Զարմանալի երկիր, որից սովորելու շատ բան ունենք

Զարմանալի երկիր, որից սովորելու շատ բան ունենք

Շվեյցարիան միայն ալպիական մարգագետիններն ու շքեղ բնությունը չէ, ոչ էլ շվեյցարական պանիրն ու ժամացույցները։ Շվեյցարիան պետություն է, որտեղ կարողացել են ոչ միայն գեղեցիկ միջավայր ապահովել, բարեկեցիկ կյանք կառուցել, այլեւ ժողովրդավարության եւ հանրային գիտակցության մեզ համար անհասանելի ու նախանձելի մակարդակ ապահովել։ Երբ ծանոթանում ես այդ երկրի պետական կառավարման համակարգին, այդ կառավարմանը հանրային մասնակցության մակարդակին, մարդկային հարաբերությունների բնույթին, ապշում ես, որ հնարավոր է այդքան ճիշտ, գեղեցիկ եւ օգտակար ապրել։
Թերեւս դա է պատճառը, որ աշխարհի տարբեր երկրներում կատարված հարցումների արդյունքներով՝ հարցին, թե որ երկրում կուզենայիք ապրել, մարդկանց մեծ մասը նշել է Շվեյցարիան։ Թերեւս դա է պատճառը, որ Շվեյցարիան աշխարհի ամենաանվտանգ պետությունների առաջին տասնյակում է, տնտեսական ազատության ցուցանիշով՝ նույնպես։ Առաջին տեղում է նորարար տեխնոլոգիաների կիրառման գծով, երկրորդ տեղում՝ բարեկեցության առումով։ Շվեյցարիան համարվում է ծննդաբերելու համար ամենալավ երկիրը, կրթություն ստանալու համար լավագույն երկրների տասնյակում է, առաջին տասնյակում է ճամփորդությունների եւ զբոսաշրջության գծով։ Եվ ամենակարեւորը՝ երջանկության համաշխարհային զեկույցում առաջին տասնյակում է։ Այսինքն, այս երկրի բնակիչներն իրենց երջանիկ են զգում, չնայած որ կյանքն այստեղ շատ թանկ է, եւ անգամ հարեւան Ֆրանսիայից գները մոտ երկուսուկես անգամ բարձր են։ Բայց աշխատավարձերն այնպիսին են, որ հարեւան երկրներից ամեն օր մարդիկ ավտոմեքենաներով, նավերով ժամանում են Շվեյցարիա՝ աշխատելու, երեկոյան վերադառնում իրենց երկիր։ Պարզ մաքրուհու աշխատանքի վարձատրությունը 4 հազար եվրո է։
Շվեյցարիայի փորձն ուսումնասիրելը շատ օգտակար կարող էր լինել մեր պաշտոնյաների եւ, առհասարակ՝ ցանկացած հայ մարդու համար։ Դա կօգներ հասկանալ, որ նորմալ երկիր կառուցելու համար շատ բան պետք չէ, եւ դրան խանգարում է ոչ թե այն, որ մենք վատ հարեւաններ ունենք կամ աղքատ բնական ռեսուրսներ, փոքր ենք, քիչ ենք, կամ տարբեր կալիբրի մեղավորներ կան, այլ մենք կյանքին, պետությանը, բնությանը, աշխատանքին, միմյանց նկատմամբ սխալ վերաբերմունք ունենք։ Մենք չունենք առողջ մտածողություն եւ չգիտենք, թե որոնք են մեր խնդիրները եւ ինչպես լուծել դրանք։
Չեմ փորձի ներկայացնել շվեյցարական պետության ողջ փորձը եւ անցած ճանապարհը, բայց  ուզում եմ ներկայացնել 10 օր Շվեյցարիան հյուսիսից-հարավ անցած մարդու մի քանի դիտարկումներ, մի քանի փաստ, որոնք միայն հիացմունքի են արժանի։
26 կանտոններից կազմված 41 հազար քմ եւ 8 միլիոն բնակչություն ունեցող համադաշնությունում չկա մայրաքաղաք՝ մեր պատկերացմամբ, չկան միասնական լեզու, միասնական կրոն։ 26 կանտոնները կառավարվում են տեղական իշխանությունների կողմից, որոնց լիազորությունները շատ մեծ են, եւ միայն համապետական որոշ հարցերում է կառավարման մարմինը՝ ֆեդերալ խորհուրդը, ինչ-որ հարցեր կարգավորում։ Մի կանտոնից մյուսն անցնելիս կարող ես բազում տարբերություններ հայտնաբերել։ Մեկում պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, մյուսում՝ գերմաներենը․ նույն պետության բնակիչները երբեմն ստիպված են լինում կանտոնից կանտոն մեկնելիս թարգմանչի օգնությամբ հարաբերվել միմյանց հետ։ Կանտոնների մի մասը կաթոլիկ է, մյուս մասը՝ բողոքական։ Եկեղեցիների հարաբերակցությունը ժամանակի ընթացքում փոխվել է, սակայն մի եկեղեցին մյուսին չի խանգարում՝ խաղաղ գոյատեւում են կողք կողքի։

