Քանդե՛ք բարիկադները «նրանց» ու «ձերոնց» միջև, դարձեք բոլոր հայերի երազանքների առաջնորդը

Քանդե՛ք բարիկադները «նրանց» ու «ձերոնց» միջև, դարձեք բոլոր հայերի երազանքների առաջնորդը

Մեր բարոյական անկումը շարունակվում է, ու փրկարար «պարաշյուտը» ոչ մի կերպ չի բացվում։ Լավ է, որ մացառապատ քարերին խփվելուց առաջ «արթնանում» ենք։ Վատ է, որ մղձավանջային երազը կրկնվում է։ Քաղաքական եւ հասարակական կյանքում իսկական սոդոմ-գոմոր է, մեդիա եւ սոցցանցերում՝ համարյա քաղաքացիական պատերազմ։ Սուտը, հայհոյանքը, շանտաժը, մատնությունը, ահաբեկումը նորանոր անմշակ տարածքներ են գրավում։ Պառակտվածությունը, անձնական հիվանդագին հավակնությունները, «տակը փորելը» եղել եւ մնում են մեր աքիլեսյան գարշապարը։ 

Խեղճ ազգ, որդը մեջդ է։ Երվանդ Օտյանն այս տողերը երեւի գրել է հենց մեր օրերի համար։ Խառն ու խառնակ ժամանակներ են։ Ես, ինչպես հարյուր հազարավորները, խենթացել էի «հաբռգած» նախկինների տապալմամբ, վերջապես օրինավոր եւ արժանապատիվ հասարակություն կերտելու երանելի հեռանկարով։ Ու հիմա սիրտս ցավում է, երբ տեսնում եմ՝ ինչ է կատարվում երկրում։ Վերջին 30 տարում ծաղկուն Հայաստան ունենալու 3 հրաշալի շանս տրվեց մեզ։ 1988-ին Արցախի շուրջ ազգի համախմբումն անօրինակ էր։ Օդը ներծծված էր սիրո եւ ջերմության թրթռուն բուրմունքով։ Բայց ժողովրդի «հայրն» իր «հոտին», մեղմ ասած, «քցեց»։ Ցուրտ ու մութ տարիներ՝ այսօրվա սերնդի համար դժվարըմբռնելի եւ արդեն մոռացվող բառակապակցություն։ Հայրենակիցների զրկանքներին անհաղորդ նախագահ Տեր-Պետրոսյանը նախընտրեց իր շրջապատի համար կուշտ ու տաք կյանքը։ Տնաքանդները երկրաշարժից տուժածներին ուղարկված դրսի օգնությունն անգամ հափռեցին։ «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է»՝ «հանճարեղ» մտքի հեղինակն էստաֆետը հանձնեց երկրի «միակ տղամարդուն»։ Անօրինությունների արագընթաց թափանիվն այլեւս հնարավոր չէր արգելակել, եւ Սերժ Սարգսյանի տիրապետության օրոք երկիրը վարակվեց կոռուպցիայի, հովանավորչության ու կեղծիքի «կորոնավիրուսով»։ 

Մեր ուսերին բազմած, առոք-փառոք՝ ղեկին հայտնվեց Նիկոլ Փաշինյանը։ Նախորդների անփառունակ վերջաբանը, ինչպես պարզվեց, նրան բան չէր սովորեցրել։ Նա ինչքան «ժողովուրդ ջան» ասաց, այնքան հեռացավ նրանից, ինչքան սիրուց ու համերաշխությունից, թավիշից ու ժողովրդավարությունից խոսեց, այնքան դարձավ ինքնասածի, իշխանատենչ ու վրեժխնդիր։ Ինձ ցավ է պատճառում, որ հալալ ընտրված երկրիս վարչապետին այսօր եթերում սրիկա, ստախոս, հոգեկան հիվանդ, ճիվաղ են անվանում։ Ցավոք, առիթի պակաս չկա, որովհետեւ ցուգ-ցվանգի մեջ հայտնված Փաշինյանն ինչ ասում, ինչ անում է, սխալ է դուրս գալիս (նրա նախորդը կասեր՝ խիարը թարս է բուսնում)։ Իսկ կադրե՜րը։ «Թեկուզ պոլի փեդ՝ ՀՀՇ-ից լինի»՝ 90-ականների կարգախոսը չի փոխվել։

Իշխանություն ասելով՝ մարդիկ հասկանում են Նիկոլ Փաշինյան։ Ու նա լիուլի օգտվում է բացառիկի իր կարգավիճակից։ «Գյադե՛ք, էս կողմ անցեք, գյադե՛ք, էն կողմ անցեք»՝ նրա հրամանները կրակն են գցում «գյադեքին»։ Որքա՜ն անհեթեթ փաստարկներ են մոգոնել իմքայլականները՝ արդարացնելու ՍԴ-ն ամեն գնով «բնաջնջելու» շեֆի մտասեւեռումը։ Նա հիացած է ԱԺ-ում «մաստեր-կլաս» տվող իր «ուժով»։ «Թովմասյանն այնքան անգրագետ է, որ չգիտե՝ ինքը դատավոր չի»,- քմծիծաղում է «մաստեր-կլաս»-ի վարպետ մի պատգամավորուհի (Փափազյանը կասեր՝ ամեն սեւ բան դեռ Օթելլո չէ)։ Ի դեպ, նրա խորհրդին հետեւելով, երբ օրերս անցնում էի մի մանկապարտեզի կողքով, հարցրի բակում խաղացող երեխաներին՝ ո՞վ է Հրայր Թովմասյանը։ -Չգիտենք ով է,- ծլվլացին մանկիկները,- բայց հաստատ՝ վատ մարդ է։ Վանգան ո՞վ է Քրիստինե Պողոսյան «սենատորի» համեմատությամբ․․․

Խե՜ղճ հայ մարդ, ո՞ր քարին գլուխդ խփես։ Չգիտի՝ հիմա ինքը Պողո՞ս է, թե՞ հպարտ քաղաքացի։ Իմքայլական Ծովինար Վարդանյանը սահմանադրական հանրաքվեի օրինականության հարցին ի՞նչ պատասխանի, որ աթոռից վայր չընկնեք․ «Ի՜նչ սահմանադրություն, ի՜նչ ԱԺ, ի՜նչ կառավարություն, դրանք առոչինչ են ժողովրդի առաջ»։ Իմ խե՜ղճ ականջներ․․․

Երեսպաշտությունը, նենգափոխությունը մեր փոքրիկ երկրի սահմաններում արդեն չեն տեղավորվում։ Միշտ խրոխտ, ճարտասանության «սեն-սեյ» Արմեն Աշոտյանը, իրենց համեմատելով ներկաների հետ, ասում է․ «Մենք էլ կատարյալ չէինք, բայց ավելի խելոք էինք ու բարոյական»։ Ինչո՞վ չափել բարոյականությունը՝ թզո՞վ, կիլոգրամո՞վ, կիլոմետրո՞վ։ Մարդիկ ձեր բարոյականությունից, ձեզանից, ինչպես Սասուն Միքայելյանն ասաց ԱԺ-ում՝ զըզ-վել էին (ինչպես հիմա շատերը զզվում են իմքայլականներից)։

Ո՞վ չգիտի, որ ձեր օրոք երկիրը հանրապետականացվեց, ընտրակեղծիքների մեջ ներքաշեցիք մանկավարժներին, ուսխորհուրդներին, հարյուր հազարավոր քաղաքացիների, նրանք վերջնականապես վերածվեցին պողոսների։ Դո՞ւք չէիք, որ Սերժ Սարգսյանին միապետ կարգելու համար Սահմանադրություն փոխեցիք ու հիմա վառվում եք, որ Փաշինյանը հաճույքով եւ անամոթաբար կրում է ձեր առաջնորդի համար կարված ոսկեզօծ թիկնոցը։ Ինչքանո՞վ էր բարոյական «չափն անցած» Ծառուկյանին ահաբեկելով՝ քաղաքական կյանքից վռնդելը, հոգեբանական տեռորի ենթարկելը։ Անձամբ դուք, ձեր ընկերներն ու շե՞ֆը չէիք, որ եթերից վարկաբեկում էիք նրան (չխորշելով մականունը երեսով տալուց)՝ պարզորոշ ակնարկելով, որ «խելոք» չմնալու դեպքում կկորցնի ունեցվածքն ու կհայտնվի ճաղերի ետեւում (քաղաքական հետապնդումները եղել եւ մնում են մեր իշխանությունների «ֆիշկան»)։ Իսկապես, դուք անհամեմատ խելոք էիք, բայց երկրի ձգողության օրենքն արդեն ձեր վրա չէր ազդում․․․
Փակագծում ասեմ, որ այս տողերը գրելիս լսում էի ՀՀԿ-ական Ֆարմանյանի հարցազրույցը։ Հազվադեպ գրագետ, զուսպ, պետականամետ, բամբասանքի մեջ չներքաշվող խոսք, անկեղծ ու սրտացավ մտահոգություն՝ երկրի ճակատագրի հանդեպ։ Ափսոս, որ նա էլ ժամանակին լծվեց Ծառուկյանին «ոտնագցելու» անվայել «ակցիային»։ «Ավելի բարոյական» շատ բաներ էլ կարելի է հիշել, հարց է՝ կընդունե՞ք։ Այս առիթով մի բան հիշեցի։ 

Ակնարկը վերաբերում է նաեւ նիկոլականներին, ովքեր ակնհայտ փաստերը վարպետորեն խեղաթյուրում են՝ ամեն օրվա հետ նոր փորձության ենթարկելով երկիրը։ Թշնամանքի, ատելության, կասկածի որդը մեզ զրկել է բանականությունից։ Վարակը մտել է աշխատանքային կոլեկտիվներ, ընկերական միջավայր, նունիսկ՝ ընտանիքներ։ Դժգոհությունները չտեսնելը կամ չտեսնելու տալը, ցավոք, կբերի նոր իշխանափոխության։ Փորձված բան է՝ եթե իրենց տաքուկ խորշերից գլուխները հանելով՝ մեր «աքսակալ» պսեւդոմտավորականները համարձակվում են փիս-փիս բաներ ասել իշխանության հասցեին, ուրեմն բանը բանից անցել է։ Իսկ ցավին անհաղորդ, դավին անտեղյակ մեր վարչապետը, վառոդի տակառին թիկնած, յարխուշտայի փառատոնից-բանից է խոսում։
Երբեմն մտածում ես՝ ինչպիսի՞ն կդառնար երկիրը, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը։ Հազիվ էինք խելքներս գլուխներս հավաքել։ Տեսա՞ք, էդ մոզիներն ինչպես շրջեցին մեր պատմության անիվը։ Ճակատագիրը 2018-ի ապրիլին մեզ մի շանս էլ տվեց։ Ու… հերթական հիասթափությունն ու հուսախաբությունը։ Անտառում հատվող ծառերից մեկը հարցնում է մյուսին՝ ինչո՞ւ է կացինն այդքան դաժան։ «Պոչը մեզանից է»,- «հանգստացնում» է մյուսը։ Թվում է, թե մեծ խելք պետք չէ՝ նախորդների սխալները չկրկնելու համար։ Բայց, չէ, պետք է ողջ ծովի ջուրը խմել՝ հերթական անգամ հասկանալու համար, որ այն աղի է։ 

Սպասվող սահմանադրական հանրաքվեի արդյունքի մասին հարցին ԱԺ փոխնախագահն անթաքույց մեծամտությամբ հայտարարում է՝ «հաղթանակը լինելու է շռնդալից»։ Հաղթանա՜կ, շռնդալի՜ց։ Նույն «մեր դեմ խաղ չկա-ն» է։

Բա որ ժողովուրդը, ըստ բանահյուսության, իմաստո՞ւն եղավ։ Բայց, սպասիր, իզուր չէ, որ Արծրուն Պեպանյանը 3 նախադասությունից հետո կրկնում է՝ ժողովուրդը բան չի հասկանում։ Հազիվ ես զսպում քեզ՝ չասելու՝ Պողոսը դու ես (թեեւ ինչ-որ տեղ իրավունք ունի, եթե այսքան հաճախ ենք խաբվում «էլիտայի» կողմից)։ 

Այս օրերին գլխավոր թեման խաղաղ պայմաններում մեր զինվորների աննախադեպ մահերն են։ Բոլորիս քաջածանոթ Անդրանիկ Քոչարյանը համառորեն ինքնասպանության կամ դրան հասցնելու (խուսափում է «սպանություն» բառից) թեզն է առաջ տանում։ Լրագրողը հարցնում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Դավթյանին՝ հանրության մեջ արմատ գցած ատելության մթնոլորտը գուցե տեղափոխվել է բանակ, դա՞ է պատճառը։ Գեներալը հանգիստ պատասխանում է, որ հասարակության արատներից չի կարող զերծ մնալ բանակը։ Իսկ ասուլիսին ներկա պրն Քոչարյանը չի զսպում բարկությունը՝ գուցե ատելության մթնոլորտը «Հրապարակ» թե՞րթն է տարածում, իմացեք՝ ինչ եք խոսում։ Այ Վահե, սրանից հետո իմացիր՝ ում ներկայությամբ ինչ հարց կարելի է տալ․․․ ԱԺ-ում փնտրիր նաեւ հարցիդ պատասխանը, երբ լոթիաբար իրար վրա են «քշում» պատգամավորները, «ռազբորկաներ» սարքում (ենթամշակույթի դեմ պայքարի նախագիծը քննարկելիս)։ Երբ մանավանդ գիտես, որ նույնիսկ նախարարն է ժամանակին ձեռք բարձրացրել սպայի վրա։

Ինքս ծառայել եմ սովետական բանակում։ Հայերի հետ ծառայում էին ռուսներ, ուկրաինացիներ, ղազախներ, վրացիներ, ադրբեջանցիներ, եւ ոչ մի ինքնասպանություն կամ սպանություն չեղավ։ Հարցազրույցների, ասուլիսների սիրահար, բոլոր հարցերը շուտասելուկով «ջրող» Անդրանիկ Քոչարյանին շշուկով ասենք, որ եթե այս բոլոր տարիներին չկոծկվեին սպանության եւ ինքնասպանության իրական պատճառները, մեղավորները պատժվեին, եւ կարգուկանոն լիներ բանակում, եթե չարհամարհվեր ամեն հինգշաբթի կառավարության շենքի աստիճանները մաշող սեւազգեստ մայրերի արդար պահանջը, չէր լինի, Ձեր բնութագրմամբ՝ անհաջող փետրվարը։
Իսկ ահա անվանի զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մարտական սպայի ուղղամտությամբ ասում է․ «Սա աննորմալ, արտակարգ իրավիճակ է։ Բոլորը պետք է պատասխան տան՝ սերժանտից մինչեւ պաշտպանության նախարար՝ այս խայտառակության եւ բարդակի համար» (նրա մտքով իսկ չի անցնի, որ բանակում չծառայած ոչ քիչ ջահելներ տարիներ առաջ մարտական մեդալների են «արժանացել»)։

Գլուխդ չի «մտնում»․ պատերազմի ժամանակ դառնում ենք հզոր բռունցք, պատրաստ ընկերոջ համար զոհվելու, եւ ինչ՝ մեզ համախմբվելու, միմյանց սիրելու համար անպայման մեծ փորձություննե՞ր են պետք։ Ախր, տղերք ջան, յուրաքանչյուր զինվորի մահով մի քիչ մահանում է նաեւ ազգը։ Ախր, ձեր հայրերը, ձեր ավագ ընկերները պատերազմի ժամանակ զոհվել, խեղանդամ են դարձել ձեր, բոլորիս ապրելու իրավունքի համար։ Ամեն անգամ ամոթից գետինն եմ մտնում, երբ պատասխանատու մեկը քարակոփ ու գոհ դեմքով համեմատում է նախորդ եւ տվյալ տարվա զոհերի թվի «շարժը»՝ այսքանով պակասել է․․․

Ավարտեմ։ Մեր պատմության մեջ քիչ չեն նվիրյալ ղեկավարները (Քաջազնունի, Արամ Մանուկյան, Խանջյան, Մյասնիկյան․․․)։ Շատ կուզեի՝ Փաշինյանն իրեն հարց տար՝ ինչպե՞ս է հիշվելու ինքը տասնյակ տարիներ հետո։ Հիմա առիթը բաց չի թողնում հիշեցնելու, որ ես հպարտ եմ ու երջանիկ։ Բայց ես հո գիտեմ, որ ո՛չ հպարտ եմ եւ ո՛չ էլ, մանավանդ՝ երջանիկ։ Ես հպարտ ու երջանիկ էի 2018-ի ապրիլի 23-ին։ Հպարտ ու երջանիկ էր ողջ հայությունը։ Հրաշք լիներ, ու Դուք ականջալուր լինեիք երկրիս ապագայով մտահոգ շարքային քաղաքացուս հորդորին-խնդրանքին։ Դեն նետեք Ձեր իշխանատենչ, փառասիրական նկրտումները, երբ երկիրը հերթական անգամ հայտնվել է պառակտման ու անհայտի (գուցեեւ՝ լինել-չլինելու) եզրին։ Եկել է մի ուրիշ, առավել բախտորոշ հեղափոխության պահը։ Քանդե՛ք բարիկադները «նրանց» ու «ձերոնց» միջեւ, դարձեք բոլոր հայերի երազանքների առաջնորդը, հանե՛ք Ձեր ու ազգի միջի որդը։ Վերջապես գիտակցեք Ձեր բացառիկ դերը մեր նորագույն պատմության մեջ։ 
Արեք դա այսօ՛ր, հիմա՛։ Վաղը շատ ուշ է լինելու։

Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