դրսում։ Ամեն դասարանի համար մեկ ժամ ենք հատկացրել, պարետատան ցուցումները պահելով․․․ դասղեկների շնորհավորանքներ և այլն»։

Անդրադառնալով «վիպուսկնոյի» հարցին, տնօրենն ասաց․

«Չէ, ոչինչ չկա։ Ես դասղեկների հետ եմ խոսել, ոչինչ չեն անում, ոչ մի կազմակերպված բան չկա, ինչ-որ հավաքվել, տեղ գնալ չկա»։