Վիգեն Սարգսյանի դեմ մեղադրանք չկա, իսկ Արծրուն Հովհաննիսյանը բնակարան ստացողներից է

Վիգեն Սարգսյանի դեմ մեղադրանք չկա, իսկ Արծրուն Հովհաննիսյանը բնակարան ստացողներից է

«Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում չկա»․ այս մասին մեզ հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ստացե՞լ են արդյոք Քննչական կոմիտեից պաշտպանության նախկին նախարարին առնչվող քրեական գործը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն սեպտեմբերի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Վիգեն Սարգսյանը նույն օրը ուշ երեկոյան հայտարարեց, թե մամուլից տեղեկացել է, որ նախատեսվում է իրեն որպես մեղադրյալ ներգրավել։ «Նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը՝ մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության եւ բարեվարքության բոլոր կանոնները»,- գրել էր նախկին նախարարը հայտնի սոցցանցի իր էջում։

Միայն կռահել կարելի է, թե ինչու է Քննչական կոմիտեն նման շտապողականություն դրսեւորել եւ անգամ «պրես ռելիզի» մեջ Քրեական օրենսգրքի հոդվածների անուններ նշել, եթե մեղադրանք դեռեւս չի առաջադրվել։ Հավանաբար, այս պահին պետք է «պատժիչ» ակտիվություն ցուցադրել երկրի բարձրագույն ղեկավարությանը։
Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարարի վերաբերյալ տվյալներ կան, որ, շրջանցելով ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը, ինքնուրույն որոշումներ է կայացրել Երեւան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ։ Մի շարք բնակարաններ էլ, նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովը հատկացրել է 2007 թվականին ընդունված՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի խախտումներով։

Այս հաղորդագրությունն անմիջապես տարաբնույթ լուրեր ու լուրիկներ առաջացրեց։ Ոմանք պնդում են, որ բնակարանի սպասողների օրինական ցուցակներից նա հանել է քարտուղարուհիների, բանակային գործի համար ոչ առաջնահերթ նշանակություն ունեցող պաշտոնյաների եւ նրանց փոխարեն այդ ցուցակներում ներգրավել ռազմական գործի հետ անմիջականորեն առնչվող անձանց, առավելապես՝ բանակի հրամկազմից։ Մյուսները ճիշտ հակառակն են պնդում՝ որ նախկին նախարարը «լավություն» է արել բացառապես հրամկազմին, ինչի հետեւանքով բնակարան ստանալու իրավունքից զրկվել են զինծառայողներ, որոնք տարիներ շարունակ սպասել են իրենց հերթին։ Վիգեն Սարգսյանն առայժմ չի ասել, թե ում եւ ինչու է բնակարաններ հատկացրել։ Ընդամենը հայտարարել է, որ իր փաստաբաններին լիազորել է կապվել ՀՔԾ պաշտոնյաների հետ։ Երեկ օրվա երկրորդ կեսի դրությամբ նախկին նախարարի փաստաբանները ՀՔԾ չէին զանգել։


Այն, որ բնակարան ստացողների թվում եղել են ՊՆ հրամանատարներ, հաստատեց նաեւ համակարգում մեր աղբյուրը։ Ի դեպ, այն 29 հոգու մեջ, որոնք Պնախարարի որոշմամբ բնակարան են ստացել, եղել է նաեւ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Մեր հարցին, թե ճի՞շտ է արդյոք այդ տեղեկությունը, Դավիթ Տոնոյանի խոսնակը, որը նաեւ Վիգեն Սարգսյանի օրոք էր այս նույն պաշտոնին, ասաց․ «Այո, ես էլ եմ եղել, ես էլ եմ ստացել բնակարան։ Ես շատ վաղուց հերթում եմ եղել, ունեցել եմ առաջնահերթություն՝ 4 երեխա եմ ունեցել, դրա համար եմ ստացել բնակարան։ Այդ 29 հոգու հետ, որ անցնում են քրեական գործի ցուցակով, ես կապ չունեմ։ Ես այդ ցուցակում չեմ»։