Թող առողջ մրցակցություն լինի, ես որևէ խնդիր չեմ տեսնում

Թող առողջ մրցակցություն լինի, ես որևէ խնդիր չեմ տեսնում

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհուրդը «Հրապարակին» ուղարկված բաց նամակի միջոցով իր աջակցությունն է հայտնել թատրոնի տնօրենի ԺՊ Կամո Նաղդալյանին՝ առաջիկայում կայանալիք թատրոնի տնօրենի մրցույթում, մասնավորապես նշելով, որ թատրոնը վերջին տարիներին անցել է խրթին ժամանակների միջով եւ ենթարկվել զանազան փորձությունների։ «Նման մթնոլորտը բացասական ազդեցություն է ունեցել մեր ստեղծագործական գործունեության վրա՝ թատրոնը հասցնելով ճգնաժամի շեմին, սակայն վերջին հինգ ամիսներին տեղի ունեցավ ակնհայտ շրջադարձ, երբ տնօրենի ժամանակավոր պաշտոնը ստանձնեց Կամո Նաղդալյանը։ Նրա շնորհիվ բարելավվեցին շենքի պայմանները, կատարվեց նոր դահլիճի բացումը, ուր արդեն իսկ բեմադրվում են տիկնիկային ներկայացումներ, հանդես են գալիս հրավիրված թատերախմբեր»,- գրված է նամակում։

Արտաշատի թատրոնի տնօրենի մրցույթը նախատեսված է մարտի 24-ին, տնօրենի ԺՊ Կամո Նաղդալյանը, ով 10 տարի Արտաշատի թատրոնում աշխատել է որպես դերասան, որից մեկ տարին՝ փոխտնօրեն, մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն դիմել է տնօրենի մրցույթի համար, բայց կարծում է, որ կլինեն այլ թեկնածուներ եւս․ «Թատրոնից չկան, բայց կարող են այլ տեղերից էլ դիմել, քանի որ ազատ մրցույթ է, խոսակցություններ արդեն կան, բայց ոչ պաշտոնական մակարդակի։ Թող լինեն, ու թող առողջ մրցակցություն լինի, որեւէ խնդիր չեմ տեսնում, ես միայն համաձայն եմ»։

Թատրոնի շենքային պայմանները քիչ թե շատ բարելավվել են հենց իրենց արտաբյուջեի հաշվին, մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել, այն է՝ սանհանգույց, հանդերձարաններ․ «Մենք դահլիճ ունեինք, որ պահեստի էր վերածվել, իմ եւ թատրոնի ամենամեծ ձեռքբերումը դա է՝ կառուցեցինք մեր ուժերով, եւ այնտեղ արդեն տիկնիկային թատրոն է հիմնվել՝ 80 տեղանոց դահլիճով, որը կծառայի նաեւ որպես հարթակ մոնոներկայացումների, երիտասարդ ստեղծագործողների համար։ Այսինքն՝ 2-րդ դահլիճն ենք ստեղծել այս մի քանի ամսվա ընթացքում, որը որպես տիկնիկային է գործելու, որովհետեւ այդ բացը կար, եւ հանդիսատեսին պետք է փոքրուց դաստիարակել։ Արդեն սկսել ենք առաջին բեմադրությունը, հրավիրել եմ ռեժիսոր Երեւանից՝ տիկնիկային թատրոնից, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մարտի 10-ին կլինեն առաջնախաղը եւ տիկնիկային թատրոնի բացումը»։

