Մեզնից յուրաքանչյուրն ինքնամեկուսացել է իր ընտրության հետ
Վերջին օրերին մի կպչուն միտք ինձ հանգիստ չի տալիս. կարանտինը մեզ մենակ թողեց մեր իսկ ստեղծած իրականության հետ: Մեծ հաշվով, հիմա մեզնից յուրաքանչյուրն ինքնամեկուսացել է իր ընտրության հետ: Թերեւս սա է ամենածանր փորձությունն այսքանի մեջ: Մենք փակված ենք այն տանը, որը ստեղծել ենք, մենք միայնակ ենք այն ամուսնու կամ կնոջ հետ, ում ընտրել ենք, մեր կողքին են այն երեխաները, ում դաստիարակել ենք: Շատ դժվար է այսքան խտացված եւ ցայտուն տեսնել քո ընտրության արդյունքը: Իմ դեպքում եթե ամուսնու ու երեխայի ներկայությունը միայն դրական են անդրադառնում, ապա տան մասին նույնն ասել չեմ կարող: Ամբողջ կյանքում լինելով «սնոբ երեւանցի»՝ կենտրոնից մի քայլ այն կողմ չանող, հիմա կենտրոնի բնակարանի փոխարեն երազում եմ մի փոքրիկ տան մասին՝ թեկուզ ծայրամասում, բայց հողի վրա՝ իր այգով: Հավատացեք, ամենահիասքանչ պատշգամբը՝ ցնցող տեսարանով, չի փոխարինի փոքրիկ այգուն՝ մի երկու ծառով: Մեր արագընթաց, դրսում անցնող կյանքը հնարավորություն չէր տալիս նկատել, թե ինչքան աչքաթող ենք արել մեր բնակարանները: Փողի խնայողությունը, տարիներով հետաձգվող գնումները, ի վերջո՝ կարեւոր չէ, թե տանդ ինչ է կատարվում, եթե դու տանը չես: Հայտնի խոսքեր կան․ «Ի՞նչ կարեւոր է՝ հագիդ ինչ կոշիկ է, եթե քայլում ես Փարիզի փողոցներով»: Պարզվեց՝ կարեւոր է, անգամ տան հարմարավետ հագուստն է կարեւոր, իսկ Փարիզը հեռու ու անհասանելի է: Արդյունքում մեզնից շատերն անգամ հարմար մահճակալ չունեն, էլ չեմ ասում կենցաղը գեղեցկացնող իրերի մասին: Ու հիմա փակված լինելով մեր իսկ ստեղծածի հետ՝ շատ դժվար է չտեսնել ու չզգալ արած սխալներդ, կրկնակի դժվար է այդ սխալներն ընդունելն ու պատասխանատվությունը կրելը: Ինչ վերաբերում է ինձ, ապա այս ամենի ավարտից հետո մի բան հաստատ է՝ առաջինը, ինչ անելու եմ, բնակարանի վերանորոգումը կլինի:
Կարծիքներ