Կորոնավիրուսի հիվանդների բուժումը ցանկացած պարագայում անհատական մոտեցմամբ է

Կորոնավիրուսի հիվանդների բուժումը ցանկացած պարագայում անհատական մոտեցմամբ է

Օրերս զրուցել էինք Մոսկվայի Սպասակուկոցկու անվան հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Վիգեն Մալխասյանի հետ, ով կորոնավիրուսի համավարակից հետո օրերի ընթացքում վերապատրաստվել էր որպես թերապևտ և օրական հարյուրավոր հիվանդներ է ընդունում ու մարդկային կյանքեր փրկում։ Նա մանրամասներ էր ներկայացրել այս հիվանդության նենգ կողմերը, երբ, օրինակ, քայլող ու կատակող հիվանդը կարող է հաշված ժամերի ընթացքում վատանալ ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, որտեղից, նրա խոսքով, գնացողների 50 տոկոսն է վերադառնում։

Ի՞նչպես են բուժում հիվանդներին, ինչպես են որոշում նրա ծանրության աստիճանը այստեղ՝ Երևանում։ Զրուցել ենք Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի համաճարակաբան Սերոբ Համբարձումյանի հետ։  Նրա խոսքով, հիվանդության վաղ հայտնաբերումն ու ախտորոշումը կարևոր է։ «Եթե հիվանդի իմունիտետը թույլ է, ինչքան շուտ ախտորոշվի, այնքան ավելի հնարավոր է, որ արդյունքները լինեն ավելի լավ, որպեսզի կանխվի հիվանդության խորացումը»,-ասաց բժիշկը։

Ինչ վերաբերում է նրան, թե հիվանդի կլինիկական ախտանիշներին ծանոթանալով՝ այս ընթացքում կարողանու՞մ են որոշել՝ նրա մոտ հիվանդությունն ինչ ընթացք կստանա, ապա բժիշկ Համբարձումյանն ասում է, որ ոչ, ուղղակի զննելով՝ հնարավոր չէ ասել։ «Շատ բան կախված է հիվանդի իմունիտետից։ Հիմանականում։
Սերոբ Համբարձումյանի խոսքով՝ գոնե իրենց հիվանդանոցում նման բան չի արձանագրվել, որ վերակենդանացման բաժանմունքից հետո  հիվանդների 50 տոկոսը պալատ այլևս չի վերադառնում։«Թու-թու-թու, մեր ռեանիմացիայում դեռևս ոչ ոք․․․ վատ ելքով բան չի եղել, էլի։ Բոլորը, եթե կարիք է լինում ռեանիմացիայում մնալու, բարեհաջող կերպով բուժում են ստանում ու մի որոշ ժամանակ անց դուրս են գալիս էդ վիճակից։ Հնարավոր է՝ կան հիվանդներ, որոնք մահանում են, բայց մահանում են ոչ մենակ էն պատճառով, որ Covid է․ այլ հիվանդություններից, որոնք էդ վարակի հետ մեկտեղ բերում են վատ ելքի »։
Բժշկի խոսքով՝ սնկային կամ բակտերիալ թոքաբորբ․ չի կարող ասել, թե այս  երկուսից ո՞րն է առավել  վտանգավոր։

Հիշեցնենք, որ մոսկովյան բժիշկը՝ Վիգեն Մալխասյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ շատ էական է փորի վրա պառկած լինելը։ Հիշեցնենք, որ սա թոքերի օդափոխության լավացման նպատակով է։ Բժիշկ Համբարձումյանն ասում է, որ սա ցանկալի է, բայց բոլորը չէ, որ կարող են փորի վրա պառկել։«Էն դեպքում, եթե գեր չեն, չունեն մեծ փոր,   որովհետև եթե մարդը գեր է, նրա շնչառությունը էլ ավելի կարող է վատանալ։ Դա ցուցված է միայն միջին կազմվածքի մարդկանց»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է բուժման եղանակներին, ապա բժիշկ Համբարձումյանն ասում է, որ ինքը բուժման սխեմայով չի զբաղվում, դա անում են թոքաբանները, բայց առհասարակ բուժումը կոմպլեքսային է․ կարող են լինել հակաբիոտիկներ, որոշակի արդյունք ցուցաբերած դեղամիջոցներ, հակավիրուսային պրեպարատներ  արյան մակարդելիությունը բարձրացնող պրեպարատներ։ «Կան պրեպարատներ, վիրուսային, որոնց նշանակումն արվում է հիվանդի համաձայնությամբ և ստորագրությամբ։ Այսինքն՝ եթե հիվանդը տեղյակ լինելով, թե ինչ է իրենից ներկայացնում էդ պրեպարատը, ինչ կողմնակի ու ուղղակի էֆեկտներ ունի, եթե ցանկանում է ընդունել, ընդունում է, եթե հրաժարվում է, ոչ ոք առանց հիվանդի կամքի չի նշանակում»,-մանրասմասնեց բժիշկը։ Նշենք, որ խոսքը «Պլակվենիլի» մասին է։

Ինչ վերաբերում է բուժման եղանակներին, նա նշեց, որ այնպես չէ, որ բոլորը նույն ձևով են բուժվում․ ցանկացած պարագայում անհատական մոտեցում է։