Ինչպե՞ս է լուծվելու շտապօգնության բրիգադների խնդիրը

Ինչպե՞ս է լուծվելու շտապօգնության բրիգադների խնդիրը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ այցելել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն՝ հաշվետվության։ Բայց, ի տարբերություն ՊԵԿ նախագահի եւ ֆինանսների նախարարի, Թորոսյանի հետ հանդիպումը կարծես թե անցել է առանց դաժան տեսարանների եւ տեւել է ընդամենը 2 ժամ, ոչ թե 4-5, ինչպես Դավիթ Անանյանի դեպքում։ Մամուլում էլ կանխատեսում եղավ, թե Թորոսյանին ծանր հանդիպում է սպասվում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Բայց Արսեն Թորոսյանը երեկ այդ հարցին ի պատասխան՝ որոշեց կատակել․ «Էնքան ծանր էր, որ էս հանդիպումը ես էի խնդրել, ոչ թե իրենք։ Պարզապես շատ սպասեցի, տեսա, որ իրենք չեն կանչում, խնդրեցի, որ հանդիպում լինի։ Օրակարգում բազմաթիվ հարցեր կային, հիմնականում պատմելու համար, թե մենք ինչ ենք անում՝ սկսած մեծ օրենսդրական նախաձեռնություններից»։

- Իսկ կանոնակարգը թո՞ւյլ է տալիս, որ ոչ թե իրենք Ձեզ հրավիրեն, այլ Դուք նախաձեռնեք հանդիպում։

- Կարծում եմ՝ զուտ մարդկային հարաբերություններում․․․ չեմ կարդացել կանոնակարգը։

- Հիմա իրե՞նք էին իրականում Ձեզ հրավիրել, թե՞ Դուք էիք նախաձեռնել, քանզի, անկախ մարդկային հարաբերություններից, գոյություն ունի «ԱԺ կանոնակարգ» օրենք։

- Ի՞նչ կանոնակարգ․․․ Լավ, ես խնդրել եմ, որ ինձ հրավիրեն, նորմա՞լ ա։

- Ի դեպ, շտապօգնության բրիգադի լուրջ խնդիր կա հատկապես մարզային բժշկական կենտրոններում, այդ հարցն արծարծվե՞լ է, ինչպե՞ս եք լուծելու այդ խնդիրը։

- Էս տարի, ինչքան գիտեմ, մի քիչ աճ ունենք շտապօգնության բյուջեի, որը որ բաշխվել է տարբեր կայանների միջեւ։ Բայց էդ խնդրի գլոբալ լուծումը ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ, որ շտապօգնությամբ ծառայությունը պետք է լինի կենտրոնացված մի իրավաբանական անձի շրջանակներում, որը թույլ կտա մեզ մի տեղ ունեցած շահույթի հաշվին, էն տեղերում, որտեղ վնասաբեր է ծառայությունը, Ձեր նշած այդ փոքրիկ, մարզային քաղաքներում պահել վնասաբեր ծառայություն, բայց ունենալ հասանելի քանակով բրիգադներ։

- Այսինքն՝ մասնավոր ընկերությո՞ւն պետք է գա եւ վերցնի իր ձեռքը։

- Չէ, չէ, մասնավոր ընկերություն չէ, մի հատ պետական հիմնարկ լինի, որը, ենթադրենք, Երեւանում կկարողանա ունենալ 40 մեքենա ու շահույթ ապահովել, բայց Մարալիկում չի կարողանա շահույթ ապահովել, որովհետեւ փոքր քաղաք է, բայց էնտեղ առնվազն երկու մեքենա է պետք, էդ շահույթի հաշվին Երեւանը կկարողանա պահել Մարալիկի մեքենաները։ Հիմնական խնդիրն այն է, որ մեքենան ֆիզիկապես գուցե կա, բայց բժշկական բրիգադ է պետք, որ մեքենան դուրս գա կանչի։

- Ի վերջո, ՊՈԱ՞Կ է ստեղծվելու, թե՞ այլ իրավաբանական ձեւ է  ունենալու այդ կազմակերպությունը։

- Ենթադրում եմ, որ էսօր գործող, գոյություն ուենցող որեւէ կառույցի բազայի վրա կհավաքենք, նոր կառույց չենք ստեղծի։ Օրինակ՝ Գյումրիում կա շտապօգնության ՓԲԸ, Երեւանում կա, բայց էս փուլում կենտրոնացնում ենք կանչերի ստացման վրա, որովհետեւ դրա պրոբլեմը կա։

- Իսկ ի՞նչ եղավ Airbus ընկերության այն ուղղաթիռը, որ պետք է բերվեր Հայաստան՝ շտապօգնության նպատակով։

- Ուղղաթիռը երկու օրից Երեւանում է լինելու։

- Ո՞վ է ֆինանսավորում դա։

- Մենք ֆինանսական գործերի հետ կապ չունենք, մասնավոր ընկերություն է, մենք պարզապես թռիչքային ժամ ենք առնելու իրենից։