Կարող է պատահի՝ ձեզ հետևում են…

Կարող է պատահի՝ ձեզ հետևում են…

Հայ քաղաքական գործիչ՝ Վահագն Հովակիմյանի անվան դիմաց գրված է Վիքիպեդիայում: 1998-2013 թվականներին լրագրողական աշխատանքներ է կատարել «Օրագիր» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում։ 2012-2016 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը, իսկ 2014 թվականից սկսած՝ համատեղության կարգով նաև «Ժողովուրդ» թերթի խմբագիր:  
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։

Հոկտեմբերի 10-ին հրաժարվել է մանդատից: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ Եվս մեկ անգամ պատգամավոր է ընտրվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, բայց արդեն  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Հասել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին, իսկ  2022 թվականին վայր է դրել պատգամավորական մանդատը: 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ձայներով  ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և մինչ օրս զբաղեցնում է Տիգրան Մուկուչյանի պաշտոնը:

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների կապակցությամբ Վահագն Հովակիմյանն արդեն հասցրել է հայտարարել, որ քրեական գործեր է հարուցելու բոլոր այն քաղաքական ուժերի և թեկնածուների նկատմամբ, որոնք կփորձեն վարչական ռեսուրս և լծակներ օգտագործել: Լրագրողները մի քիչ թերահավատությամբ են վերաբերվել նրա այդ հայտարարությանը, բայց նա վերահաստատել է իր ասածը, նշելով, կապրենք՝ կտեսնենք: Այս մասին, կարծում եմ, պետք է առանձին լուր տալ Տիգրան Ավինյանին, քանզի հրապարակում եղածներից նա միակ թեկնածուն է, որ տիրապետում է վարչական լծակների և հենց նա կարող է հայտնվել Վահագն Հովակիմյանի ուշադրության կենտրոնում: Տիգրան Ավինյան, համենայն դեպս զգույշ կլինես, այլապես Վահագն Հովակիմյանը մի այնպիսի փիս բան ունի՝ խասյաթ ունի, որ ում բռնում է բան անելիս՝ վարչական լծակ գործադրելիս, էլ չի նայում թե ում բանն ա՝ թեկնածուն ա, բռնում ու բան ա անում՝ դատի ա տալիս:

Երևանի ավագանու ընտրությունները Վահագն Հովակիմյանի գլխավորած ընտրություններից թերևս ամենապատասխանատու և միևնույն ժամանակ ամենադժվար ընտրություններն են լինելու: Մինչ այս նրան հաջողվել է մի քանի անգամ ձախողել ՀՀ ՍԴ անդամների ընտրությունը, իսկ 2020 թվականի գարնանն ընդհանրապես տապալել սհմանադրական այսպես կոչված բարեփոխումների հանրաքվեն: Կհաջողվի՞ Վահագն Հովակիմյանին նույնն այնել նաև Երևանի հետ, չենք կարող ասել, թեև բոլոր նախադրյալները կան դրա համար: Զորօրինակ՝ առաջադրումները: Մինչև այս պահը քաղաքական ուժերն ու թեկնածուները արիշվերիշների մեջ են ՔՊ-ի իրենց բոսերի հետ՝ ո՞վ առաջադրվի, ո՞վ՝ ոչ, ո՞վ իր առաջադրումով պատահաբար կխանգարի ՔՊ-ին և ով, ընդհակառակը, կկարողանա ձայներ փոշիացնել՝ վերջնարդյունքում ՔՊ-ին օգնելու համար:

Այս պահին արդեն լուրջ կասկածների տեղիք է տալիս ընտրելու իրավունք ունեցող երևանցիների թիվը: Այս պրոբլեմի մասին համապետական ընտրություններից առաջ սիրում էր խոսել հատկապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը» Նա համոզված էր. Որ ՀՀ նախագահի կամ ԱԺ ընտրությունների ժամանակ ամենաքիչը 200-300 հազարով ուռճացվում են ցուցակները, ինչը հաշվարկների ժամանակ «ֆորա» է ապահովում իշխանությունների համար: Իսկ հիմա հարց՝ ո՞վ է կազմել Երևանի առաջիկա ընտրությունների ընտրողների ցուցակը: Հայտնի է, որ ցուցակում առկա է 823 559 ընտրողի անուն ազգանուն: Այս թիվը 23 հազարով ավելի է եղել նախորդ ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող երևանցիների թիվը նվազել է: Հասկանալի է՝ քովիդ, պատերազմ, մահացություն, արտագաղթ է եղել, գուցե ավելի վաղ մահացածների էլ են հայտնաբերել ցուցակներում: Բայց արդյո՞ք հրապարակված 823 հազար 559 հոգանոց ցուցակն արտացոլում է ընտրելու իրավունք ունեցող Երևանի իրական պատկերը, որքա՞ն է այդ թվի մեջ «ֆորայի» չափաբաժինը, որ անհրաժեշտության դեպքում կավելացվի իշխանության ձայներին: Վահագն Հովակիմյանին այս հարցը, կարծում եմ, չի հուզում, կամ, ավելի ճիշտ, նա ցույց է տալիս, որ վստահում է ցուցակների պատասխանատու Վահե Ղազարյանին:

Բայց, չնայած դրան, Վահագն Հովակիմյանը քրեական գործ կհարուցի նաև վահե ղազարյանի նկատմամբ, եթե պարզվի, որ վերջինս, չարաշահելով իր պաշտոնեական դիրքն ու իրեն վերապահված մենաշնորը, այնուամենայնիվ ուռճացրել է երևանցիների թիվը: Ո՞վ կարող է այսօր երաշխավորել, որ «երևանցի» չեն դարձել մայրաքաղաքի հարակից և հեռավոր մարզերի հազարավոր բնակիչներ, որոնց անունները հենց միտումնավոր ներառվել են ցուցակներում և մուտքագրվել համակարգչային համապատասխան ծրագրերում: Այնպես որ, պարոն Ղազարյան, մինչև վերջնական ցուցակների հրապարակումը ևս մեկ անգամ անցեք դրանց վրայով: Մարդ ես, էլի, հետո մի բան կպատահի ու ստիպված էլի նախկիններին կհիշեք: Էլ չեմ խոսում Վահագն Հովակիմյանի արդարացի զայրույթի մասին, որով նա Ձեզ պատասխանատվության կենթարկի պետական պաշտոնն ու ռեսուրսը ի չարս գործադրելու համար:

Ես արդեն չեմ կասկածում, որ Վահագն Հովակիմյանի ուշադրության կենտրոնում է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը: Ընտրություն կեղծելը Փաշինյանի տարերքն է: Սպասվում է, որ նա տեղը տիտիկ չի տա և «գեներալով հարսանիքի» կվերածի իշխանության թեկնածուի քարոզարշավը՝ մեկնարկի և ավարտի հանրահավաքներ, բակային հանդիպումներ, տանիքներ մագլցել, մետրոյում բուկլետ բաժանել և մի շարք այլ մանր-մունր բաներ, որոնցով կփորձի վերակենդանացնել իր փտած թիմը: Եվ վայն եկավ Նիկոլին տարավ, եթե Վահագն Հովակիմյանը նկատի, որ այդ հանրահավաքներում ու հանդիպումներում Նիկոլը թիկնապահներով է ֆռֆռում, թիկնապահներով է տանիքներ մագլցում կամ իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և քարտուղարուհիների ուղեկցությամբ է մետրոյում բուկլետներ բաժանում: Վահագն Հովակիմյանը տեղում իր օֆիսը կփակի, բանալիները կդնի գրպանն ու դուզ կգնա դատախազի մոտ՝ Փաշինյանին բերման ենթարկելու և պատժելու առաջարկով:
Չգիտեմ դուք ինչպե՞ս, բայց ես վահագն Հովակիմյանից ամեն ինչ սպասում եմ: