Ինչ պետք է անի ու ինչ չի անում կառավարությունը

Ինչ պետք է անի ու ինչ չի անում կառավարությունը

Ի՞նչ է անում եւ ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունը բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու համար․ սա է գլխավոր հարցը, որն այս օրերին հետաքրքրում է ՀՀ քաղաքացիների գիտակից, փողոցներում թրեւ չեկող հատվածին: Առայժմ միակ տեսանելի միջոցը մարտի 24-ից ձեռնարկությունների գործունեության դադարեցումն է եղել, նաեւ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման՝ իրավական առումով խնդրահարույց գործընթացը: Բայց իրավական նրբությունների վրա այսօր շատերը համաձայն են աչք փակել, միայն թե համոզված լինեն, որ կառավարության ձեռնարկած քայլերը կօգնեն մարդկանց՝ փրկվել վարակից: Նման համոզմունք, ցավոք, չկա: 

Կառավարությունը խուճապի մե՞ջ է

Վերջին երկու օրվա կիսատ-պռատ քայլերը վկայում են, որ գործադիրը, որը պայքարում էր խուճապ տարածողների դեմ, ինքն է խուճապի մեջ: Երեկ պարետ Ավինյանի հրամանով Չարենցավանում կարանտին մտցրին, եւ երբ արդեն քաղաքի մուտքերի մոտ պոստեր էին կառուցվում, հրամանը չեղարկեցին: «Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, դա նման սցենարներից մեկն էր, որը տեխնիկական սխալի պատճառով հրապարակվել էր»,- հայտնեցին «Հրապարակին» պարետատնից:  Նույն խուճապային սերիայից էր անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության գաղտնիության իրավունքները սահմանափակող օրինագիծը, որը մարտի 30-ին իմքայլականների ջանքերով ընդունվեց առաջին ընթերցմամբ, մեկ օր անց տապալվեց, երեկոյան արտահերթով ընդունվեց: Թվում էր, թե կառավարությունը հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով է այս օրինագիծն ընդունում, որ հետեւեն մարդկանց տեղաշարժին, զերծ պահեն ավելորդ գնալ-գալուց կամ, ասենք, sms-ներով տեղեկացնեն, թե քանի հիվանդ կա մոտակայքում, ինչպես արվել էր, օրինակ, Չինաստանում: Սակայն օրինագծի նպատակը չհասկացվեց: Ստացվեց, որ իշխանությունն ուզում է հետեւել քաղաքացիների հեռախոսազանգերին ու ինքնանպատակ ֆիքսել նրանց տեղաշարժը։ Թե ինչ կապ ունի այդ դիկտատորական մղումը վարակի տարածման կանխարգելման հետ, մնաց անհասկանալի: Հավանաբար, կառավարությունն էլ լավ չէր պատկերացնում, թե հատկապես որ անձնական տվյալները, ինչու ու որ դեպքում պետք է բացահայտվեն: 

Վարակվելու տեմպը Չինաստանից մեծ է

Հայաստանում հիվանդության տարածման տեմպի վրա կառավարության քայլերի ազդեցությունն ակնհայտ չէ: Մեզանում կորոնավիրուսի տարածման աննախադեպ տեմպ է արձանագրվում: Այս ցուցանիշով գերազանցել ենք Չինաստանը: Առաջին կորոնավիրուսակիրը, որը ժամանել էր Իրանից, հայտնաբերվել էր փետրվարի 28-ին: Մարտի 31-ին հաղորդվեց, որ արդեն ունենք 532 հայտնաբերված: Մեկ ամսում՝ 532 հիվանդ: Վերջին շաբաթում հայտնաբերվածների թիվն օրական ավելանում է 40-50 մարդով: Այսինքն, ունենալով 500 հիվանդ եւ 500 անգամ պակաս լինելով Չինաստանից, օրական 10-15 տոկոս աճ ենք արձանագրում: Պարզ ասած՝ եթե նույն տեմպերով վարակվեր Չինաստանը, ապա այնտեղ հիվանդների թիվն արդեն կլիներ 250 հազար: Մինչդեռ Չինաստանը մարտի 31-ի տվյալներով կորոնավիրուսի 81 հազար 518 հաստատված դեպք ունի: Սա առաջին ապացույցն է, որ կառավարությանը չի հաջողվում կանգնեցնել համաճարակը: 

Բագրատյանն ասում է, կառավարությունը լսում է ու հակառակն անում

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը 90-ականներին դուրս է բերել երկիրը ճգնաժամից, այսօր էլ հակահամաճարակային քայլերի շարք է առաջարկում՝ սկսած Երեւանի թաղամասերի կարանտինավորումից, մինչեւ մթերք տեղափոխող բեռնատարներն օրական 2 անգամ լվանալը, սննդի փաթեթավորումը, մարդկանց տեղեկացումն իրենց մուտքում հիվանդի հայտնաբերման մասին, մինչեւ դրամաշրջանառության ռեֆորմն ու էլի շատ քայլեր: Նա 18 ստատուս է գրել կորոնավիրուսի վերաբերյալ, գործողությունների ամբողջ ծրագիր: «Չինաստանի մեծագույն առավելությունն էր,- գրում է Բագրատյանը,- այն, որ այդ երկրում աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է հեռախոսներով վճարումների տեսակարար կշիռը (ինչպե՞ս դրվատանքի խոսքեր չասես Huawei-ի, Xiaomi-ի եւ այլոց հասցեին)։ Նույն Եվրոպան, մասնավորապես՝ Իտալիան, արագորեն վարակ է տարածում ավանդական պլաստիկ քարտերով վճարումներ կատարելիս»: Նա առաջարկում է կառավարությանը հեռախոսային օպերատորների հետ համատեղ ինտենսիվորեն ներդնել հեռախոսով գնումների վճարման ծրագիր, պլաստիկ քարտերի միջոցով վճարումներից գոնե ժամանակավորապես հրաժարվել: Կառավարությունը, պարզվում է, մտածում է այս հարցի շուրջ, բայց գալիս է ճիշտ հակառակ եզրահանգման, որ հարկավոր է ավելացնել անկանխիկ շրջանառությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 30-ի ասուլիսում ասաց. «Հարցը հետեւյալն է՝ որքան ինտենսիվ կարող ենք կանխիկի շրջանառությունը դարձնել անկանխիկ, այլ ոչ թե կանխիկ գործիքը փոխարինել այլ՝ ավելի անվտանգ կանխիկ գործիքով»: 

ՀԴՄ-ն ու պլաստիկ քարտը վարակ են տարածում

Անկանխիկ շրջանառությունը այսօրվա տեսքով ավելացնելով, մենք ավելի շատ ենք օգտագործելու բանկոմատներ, պլաստիկ քարտեր:  Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պլաստիկ քարտերի, բանկոմատների, վճարման սարքերի, ՀԴՄ-ների միջոցով վարակն ավելի հեշտ է տարածվում, քան նույնիսկ թղթադրամի, որովհետեւ թղթադրամը կարելի է լվանալ այդ նույն ալկոգելով, իսկ պլաստիկ քարտը 2-3 անգամ լվանալուց հետո շարքից դուրս կարող է գալ: Չինաստանում առաջարկներ են եղել՝ հանել պլաստիկ քարտերը շրջանառությունից: Ամբողջ Չինաստանն անցավ հեռախոսային վճարման եղանակի: Մտնում ես խանութ, առեւտուր ես անում, Ձեզ ասում են թիվ, որը հեռախոսի մեջ հավաքելով, սեղմում ես, եւ վաճառողի ապարատի վրա լույս է վառվում, ինչը նշանակում է, որ վճարումը կայացավ: Ո՛չ քարտ է պետք, ո՛չ էլ ՀԴՄ: Այս նորամուծությունը Հայաստանում եւս կիրառելը, ըստ Բագրատյանի, մոտ 10-15 օրվա աշխատանք կպահանջի Կենտրոնական բանկից: 
ՀԴՄ-ից ոչ պակաս վտանգավոր են ոստիկանի ձեռքերը, նույնիսկ ձեռնոցները, որոնցով նրանք հարյուրավոր մարդկանց անձնագրերին է դիպչում: Վերջին օրերին ոստիկաններն այլեւս անձնագրերն ու տեղաշարժման թերթիկներն իրենց ձեռքը չեն վերցնում, սակայն սա եւս չի փրկում վարակվելու հեռանկարից, քանի որ տեղաշարժի թերթիկը 50 սանտիմետր հեռավորությունից էլ հնարավոր չէ կարդալ, իսկ այդ 50 սանտիմետրն արդեն վարակի տարածման համար վտանգավոր հեռավորություն է համարվում: 

Այժմ՝ թեստերի մասին

Մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ մեզանում օրական մոտ 50 կորոնավիրուսով վարակված է հայտնաբերվում: Տպավորություն է, թե թեստերի օգտագործումը խիստ լիմիտավորված է, որոշակի քանակ կա, որը չի կարելի գերազանցել, եւ ոչ բոլոր ցանկացողներն են կարողանում թեստ հանձնել: Այս տեղեկությունը հաղորդում են նաև որոշ հիվանդներ: Թեեւ առողջապահության նախարարն իր ասուլիսներում չի դադարում կրկնել, որ Հայաստանում բավարար քանակի թեստեր ունենք, դժվարությամբ ենք հավատում դրան: Բնակչության զանգվածային թեստավորումը միայն կբացահայտի հիվանդության իրական պատկերը եւ թույլ կտա հիվանդներին լիարժեք մեկուսացնել, եթե պետք է, առանձին բնակավայր նրանց համար հատկացնել: Զանգվածային թեստավորում կատարել են Չինաստանը, Սինգապուրը, այն արվում է ԱՄՆ-ում, Գերմանիան է շուտով ավարտելու գործընթացը: Այս երկրում օրական օգտագործվում է 200 հազար թեստ: Հարավային Կորեայում օրական 100 հազար թեստ է արվում: Հայաստանի ամբողջ բնակչությանը ստուգելու համար, մինչեւ 6 տարեկան երեխաներին չհաշված (պայմանականորեն եմ նշում՝ Ս. Ս.), անհրաժեշտ է ընդամենը 2 մլն թեստ: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուրս երկու թեստ պետք է հանձնենք, իսկ թեստի արժեքը 3-10 դոլար է, ապա 2 մլն հատ 4 դոլարանոց թեստ ձեռք բերելու համար մեզ հարկավոր է 16 մլն դոլար: Այս գումարը կարելի է հանել կառավարության ու պատգամավորների պարգեւատրումների ֆոնդից: Ոստիկանության ու առողջապահության համակարգի աշխատողների պարգեւատրումները կարելի է թողնել:

Հասկանալի է, որ թեստեր չկան, որ աշխարհում թեստերի կրիզիս է, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի մեծ տերությունների հետ համապատասխան մակարդակի հարաբերություններ, որպեսզի նրանցից մեկը մեզ այդքան թեստ վաճառի: Բայց Հայաստանի բնակիչներս իրավունք ունենք պահանջելու մեր կառավարությունից՝ դրսեւորել կառավարչական եւ դիվանագիտական հմտություններ, լուծելու համար թեստերի հարցը, եւ գոնե համավարակի իրական պատկերն ունենանք, որն այս պահին հիմնական հարցն է: Իսկ մենք նույնիսկ հասարակ կարանտին չենք կարողանում մտցնել: