Միտումնավոր էին վնասել

Միտումնավոր էին վնասել

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին սեպտեմբերի 30-ին տեղադրված Նիկոլ Փաշինյանի ուսապարկով արձանը՝ վերնագրված «Իմ քայլը» օրեր առաջ վնասել էին։

Քանդակի հեղինակ Արմեն Դավթյանի որդին՝ Գոռ Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վնասել էին ոտքի հատվածը, բայց ինքն արդեն հասցրել է այն վերականգնել․ «Իմ կարծիքով միտումնավոր էր վնասված, որովհետեւ կոնկրետ հատված էր վնասված, ենթադրում եմ ծանր գործիքով կամ ինչ- որ բանով խփել էին, բայց վերականգնեցի ու նորմալ է հիմա»։

Գոռն ասում է՝ քանդակն այնպիսի հատվածում է տեղադրված, որ կողքը գործող օբյեկտներ չկան, ուստի դժվար է ֆիքսել, թե երբ եւ ում կողմից է արձանը վնասվել․ «Ես իմացա ընտրությունների օրը, երբ որպես ՀՀ հպարտ քաղաքացի գնացել էի ընտրության, այսինքն վստահված անձ էի, հետո հաջորդ օրը նոր գնացի տեսա ու վերանորոգեցի»։ Միտում տեսնո՞ւմ է կատարվածի մեջ․ «Ամեն դեպքում դժվար համընկներ ընտրությունների օրվա հետ»։