Ինչպես են իրականացնում քաղաքացիների ինքնամեկուսացումն այժմ

Ինչպես են իրականացնում քաղաքացիների ինքնամեկուսացումն այժմ

Շուրջ մեկ ու կես ամիս առաջ պարետի որոշումը փոխվեց և կորոնավիրուսով վարակված անձանց այլևս սկսեցին չմեկուսացնել հյուրանոցներում։ Նախկինում մեկուսարանների վերածված հյուրանոցներում, որոնք կոչվում էին կարանտինային զոնաներ, աշխատանքները համակարգում էր Երևանի կարանտինային գրասենյակի ղեկավար Նարեկ Վանեսյանը, որն այժմ համակարգում է ինքնամեկուսացման գործընթացը։ Մեզ հետ զրույցում Վանեսյանն ասաց, որ այժմ զբաղվում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և հիվանդանոցների կողմից հայտնաբերված Cօvid-19 ասիմպտոմ դրական անձանց ինքնամեկուսացման գործընթացի իրականացմամբ և նրանց կոնտակտավորների շրջանի ինքնամեկուսացման գործընթացի կազմակերպմամբ`«Արմեդ» համակարգի օգնությամբ․

«Մենք տվյալները ստանում ենք, թե իրենք որ հասցեներում պետք է ինքնամեկուսանան, և ըստ այդ հասցեների՝ իրենց ինքնամեկուսացնում ենք։ Մեր խնդիրը իրենց մեկուսացնելն է, բայց իրենց նկատմամբ հսկողությունն արդեն իրականացնում է իրենց բժիշկը, որին իրենք կցագրված են և թաղային ոստիկանները, մենք այլ վերահսկողական գործառույթ չունենք, մենք շուրջօրյա տվյալներն ենք ներբեռնում, հայտնաբերումն իրականացնում է ՀՎԿԱԿ-ը, իսկ «Armed» համակարգով էլեկտրոնային ինքնամեկուսացումը անում ենք մենք»,- ասաց Վանեսյանը։

Վանեսյանին հարցրինք՝ որտե՞ղ կարող է անձը մեկուսանալ և կարո՞ղ է փոխել իր մեկուսացման վայրը․

«Եթե անձի մոտ հայտնաբերվում է դրականը կամ դրականի կոնտակտավոր է լինում, ապա հայտնաբերող շրջանակը՝ տվյալ պարագայում կա՛մ իր պոլիկլինիկայի բժիշկը, կա՛մ ՀՎԿԱԿ-ի տարածքային մարմինները, իրենք են զանգում և ճշտում, թե անձը որտեղ է ինքնամեկուսանալու, մենք քաղաքացիների հետ ուղղակի շփման մեջ չենք, մենք միայն տվյալն ենք ստանում և ներբեռնում համակարագ։ Քաղաքացին ինքն է որոշում, թե որտեղ մեկուսանա, որովհետև շատ հնարավոր է, որ այդ մարդը ինչ-ինչ խանգարող հանգամանքներ ունենա իր նախընտրած վայրից դուրս մեկուսանալու դեպքում։ Օրինակ՝ երբ օդանավակայանից ինքնամեկուսացում էին անում, ապա կային մարդիկ, որոնք տանը չէին ինքնամեկուսանում, այլ նշում էին ինչ-որ հյուրանոցի հասցե, որը վարձած են եղել։ Ցույց էին տալիս վճարման կտրոնն ու ինքնամեկուսացել է, որովհետև տանը գուցե եղել են մարդիկ, որոնց հետ միասին ինքնամեկուսանալը կարող է խնդիրներ առաջացնել։ Այնպես որ պարտադրանքի խնդիր չկա, իրենք որտեղ ուզում են, կարող են ինքնամեկուսանալ, բայց ընթացքում հասցեն չեն կարող փոխել, ինքնուրույն գնալ ու այլ տեղ ինքնամեկուսանալ, ինքնամեկուսացման վայրը կարող է փոխվել սահմանված կարգով»,- պատասխանեց Վանեսյանը,։

Իսկ հարցին, թե ով է հոգում ինքնամեկուսացման ժամանակահատվածում քաղաքացու հնարավոր կարիքներն ու ծախսերը՝ նկատի ունենալով, որ հյուրանոցներում պարտադիր մեկուսացման ժամանակ սնունդ և որոշակի ծառայություններ էին տրամադրվում, Վանեսյանն ասաց, որ ինքնամեկուսացման ժամանակահատվածում, քանի դեռ անձը չի հայտնվել հիվանդանոցում,ծախսերը հոգում է ինքը։