«Երրորդ սեռ»-ը խայծ էր․ կամ չեն կարդացել, բայց դատապարտում են 

«Երրորդ սեռ»-ը խայծ էր․ կամ չեն կարդացել, բայց դատապարտում են 

Այսօր երևանյան ակումբներից մեկում քննարկվում էր արձակագիր, դրամատուրգ, դերասան Հովհաննես Թեքգյոզյանի՝ Հայաստանում մեծ աղմուկ առաջացրած «Երրորդ սեռ» վեպը՝ հիմնականում «չեմ կարդացել, բայց դատապարտում եմ» կոնտեքստով։

Ինչևէ, քննարկումը, կամա թե ակամա, այն թեմայով էր, թե ինչ խնդիրների են բախվում կարծրատիպերը մերժող կանայք։ Հովհաննեսը` Ստրասբուրգից, սկայպով մասնակցում էր քննարկմանը։ Թեպետ առաջաբանում գրել էր, որ «Երրորդ սեռ»-ը լակմուսի թղթի նման ցույց տվեց հայ հասարակության մեջ առկա բոլոր պրոբլեմներն ու փակուղիները։ Գրողն ինքը նկատեց, որ գիրքը ոչ այնքան գրաքննադատների շրջանում քննարկվեց, այլ ավելի շատ դուրս եկավ սոցիալական քննարկումների ասպարեզ՝ վերնագրով պայմանավորված։ Բայց այն, ըստ հեղինակի, գրքի խայծն էր։

««Երրորդ սեռ»-ը երեք կարևորագույն խնդիր լուծեց, որոնցից միայն մեկն է, կարծես թե, կապված ինձ հետ։ Առաջինը, որ այս գիրքն ինձ վերադարձրեց գրական դաշտ, որովհետև ես Հայաստանում վաղուց արդեն գիրք չունեի, և որոշակիորեն ցույց տվեց այդ դաշտում առկա իներտությունը գրի ու գրականության նկատմամբ։ Երկրորդ կարևոր բանը, որ ինձ թվում է՝ բացառիկ է, այն է, որ գրքի հեղինակի ու հերոսների և այդ հերոսների գրական  կերպավորումները բացառիկ նույնականացան՝ կրկնելով նույն ճանապարհը, որովհետև իմ հերոսուհիներից շատերը հասարակության մեջ հալածվելով՝ բռնում են հեռացման ճանապարհը։ Եվ գիրքը նույն այդ հեռացման ու իզոլացման հարվածների տակ ընկավ»,-նկատեց Հովհաննես Թեքգյոզյանը։ 

Հիշեցնենք, որ գրքում 4 կանանց ձայնով պատմվում են բազմաթիվ  ժամանակակից կանանց կյանքի կիսավավերագրական պատմություններ, իսկ տղամարդիկ վեպում էպիզոդիկ նշանակություն ունեն։  Հովհաննեսն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու հատկապես հետաքրքրեցին կանանց ճակատագրերը։ Ասաց, որ 20-25 տարի ուսումնասիրել է կանանց կերպարներ հայ հասարակությունում և հետխորհրդային տարածքի երկրներում, այդ թվում՝ ավտորիտար հասարակարգերում։ Հովհաննեսն ասում է, որ իրեն մշտապես հետաքրքրել է, թե կանայք ինչ իրավիճակներում են հայտնվել նման հասարակարգերում ապրելով։ Իսկ գրքում պատմվում է այն մասին, որ ժամանակակից կինը զրկվում է սեռականությունից։  Եվ գիրքը հետագայում քննարկելիս՝ շատ կանայք այդպես էլ խոստովանել են, որ առավոտից իրիկուն աշխատելով`  իրենց հենց այդ՝ երրորդ սեռի մեջ էլ զգում են՝ ցերեկը լինելով տղամարդու դերի մեջ, իսկ տանը՝ ճաշ եփելով ու երեխաներին խնամելով։ 

Քննարկմանը ներկա գրահրատարակիչ  Էմմա Կիրակոսյանը մեկնաբանեց, որ մարդկանց, ընդհանուր առմամբ, վերնագիրը հասկանալի է, եթե չկան ինչ-որ նեղ կոնտեքստներ։ Հովհաննես Թեքգյոզյանն էլ բացատրեց, թե ինչու երրորդ սեռ: «Ինչու որոշեցի գիրքը վերնագրել «Երրորդ սեռ», որովհետև իմ կյանքում հայտնվեց մի կին, որը տեղապտույտ առաջացրեց , դա ֆրանսիացի գրող Վիոլետ Լե Բյուքն է, որը, ցավոք, աշխարհում շատ հայտնի չէ։ Սիմոնա։ Սիմոնա Բովուարից եկած, նա մի գիրք ունի, որը կոչվում է «Երկրորդ սեռ», և դա շատ հայտնի ստեղծագործություն է։ Բայց ծանոթանալով վեպին՝ հասկացա, որ վեպի հիմքում բոլորովին ուրիշ կին է ընկած, որն ինքն է հուշել Սիմոնա դե Բովուարին՝ գրել այդ վեպը։ Եվ դա Վիոլետ դե Բյուքն է` փառահեղ մի կին գրող, որն ահռելի մեծ ազդեցություն է ունեցել Սիմոնա Բովուարի վրա, մի շարք այլ գրողների և, առհասարակ, ֆրանսիական զարգացման վրա։ Սա առաջին կին գրողն է աշխարհում, ով խոսել է կանացիության մասին, կանացի ինքնության մասին։ Այստեղից էլ առաջացավ «Երրորդ սեռը», քանի որ մտածում էի, որ եթե կա երկրորդ սեռ, կա նաև երրորդ սեռ, որովհետև մարդը ժամանակ առ ժամանակ իր ինքնությունը վերահաստատելու խնդիր ունի»,-ասաց Հովհաննեսը։ 

Գրողն ասում է, որ հայ գրականության մեջ կնոջ կերպարը գրեթե ուսումնասիրված չէ, և կինը ներկայանում է ավելի շատ պլակատային մեր կերպարով՝ դիցաբանական կամ գրեթե միֆի հասնող։ Բայց կինն ունի ապրումներ, որոնք գրական դրսևորումներ համարյա չեն ստացել։ 

Ֆրանսիայում նա մի շատ տարօրինակ բան է հասկացել, որը Հայաստանում չէր հասկացել, թե ինչու հայրենադարձները, որ այդքան սիրում էին Հայաստանը, ժամանակին չկարողացան հարմարվել այդ իրականության հետ։ Այն, որ Հայաստանը մեկ մշակույթի կրող է։ Ավելի ճիշտ՝ Հայաստանի մշակութային շերտերը շատ խորն են, բայց դեռ Սովետական Միությունից եկող հայկական ժամանակակից կյանքը չի հանդուրժում ուրիշ մշակույթ։ Գրողը 41 տարի ապրելով Հայաստանում`  միայն Ֆրանսիայում է հասկացել, որ 6 տարբեր մշակույթների կրողն է։ Իսկ Հայաստանում, ըստ գրողի դիտարկման, բոլորը դավանում են մեկ՝ «քյարթուական մշակույթ», և քյարթուիզմից դուրս ոչինչ ընդունելի չէ։