Թերացել են

Թերացել են

Երբ Արցախը հիմնականում հորով-մորով անելուց հետո Նիկոլը հայաստանյան տարածքներ էր հանձնում թշնամուն՝ սկզբում դա պատճառաբանվում էր, թե անբնակ տարածքների համար հո չեն կռվելու: Ու ավելացվում էր, որ իրենց իշխանությունը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգությունն է հոգում: Երբ տարածքներ հանձնելուց հետո պարզվեց, որ վտանգվել է բնակիչների անվտանգությունը՝ իշխանությունից այլևս ձայն-ծպտուն չեղավ: Իսկ հիմա էլ իմանում ենք, որ ԶՈՒ-ի դիրքապահներին սահմանապահներով փոխարինելու անմիտ գաղափարի հետևանքով տարածք հանձնելն ընդամենը եղել է  թերանալու հետևանք: Համենայն դեպս, այդպես են պատասխանել («թերացել ենք») այն հարցին, թե ինչու են թշնամուն հանձնել Սյունիքի Տեղ գյուղի տարածքները: 

Անդրադառնամ ԶՈՒ-ի դիրքապահներին սահմանապահներով փոխարինելու գաղափարին: Այն ոչ միայն անմիտ է, այլ, կարելի է ասել, հանցագործ գաղափար է: Երկրի սահմանները սահմանապահներին հանձնելուց առաջ դրանք պետք է համապատասխան ինժեներական կահավորում ունենան: Որովհետև Հայաստանը Լյուքսեմբուրգ կամ Շվեյցարիա չէ, որ շրջապատված լիներ եվրոպական երկրներով ու անվտանգության խնդիրներ չունենար: Կամ նույնիսկ սահմանն անցներ սրճարանի տարածքով՝ ինչպես կարծեմ բելգիական սահմաններից մեկի դեպքում է: Նիկոլի հրամանատարության «շնորհիվ» Հայաստանի արևելան և հարավ- արևելան սահմանները դարձան ամենավտանգավորները: Որոնց պահպանությունը պետք է դեռևս երկար ժամանակ վստահվի ԶՈՒ դիրքապահ ջոկատներին: Հատկապես որ թշնամին նոր ձևավորված այդ սահմանների ուղղությամբ պատերազմից հետո կառուցել է 5 թե 6 բանակային զորամաս: Դրանց դիմաց Նիկոլը փորձում է սահմանապահ կանգնեցնել, և այդ անմիտ քայլի հիմնավորումն ընդամենը նրա անսասան կոչված, սակայն իրականում կրկին անմիտ խաղաղասիրությունն է:

Դիրքապահներին սահմանապահներով փոխարինելու հետևանքով տարածք կորցնելը «չշկռվող» Նիկոլի հերթական կոպիտ սխալն էր հայելային տարբերակով սահմանից ետ քաշվելու գաղափարից հետո: Երկու դեպքում էլ թշնամին օգտագործում է Նիկոլի «հանճարեղ» գաղափարի հետևանքով առաջացած բացվածքը և զբաղեցնում է այն: Վերջերս կրկին շրջանառվեց 1 իկիլոմետրի չափով հայելային ետքաշման գաղափարը:

Երևի պետք է Աստծուն աղոթենք, որպեսզի Նիկոլի կամ նրա շրջապատի անձանց ուղեղում չծնվի հերթական՝ իբրև թե խաղաղասիրական, իսկ իրականում կապիտուլյացիոն գաղափարը: Մեկ-մեկ զարմանում եմ, թե քանի անգամ պետք է Նիկոլը կանգնի փոցխի վրա ու հարված ստանա ճակատին, որպեսզի հասկանա, որ ինքը չի գտնվում իր ընդունակություններին համապատասխանող տեղում: Ջհանդամը, եթե միայն ինքը հարված ստանար, արդյունքում մենք ենք մարդկային ու տարածքային կորուստներ կրում:

Ի դեպ, ԶՈՒ-ի դիրքապահներին սահմանապահներով փոխարինելու գաղափարը հանրությանը ներկայացրեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին (հեղափոխական օրերի) տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա պարզաբանել է, որ հանցագործ այդ սխալի մեղքը բարդել են ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի վրա ու պաշտոնանկ արել նրան: Ու ես հիշեցի օսկարակիր «Վերջին կայսրը» գեղարվեստական կինոնկարի դրվագներից մեկը: Դրանում մոտ տասնամյա չինական կայսրը եղբորը պատմում էր, որ երբ ինքը որևէ սխալ է գործում, պատժվում է իր պալատականներից մեկը: Փաստորեն նիկոլական «ժողովրդավարության» պարագայում իշխանության վերին օղակներում գործում են նույն կանոնները, ինչ նախկինում չինական կայսեր պալատում: Իսկապես որ, «ժողովրդավարություն» ունենք՝ աշխարհը չունի…

Ի դեպ, ներկայացնեմ դիրքեր պահելու առումով մի հանգամանք ևս, որը բավական տարածված է և առնվազն անհասկանալի է: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ԶՈՒ հրամանատարությունը կամավորական ջոկատներին սկզբում առաջարկում է դիրքեր զբաղեցնել արևելյան սահմանում, իսկ հետո առաջարկը հետողորմյա է անում: Արդեն բազմաթիվ նման դեպքեր են լուսաբանվել լրատվական կայքերում: Դա առավել անհասկանալի է այն երևույթի լույսի ներքո, երբ զինվորական գործից հեռու գտնվող պահեստազորայիներին 25 օրով զորակոչում են իբրև թե զինվորական վարժանքների, սակայն իրականում տանում են սահման: Դրա վերջին դրսևորումներից մեկն էլ «Սևքարեցի Սաքո» մահապարտների ջոկատի հետ կատարվածն էր: Ոնց հասկանում եմ, մենք վերածվել ենք փակ տարածքում փորձարկվողների զանգվածի, որը չի տեսնում դրանից դուրս գալու ելքը: