Դեմ կանգնել անգրագիտության հնարավոր հեղեղին

Դեմ կանգնել անգրագիտության հնարավոր հեղեղին

2005 թվականից Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգը ներառվեց Բոլոնիայի գործընթացում, եւ, բնականաբար, եվրոպական կրթական միասնական տարածքում առկա որոշ կառույցներ իրենց համօրինակներն ունեցան հայկական կրթական համակարգում։ Մասնավորապես, ՀՀ բոլոր պետական ու ոչ պետական բուհերում ստեղծվեցին որակի ապահովման կենտրոններ, որոնց հիմնական առաքելությունը բուհերի որակյալ կրթական գործունեության ապահովումն էր։ 1999 թ․ ընդունված Բոլոնյան հռչակագրում նույնպես որակի ապահովման խնդիրը ակնկալվող համաեվրոպական բարեփոխումների առաջնահերթություններում կարեւորությամբ երկրորդն էր։ Այսօր էլ որակի ապահովման կենտրոնները, ժամանակի ընթացքում կադրերով ու տեխնիկական հնարավորություններով ավելի հագեցած, գործում են բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Եվ այսօր էլ նույնն է նրանց առաքելությունը, որի կատարման վերջնարդյունքն ու միակ արժանահավատ վկայությունն այնպիսի մասնագետի թողարկումն է, որը պահանջված եւ մրցունակ է ժամանակակից աշխատաշուկայում՝ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ մասնավորապես եվրոպական կրթական տարածքում։

Սակայն այսօր որակի ապահովման կենտրոնների գործունեության արդյունավետությունը հազիվ թե կարելի է բավարար համարել հենց վերը նշված պատճառով․ ամեն տարի հայաստանյան բուհերն ավարտում են մասնագիտական առումով ցածր, միջակ գիտելիքներ ունեցող հազարավոր երիտասարդներ՝ հախուռն կերպով համալրելով գործազուրկների, ապարդյուն աշխատանք փնտրողների բանակը։ Այս անմխիթար վիճակի պատճառներից մեկը, որքան էլ տարօրինակ համարվի, հենց բուհերի որակի ապահովման կենտրոններն են՝ իրենց թերի, ոչ համակարգված եւ հաճախ ձեւական բնույթ կրող գործունեությամբ։ Թերի ասելով՝ նկատի ունեմ այն հանգամանքը, որ որակի ապահովման կենտրոններն իրենց առաքելությունը սկսում են ամենեւին էլ ոչ բուն մեկնակետից՝ ընդունելության քննություններից․ նրանք նախապես չունեն մոտավոր պատկերացումն ու վիճակագրությունն այն կոնտինգենտի մասին, որոնք համապատասխան աշխատանքի շնորհիվ պետք է նաեւ ապագա լավագույն մասնագետները դառնան։ Հայաստանյան բուհերում որակի ապահովման կենտրոնները գործի մեջ մտնում են «կեսից», երբ ամենակարեւոր փուլը՝ ապագա մասնագետի ընտրությունը, կատարված է։ Ահա թե ինչու այդ կենտրոնները, որ թվում է՝ ամեն ինչ ունեն՝ գրագետ եւ ճոխ ռազմավարություններ, կատարյալ կանոնադրություններ, գործունեության մշակված ուղենիշներ եւ այլն, վերջին հաշվով չունեն ամենագլխավորը՝ արդյունք՝ ի դեմս կրթված, բարձրակարգ եւ մրցունակ մասնագետ շրջանավարտների։

Մեկնարկող բուհական ընդունելությունների քննություններում արդյոք որեւէ դերակատարություն կունենա՞ն որակի ապահովման կենտրոնները, արդյոք դրանք ունե՞ն վերահսկողական ինչ-ինչ լծակներ, որ բուհերում չհայտնվեն ոչ միայն ցածր գիտելիքներով պատանիներ ու աղջիկներ, այլեւ նույնիսկ մտավոր խնդիրներ ունեցողներ։ Որակի ապահովման կենտրոններն արդյոք իրենց անկախ-անկողմնակալ «մարդն» ունե՞ն ընդունելության քննությունների հանձնաժողովներում, որքանո՞վ են ի զորու ազդել որոշումների կայացման վրա։ 

Այս խնդիրը հրատապ է դառնում հատկապես հիմա, երբ, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, սահմանափակվելու են ընդունելության քննություններին դիմորդների մասնակցության եղանակները։ Հիշեցնենք, որ 2020-2021 ուսումնական տարվա համար բուհերում ընդունելությունը կազմակերպվում է միայն մեկ՝ մասնագիտական առարկայից գիտելիքների ստուգման եղանակով, հետեւաբար, շատ մեծ է հավանականությունը, որ ավելի անվերահսկելի կդառնա անհրաժեշտ գիտելիքներ չունեցողների մուտքը բուհեր, եթե նույնիսկ այդ քննությունները, կենտրոնացված լինելով, կազմակերպվում եւ վերահսկվում են ոչ անմիջականորեն բուհերի կողմից։
Այսօր ՀՀ բոլոր բուհերը, ներառյալ մայր բուհը, ունեն ուսանողի խնդիր․ դա բուհերի համար կենսական է, քանի որ նրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները գոյանում են հիմնականում ուսանողի վարձավճարից, հետեւաբար, կարելի է կանխատեսել, որ բուհերի ղեկավարները, հանուն առաջիկա ֆինանսական ապահովվածության, աչք կփակեն հատկապես հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննություններում դիմորդների գիտելիքների մակարդակի ու որակի վրա, ինչպես արել են մինչ այսօր, եւ բուհերի դռները նորից լայնորեն կբացվեն ընդամենը ֆինանսական մուտք ապահովող դիմորդների համար։ 
Ահա այստեղ է, որ կարեւորվում է բուհերի որակի ապահովման կենտրոնների դերը՝ դիմադարձ կանգնել բուհի ղեկավարությանը՝ բացառելու հնարավոր անարդարությունները, ինչպես նաեւ սերնդի որակյալ կրթությունն ապահովելու փոխարեն՝ իրավիճակային «լուծում» ենթադրող ամենաթողության դրսեւորումները։

Անշուշտ, այստեղ դարձյալ հարց է ծագում․ մենք ունե՞նք այդպիսի՝ սերնդի արդյունավետ կրթությամբ շահագրգիռ ինքնուրույն կառույցներ, որոնք կկարողանան դեմ կանգնել անգրագիտության հնարավոր հեղեղին։

ՀԳ․ Որակի ապահովման կենտրոնների աշխատակազմերը ձեւավորվում են բուհերի ղեկավարների կամքով եւ հրամանով։ Գուցե ժամանա՞կն է, որ դրանք անմիջականորեն գերատեսչական (ստույգ՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի) ենթակայությամբ գործող կառույցների վերափոխվեն, մանավանդ որ հենց այդ կենտրոնն է պատասխանատու բուհերի ընդունելության քննությունների  համար։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