Երկու Հայաստան

Երկու Հայաստան

Միջազգային մասշտաբի ցանկացած միջոցառում, որ իրականացվում է մեր երկրում՝ լինի դա «WCIT 2019» համաժողովը, թե Համահայկական խաղերը, ողջունելի է եւ մեր երկրի զարգացմանը միտված։ Անգամ եթե այս համաժողովը որեւէ շոշափելի արդյունքներ չի բերելու Հայաստանին՝ շարունակվող ծրագրերի կամ պայմանագրերի տեսքով, անգամ եթե մեր պետական բյուջեից մեծ ծախսեր են արվում համաժողովի կազմակերպման վրա, միեւնույն է՝ երկիր մտնող յուրաքանչյուր անձ՝ լինի զբոսաշրջիկ, թե այթիշնիկ, ինչ-որ բան իր հետ բերելու է եւ ինչ-որ բան  տանելու է։ Էլ չենք խոսում այստեղ անցկացրած օրերին կատարած ծախսերի եւ մեր երկրում թողած արժույթի մասին։ Նման միջոցառումները եւ հատկապես Հանրապետության հրապարակում կազմակերպված փառահեղ համերգն իրենց հետքը թողնելու են մեր մտածողության, մեր աշխարհայացքի, մեր ճաշակի վրա։

Դրա մասին է վկայում նաեւ այն խանդավառությունը, որ ապրում էին երիտասարդները՝ հայտնի դիջեյի եւ Սերգեյ Սմբատյանի նվագախմբի երաժշտությունն ունկնդրելիս։ Այդ համերգն առավել ցցուն էր դարձնում այն խոր անջրպետը, որ կա մեր երկրում՝ համերգը դիտող լուսավոր երիտասարդների եւ «Հայելի» ակումբի վրա հարձակված հրոսակների միջեւ։ Իրականում կա երկու Հայաստան՝ առաջադեմ ու պայծառ մարդկանց, որոնք բարձր արժեքային համակարգի կրողներ են, եւ դավիթհովհաննիսյանների, որոնք վանդալիզմի, բռնության, միակարծության կողմնակից են։ Որոնք ազատ խոսք ասելով՝ հասկանում են իրենց հաճելի խոսքը։ Որոնք իրենց նման չմտածող, իրենցից տարբերվող մարդկանց հանդեպ խուլ ատելություն են տածում եւ պատրաստ են ոչնչացնել նրանց։ Նման մարդիկ կարող են ցանկացած խմբի ձեռքում խաղալիք դառնալ, նրանք չգիտեն, թե ինչ է ամոթը, զսպվածությունը, այլ անձանց իրավունքների հանդեպ հարգանքը։