Առհասարակ, տարբեր կանտոններում բնակվող շվեյցարացիները բազմաթիվ հարցերում տարբեր կերպ են մտածում։ Կանտոններում ամենուրեք փակցված են տվյալ կանտոնի եւ համադաշնության դրոշները։ Շվեյցարիան աշխարհի ամենաշատ հանրաքվեներ անող երկիրն է երեւի՝ ամեն փոքրիկ հարց դրվում է հանրային քննարկման։ Օրինակ, 2018-ին հանրաքվե է անցկացվել, որ բնակիչները որոշեն՝ արդյոք պե՞տք է սուբսիդավորել այն ֆերմերներին, որոնք չեն հեռացնում կովերի եղջյուրները․ շվեյցարացիները գտել են, որ կոտոշներով կովերն իրենց ավելի երջանիկ են զգում։

Թերեւս, հանրաքվեների առատությունն է պատճառը, որ ֆեդերալ խորհուրդը շատ մեծ իշխանություն եւ հեղինակություն չունի։ Բեռնում գտնվող Դաշնային խորհուրդը պաշտպանված չէ, թիկնապահ ու ոստիկան այնտեղ չկա։ Ավելին՝ մեծ տերությունների ղեկավարների այցերի ժամանակ էլ ո՛չ կորտեժներ են լինում, ո՛չ ճանապարհ են փակում։

Շվեյցարիայի յուրաքանչյուր բնակիչ շատ մեծ մասնակցություն ունի երկրում հարցերի լուծմանը՝ նա կարող է հանրաքվե նախաձեռնել, համախոհների բանակ ձեւավորել, սակայն երբ մեծամասնությունը կարծիք է հայտնում, այլեւս ենթարկվում են այդ որոշմանը։ Կանտոններում շատ հաճախ են հանրաքվեներ անցկացնում։ Մեզ պատմեցին, որ կանտոններից մեկում անգամ պահպանվել է կենտրոնական հրապարակում հավաքվելու եւ ձեռքով քվեարկելու ավանդույթը։ Իսկ երբ ֆեդերալ խորհուրդը փորձել է փոխել այդ կարգը եւ էլեկտրոնային քվեարկության սկզբունք մտցնել, նորից հավաքվել են եւ քվեարկել, որ թույլ չեն տալիս իրենց սիրելի համակարգը փոխել։

Ասենք՝ հնարավո՞ր է պատկերացնել, որ լոռեցիները Լոռվա մասշտաբով որոշումներ կայացնելու իրավունք ստանան եւ իրենք որոշեն իրենց աշխատանքին, կենցաղին, կառավարմանը վերաբերող հարցերը, ու դրանք էականորեն տարբերվեն Շիրակից կամ Սյունիքից։
Շվեյցարիան աղքատ է բնական պաշարների հարցում։ Այն երկար տարիներ եղել է տարբեր պատերազմների թատերաբեմ, հարեւան պետությունները շարունակ արշավել են, գրավել։ Միայն 19-րդ դարի վերջին է այն որպես համադաշնություն ձեւավորվել, իսկ 1815 թ․ օրենք է ընդունվել երկրի չեզոքության մասին, ինչը դարձել է այն հրաշալի բալասանը, որի շնորհիվ երկիրը հասել է այսօրվա մակարդակին: Ավելի քան 180 տարի այս երկիրը չի մասնակցում ոչ մի պատերազմի, չունի մշտական բանակ, եւ այս տեւական խաղաղությունը նպաստել է տնտեսության զարգացմանը: Բայց սա նաեւ այն երկիրն է, երբ հանրաքվեի դրվեց ամեն շվեյցարացու պետական բյուջեից 2 հազար 500 ֆրանկ գումար վճարելու հարցը, քանի որ երկրի բյուջեն այնքան է մեծացել, որ ծախսելու տեղ չունեն, եւ հանրաքվեին մասնակցած շվեյցարացիների մեծ մասն ասաց՝ ոչ, քանի որ դա կզրկի աշխատանքի մոտիվացիայից, եւ մենք կծուլանանք, ու արդյունքում մեր երկիրը մի օր այլեւս հարուստ չի լինի։ Ահա, այսպիսի բարձր գիտակցությամբ երկիր է Շվեյցարիան։

Ինչի՞ վրա է կառուցված շվեյցարական բարեկեցությունը։ Բնականաբար, դա բանկային համակարգն է, զբոսաշրջությունը եւ ոչ հումքատար արդյունաբերությունը։ Շվեյցարացիները զարմանալի աշխատասեր ժողովուրդ են։ Եվ դա երեւում է ամեն քայլափոխի։ Սա այն քիչ երկրներից է, որտեղ աշխատանքային միգրացիան չնչին է։ Այսինքն՝ դրսից այլազգիներ չեն գալիս այստեղ աշխատելու։ Ողջ սեւ աշխատանքը կատարում են իրենք՝ տեղացիները։ Մանավանդ գյուղական հատվածներում մարդիկ օրնիբուն աշխատում են։ Զարմանալի տեսարան էր, երբ սարի լանջերին այնպիսի գազոններ էին, որոնք մենք անգամ մեր հատուկենտ ներկայանալի այգիներում չենք կարողանում ապահովել։ Մինչեւ 1500 մետրի վրա բոլոր սարալանջերը՝ անգամ ամենազառիվեր, խնամքով հնձվում են, եւ այդ խոտը դառնում է կովերի անասնակեր, իսկ շվեյցարական պանիրը հենց այդ կովերի տված կաթից է պատրաստվում։ Հսկայական գյուղեր զբաղված են պանիր պատրաստելով, բայց չեն մոռացել նաեւ զբոսաշրջիկների մասին։ Գյուղեր կան, որ Հայաստանի տուրիստների ողջ տարվա քանակը գերազանցող այցելուներ են ունենում՝ հսկայական եկամուտ ստանալով։ Մեծ հոսք կա հատկապես ալպյան հանգստավայրերում։ Բայց միայն բնությունը չէ այդ հոսքի պատճառը, այլ հստակ եւ մանրակրկիտ մտածված ծառայություններն ու սպասարկումը։

Շվեյցարիան մեծ հաշվով գյուղատնտեսական երկիր է՝ խաղողի հսկայական պլանտացիաներն անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է ազգային հարստություն, եւ այդ միլիմետրի ճշտությամբ գծված այգիներն այլեւս չեն կարող ո՛չ քանդվել, ո՛չ վերացվել։ Դրանց տված խաղողը դառնում է գինի ու նաեւ արտահանվում։
Երբ քաղաքից քաղաք ես մեկնում, ամբողջ ճանապարհի երկայնքով ցանցապատ այգիներ են՝ գաճաճ պտղատու ծառերով։ Իսկ այգիների մոտակայքում նկատեցինք մրգի-բանջարեղենի դատարկ տուփեր։ Մեզ ուղեկցող շվեյցարացին պատմեց, որ ճամփորդները կարող են իջնել, այգիներից պտուղներ, հատապտուղներ, ծաղիկ քաղել, լցնել տուփերի մեջ, կշռել, դրամը նետել այգու դիմաց դրված գանձարկղի մեջ ու հեռանալ։ Հետաքրքրվեցինք՝ իսկ չի՞ պատահում, որ գումարը չդնեն, վերցնեն ու գնան։ Ասաց՝ նախկինում այգիների տերերն իրենք էին քաղում-թողնում, որ մարդը գար՝ վճարեր, վերցներ ու հեռանար, հիմա կարգը փոխել են, քանի որ Լեհաստանից շատ էին գալիս մեքենաներով՝ գողանում, գնում։ Սա շվեյցարական կոմունիզմն է, ըստ էության։

Կարելի է անվերջ պատմել, թե ինչպիսին են շվեյցարական նիստուկացը, ապրելակերպը, կենցաղը, մարդկանց հարաբերությունները։ Բայց հատկապես զարմանալի է մշակութային, հոգեւոր կյանքը։ Շվեյցարիան վառ մշակույթի, բարձր արվեստների երկիր չէ։ Այստեղ վառ անհատականություններ գրեթե չեն ծնվում, եւ դասական պատկերացմամբ արվեստ, թատրոն, մշակույթ կարծես չկան էլ։ Բայց ողջ բնակչությունը ներգրավված է թատերական, մշակութային միջոցառումների մեջ։ Մարդն առավոտյան ինչ-որ գրասենյակում է աշխատում, երեկոյան թատրոնում դեր է խաղում։ Կլոր տարին այս երկրում փառատոներ ու միջոցառումներ են, բաց ցուցադրություններ, տոնավաճառներ, թատերականացված համերգներ, գինու փառատոն, խոհարարական փառատոն, շոուներ, հրավառություններ, մի կանտոնից մյուսը մշակութային այցելություն-միջոցառումներ։ Մեր այցելության պահին 20 տարին մեկ կազմակերպվող գինու մեծ փառատոնն էր ընթանում, որին բոլոր կանտոնները մասնակցում էին՝ ավտոբուսներով թատերական խմբեր էին ժամանում փառատոնի կենտրոնական քաղաքներ, ողջ քաղաքը զարդարված էր, ամենուրեք ժամանակավոր տաղավարներ էին բացել՝ գինու համտեսներ։ Անգամ տարեց տատիկ-պապիկները դերեր ունեին եւ թատերական զգեստներով շրջում էին քաղաքում։ Մարդիկ շատ աշխատում են՝ շատ ուրախանում, լավ վաստակում են՝ լավ հանգստանում։ Մարդու միտքն այս երկրում աշխատում է այն ուղղությամբ, թե ինչպես դարձնել կյանքը հետաքրքիր, ուրախ, բովանդակալից։ Այլ ոչ թե ուղեղն աշխատեցնել միայն քեզ նման չմտածող մարդկանց փնովելու, վիրավորելու, Ֆեյսբուքում հայհոյանքներ գրելու, հիվանդագին մթնոլորտ ձեւավորելու, ատելություն տարածելու վրա։