Ինչ վերաբերում է Արտաշատի թատրոնի շենքի շինարարությանը, ապա այն երկար նախապատմություն ունի․ նախկին կառավարությունը գումար էր հատկացրել թատրոնի վերանորոգման համար, բայց գործն արվել էր շատ անորակ, ինչի արդյունքում նախկին մարզպետը դիմել էր դատարան։ Թատրոնի շինարարության մասով այժմ գործը դատարանում է․ «Այդ մասով էլ ձեռքերս կապված են, որպեսզի շինարարություն սկսեմ եւ կարգի բերեմ շենքի պայմանները։ Շատ գործեր կան, որ թերի են, բայց պետք է դատարանն իր որոշումը կայացնի։ Հետո՝ կառավարությունը դեռ 17 մլն դրամ պետք է հատկացնի, որ գործը վերջնակետին հասցնեն, ասել են՝ մինչեւ այդ թերությունները չվերջացնեք, չենք հատկացնի։ Հիմա մինչեւ դատական գործը չավարտվի, 17 մլն-ն չստանանք, չենք կարող թատրոնի շինարարությունն ավարտել ամբողջովին։ Իսկ գործը, իրոք, շատ անորակ ու վատ է արված, թատրոնի հետ կապ չունի նման վերանորոգումը, մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ թատրոնին, 90-ականների լուսաձայնային տեխնիկա են տեղադրել, ո՛չ թատերական լույսեր, այսինքն՝ ինչ արվել է, ճիշտ չի արվել թատրոնի համար։ Ռեժիսոր եմ հրավիրել, ներկայացում ենք բեմադրում, ռեժիսորն ասում է՝ ձեր լույսերը թատերական չեն։ Այսինքն՝ անելիքներ շատ կան, որոնք այս տարիների ընթացքում մատնված են եղել անուշադրության։ Այս պահին որեւէ մեկին չեմ փնովում, բայց ասում եմ այն, ինչ տեսնում եմ։ Տարիներ շարունակ էլեկտրական ագրեգատ չկար մեր թատրոնում, լույսերը գնում էին, ու փաստի առաջ էինք կանգնում։ Իմ խնդրանքով տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մի հատ ագրեգատ մեզ նվիրեց։ Ուզում եմ նաեւ միկրոավտոբուսի հարց լուծել, որպեսզի սահմանամերձ գյուղեր ներկայացումներ տանենք, թատրոնը բոլորի համար է, եւ եթե նրանք չեն կարողանում գալ, մենք պետք է գնանք»։

Այժմ Արտաշատի թատրոնում 4 ներկայացում է պատրաստվում բեմադրության, մեկը՝ տեղացի, 3-ը՝ հրավիրյալ ռեժիսորների մասնակցությամբ։ «Խաղացանկը թարմացնելու կարիք ունենք»,-ասում է Նաղդալյանն ու հույս հայտնում, որ մինչեւ տարվա վերջ 6-8 առաջնախաղ կունենա Արտաշատի թատրոնը։

Դեռ 2 տարի առաջ թատրոնի տնօրեն նշանակվեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի փոխտնօրեն Գագիկ Ռոստոմյանը, որն իր կամքով, սակայն, աշխատանքից ազատման դիմում գրեց ու հեռացավ ԱՄՆ։ «Նրա 65 տարին լրացել էր, այսինքն՝ միեւնույն է, դուրս էր գալու, ամիսների խնդիր էր, ուղղակի ուրիշ բաներ են խոսում, որ իբր փախել է․․․, չգիտեմ՝ ում է ձեռք տալիս, որ նման լուրեր տարածեն»,-ասում է թատրոնի ներկայիս տնօրենի ԺՊ-ն ու նկատում, որ թատրոնն այս պահին չունի գեղարվեստական ղեկավար, նախկին գեղղեկավար Հայկ Մնացականյանին թատրոնի նախկին տնօրեն Գագիկ Ռոստոմյանն ազատեց աշխատանքից։

Նախարարության հետ համաձայնեցնելու արդյունքում թատրոնն այլեւս չունի գեղղեկավարի հաստիք, այդ աշխատանքները կարգավորում է գեղարվեստական խորհուրդը։

Կ․ Նաղդալյանն ուզում է աշնանը համահայկական թատերական փառատոն կազմակերպել, քանի որ առաջին թատրոնն Արտաշատում է եղել․ «Ցանկություն կա, որ հենց այդտեղ լինի, որպես առաջին թատրոն՝ առաջին թատերական քաղաք Արտաշատում։ Նաեւ ուզում ենք հրավեր ուղարկել սփյուռքի մեր թատրոններին, որ մասնակցեն ու դրանով կապվեն հայրենիքի հետ։ Դա նախագիծ է ընդամենը, որը քննարկել ենք համապատասխան մարմինների հետ, հավանություն կա, մնում է գործը սկսենք։ Ճիշտն աշխատանքով ապացուցելն է, ոչ թե խոսելը»։