Արա Մինասյանի նկատմամբ հետախուզումը դատարանը վերացրել է

Արա Մինասյանի նկատմամբ հետախուզումը դատարանը վերացրել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ քրեական դատարանը թողել է անփոփոխ։ Այս մասին «Հրապարակ»֊ի հետ զրույցում ասաց դատախազության հանրային կապերի վարչության պետ Արեւիկ Խաչատրյանը։

«Նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում էր կայացվել: Պաշտպանական կողմը բողոքարկել էր քննիչի այս որոշումը, որն առաջին ատյանի դատարանը բավարարել էր: Հետո դատախազը որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել, եւ դատարանը մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը»,- նշեց  Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում էր կայացվել Արա Մինասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը 2016-2017 թթ․ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ հափշտակել է առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության արդյունքում վնասի չափը կազմում է 426 միլիոն 343 հազար 650 դրամ։