Երվանդ Խունդկարյանի ցանկությունը կատարվեց

Երվանդ Խունդկարյանի ցանկությունը կատարվեց

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդն ընտրեց վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին՝ նույն դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին, որի թեկնածության մասին մենք գրել էինք։ Թադեւոսյանի ընտրվելու մասին լուրը մեզ փոխանցեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ չցանկանալով նշել, թե քանի ձայնով է նա ընտրվել։ Միայն հավելեց․ «Լիլիթ Թադեւոսյանն ընտրվել է վճռաբեկ դատարանի նախագահ եւ կներկայացվի Ազգային ժողովին՝ օրենքով նախատեսված ժամկետներում»։ Հիշեցնենք, որ ԲԴԽ-ից հետո վճռաբեկի նախագահին պետք է ընտրի նաեւ ԱԺ-ն։

Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր։ Չնայած, շատերի կարծիքով, այս պաշտոնի դերը չափազանցված է, քանի որ Խունդկարյանի օրոք այն առհասարակ դադարեց դատավորների «նախարար» լինելուց, այնուամենայնիվ, կարեւոր պաշտոն է՝ գոնե իշխանությունների կողմից դատական համակարգը կառավարելու առումով։ Նոր նախագահը, ըստ օրենքի, պետք է ընտրվեր վճռաբեկ դատարանի կազմից՝ քրեական կամ քաղաքացիական պալատից։ Ինքը՝ հեռացող Խունդկարյանը, շատ էր ուզում, որ իրեն փոխարինի Լիլիթ Թադեւոսյանը։ Փաստորեն, այս դեպքում իշխանությունը Խունդկարյանի հետ գնաց «հաշտության»․ նրան «չնշանակեց» Սահմանադրական դատարանի նախագահ, բայց նրա թեկնածուին ընտրեց վճռաբեկի նախագահի թեկնածու։
Որոշ տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ իր թեկնածուն ուներ՝ վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյան։

Ի դեպ, վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրվել էր 3 թեկնածու՝ նույն դատարանի դատավորներ Լիլիթ Թադեւոսյանը, Ռուզաննա Հակոբյանը եւ Մամիկոն Դրմեյանը։ ԲԴԽ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է նրանցից ընտրեր մեկին, որի թեկնածությունը կներկայացվի ԱԺ։ Ի սկզբանե շրջանառվում էր հենց Լիլիթ Թադեւոսյանի անունը, որը նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է։ Զելիմ Թադեւոսյանը 2008 թվականի Մարտի 1-ի մի շարք գործերով մեղադրող դատախազն էր, ինքը՝ Լիլիթ Թադեւոսյանը, իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազների կազմում։ Նա ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից վճռաբեկի քրեական պալատի նախագահն է։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ թեկնածուին ներկայացնելու համար հատկացվելու է մինչեւ 10 րոպե ժամանակ, ապա ելույթ է ունենալու թեկնածուն՝ մոտ 30 րոպե, եւս 15 րոպե տրվելու է եզրափակիչ ելույթի համար: Ապա գաղտնի քվեարկություն է կայանալու՝ թեկնածուն կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ընտրությունը չկայանա 10-օրյա ժամկետում, ԲԴԽ-ն պետք է ներկայացնի նախագահի նոր թեկնածու: