Հին Սահմանադրության նոր փակուղին

Հին Սահմանադրության նոր փակուղին

ՀՀ Սահմանադրության վրա կարծես անեծք կա. սահմանադրական առաջին իսկ հանրաքվեից՝ 1995թ. հուլիսի 5-ից ի վեր՝ 2003, 2005, 2015 թվականներին այն շարունակ բախվել է հասարակական անհամաձայնության եւ իշխանությունների անդրդվելիության ժայռին:

Քսաներեք տարի շարունակ, ամեն անգամ, երբ Հայաստանի պետության նավը հայտնվում է քաղաքական ալեկոծումների մեջ, Սահմանադրությունն ինքն է դառնում անսպասելիորեն հայտնված այն սառցաբեկորը, որին բախվում է Հայաստանի հասարակությունն ու պետությունը: Սահմանադրության եւ դրա փոփոխությունների հետագիծը նման է սառցաբեկորի հետ բախված «Տիտանիկի» հետագծին՝ կազմաքանդվող նավասյուներ, նավաբեկյալների աղաղակներ եւ հրաշքով փրկվողներ:  

ՀՀ Սահմանադրության բոլոր հանրաքվեները եղել են իշխանություններին անվստահություն հայտնելու հասարակության հնարավորությունը: «Ոչ» ասելով Սահմանադրության եւ դրա փոփոխությունների բոլոր նախագծերին՝ Հայաստանի հանրությունն իր անհամաձայնությունը, բողոքն ու ընդվզումն էր հայտնում ՀՀ տարանուն իշխանություններին: Եվ ՀՀ Սահմանադրությունը դառնում էր քաղաքական քավության նոխազ, մանավանդ որ ընտրողներին հիմնարար փաստաթղթի բովանդակությունը չէր հետաքրքրում, թեպետ հետաքրքրության դեպքում եւս հանրաքվեի պատասխանը նույնն էր լինելու, մանավանդ որ Սահմանադրությունը ոչ միայն քավության նոխազ էր դառնում, այլեւ արատավոր քաղաքական համակարգի եւ տվյալ ժամանակի իշխանության հավերժացման ամբարտակ: Մինչդեռ Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որը պետք է ծնվեր եւ ընդունվեր հասարակական համաձայնության եւ վստահության արդյունքում: Առանց այդ վստահության Սահմանադրությունը չէր կարող անվտանգ դարձնել Հայաստանի նավարկությունը քաղաքական փոթորիկներում: 

ՀՀ Սահմանադրությունը միշտ գրել եւ փոփոխել են իշխանության, այլ ոչ թե՝ հանրության եւ պետության համար: Դրա գաղափարախոսական առանցքը եղել է արատավոր այն համակարգի պահպանումը, որը դարձել էր արգելակ Հայաստանի առաջընթացի եւ զարգացման ճանապարհին: Հենց գործող Սահմանադրությունն է, որ քաղաքական փոփոխությունների ժամանակ փակուղի է մղել ոչ միայն Հայաստանի հանրությանն ու պետությունը, այլեւ՝ հենց իշխանություններին:
Վերջին՝ 2015թ. սահմանադրական հանրաքվեով եւս հանրությունը մերժեց Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման՝ Սահմանադրության տրված իրավունքը, սակայն լայնածավալ ընտրակեղծիքներով նա փորձեց ապահովել նախագահից` վարչապետի իր անցման «սահմանադրականությունը»: Եվ թեպետ Սահմանադրության փոփոխությունները չփրկեցին Սերժ Սարգսյանի իշխանությունը, նաեւ վտանգեցին պետության սահմանադրականությունը՝ ապրիլյան հեղափոխության օրերին եւ դրանից հետո երկիրը մղելով հասարակական-քաղաքական փակուղի, որտեղ արգելափակվել էր պետությունն ու հասարակությունը՝ պատանդ մնալով նախկին խորհրդարանի կամայականությունների ձեռքին:

2015թ. Սահմանադրության հանրաքվեն մերժելու հասարակական-քաղաքական պայքարը «կեղծ օրակարգ» որակող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սահմանադրական փակուղին 2018թ. հեղափոխության ընթացքում թեպետ դժվարությամբ հաղթահարեց, սակայն չհաղթահարեց արատավոր քաղաքական համակարգից օգտվելու՝ ՀՀ բոլոր իշխանությունների բարդույթը՝ ձեւավորելով այնպիսի խորհրդարան, որի ապաքաղաքականությունը, մանկապատանեկան կազմը, միակուսակցական մեծամասնությունը եւ կամակատարությունը առաջիկայում դառնալու են իրական սպառնալիք Հայաստանի պետականության համար՝ խորհրդարանական կառավարմամբ եւ սուպերվարչապետական իրավասություններով, քաղաքական ծրագրերի եւ ռազմավարական հայեցակարգերի բացակայությամբ:

Մինչդեռ հասարակական համաձայնության՝ «սիրո եւ համերաշխության» հռչակած սկզբունքներով առաջնորդվող հեղափոխության կանաչ մարգագետնում նոր քաղաքական թփեր էր պետք տեղադրել՝ նոր ընտրակարգով եւ նոր Սահմանադրությամբ, որոնք պետք է ոռոգվեին ոչ միայն հեղափոխական խանդավառությամբ, այլեւ քաղաքական խելամտությամբ եւ պետական շրջահայացությամբ: Սակայն հեղափոխությունից կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ երիտասարդ հեղափոխականները նախ մերժել են Սերժ Սարգսյանին, ապա հարմար տեղավորվել նրա ստեղծած սահմանադրական փակուղում եւ հրկիզված կուսակցական դաշտում:  
Նոր Սահմանադրության ընդունումը հռչակելով որպես Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթություն՝ «Քաղաքական լիգայի» հայտարարությամբ հասարակական-քաղաքական շրջանակներում արագորեն ձեւավորեց նոր գաղափար՝ Նոր Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ: 

Ամենակարեւոր եւ բարդ խնդիրը, որին առաջիկայում բախվելու են նոր Սահմանադրության եւ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների եւ հակառակորդների բանակները, Հայաստանի Հանրապետության կառավարման մոդելի ընտրությունն է լինելու: Նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարում՝ այս հարցադրումը օրինաչափորեն դառնալու է հասարակական-քաղաքական քննարկումների առանցքը: Սա այն խնդիրն է, որի լուծումը պետք է որոնել հասարակական լայն համաձայնության դաշտում: Ներհայաստանյան իրողությունները նաեւ վկայում են, որ նման համաձայնություն հազիվ թե կայանա, ըստ այդմ մնալու է միայն մեկ հնարավորություն՝ հասնելու քաղաքակիրթ համաձայնության՝ մշակել եւ հանրաքվեի դնել նոր Սահմանադրության երկու նախագիծ՝ նախագահական (կիսանախագահական) եւ խորհրդարանական կառավարմամբ:

Հայաստանի հասարակությունը, ի վերջո, երկրի Սահմանադրությունը եւ դրանով ամրագրված կառավարման մոդելն ընտրելու հնարավորություն պետք է ունենա: Նոր Սահմանադրությունը, անկախ կառավարման համակարգի հետագա ընտրությունից, պետք է ապահովի արդյունավետ, արդարացի պետական կառավարումը, առաջադիմական ընտրական համակարգը, ժողովրդավարական հաստատությունների զարգացումը, քաղաքացիական եւ քաղաքական ազատությունները, իշխանությունների տարանջատումը, դատական համակարգի անկախությունը, պետության տարածքային ամբողջականությունը:

Սահմանադրության հանրաքվեից հետո Հայաստանն անխուսափելիորեն կանգնելու է նոր ընտրությունների (ՀՀ նախագահի, խորհրդարանի) անցկացման հրամայականի առջեւ: Հանրաքվե եւ ընտրություններ. այս հաջորդականությունն անխուսափելի է, ինչպես ցերեկվա ու գիշերվա հերթագայությունը: 

ՀՀ հին՝ գործող Սահմանադրությունը մեր երկիրն անվերջ մղել է հասարակական-քաղաքական փակուղի: Փակուղուց փակուղի մղվող Հայաստանի համար նոր Սահմանադրությունը հասարակական, քաղաքական, պետական կյանքը կմաքրի քաղաքական այն անեծքից, որից չեն կարողանում ազատվել անգամ քաղաքական սնահավատությամբ չտառապողները: