Ինչպիսի պատասխան կտա Պուտինը՝  Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչությանը

Ինչպիսի պատասխան կտա Պուտինը՝  Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչությանը

Ռուսաստանում երեկ գիշերը Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի։ Ռուսական պաշտոնական աղբյուրները նշում են, որ զոհերի թիվը դեռևս աճելու է՝ պայմանավորված մարդկանց ստացած վնասվածքների ծանրությամբ։ 

«Հրապարակի» հետ զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ցավակցությունները հայտնեց զոհերի ընտանիքների անդամներին, իսկ վիրավորներին ապաքինում մաղթեց։

Այս մասշտաբի ահաբեկչությունը միջուկային գերտերության սրտում է եղել և դա չի կարող քաղաքական մոտիվներ կամ հետևանքներ չունենալ՝ ասաց քաղաքագետը։

«Հիմա մենք չենք կարող կոնկրետ վարկածի մասին խոսել, որովհետև կոնկրետ վարկած պաշտոնապես չի էլ հրամցվում այս պահին, բայց կան մի քանի շատ նշանակալից հայտարարություններ։ Մեկն այն է, որ այո, Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները վերջին ժամերին ակտիվորեն տարածում են տեղեկատվություն, որ ահաբեկիչները փորձել են անցնել Ուկրաինայի սահմանը։ Թույլ ակնարկ է, որ հավանաբար նրանք աջակիցներ կամ կապեր են ունեցել ուկրաինական կողմում, բայց սա թույլ ակնարկ է, այսինքն՝ չի ներկայացվում որպես հաստատուն վարկած»,-ասաց Սուրենյանցը։

Սերբիայի նախագահի հայտարարությունը ևս շատ ուշագրավ է, որտեղ նա պնդում է, որ արևմտյան հատուկ ծառայությունները տեղյակ են եղել տեղի ունեցածից։ Սա կարող ենք համադրել երկու շաբաթ առաջ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանատների հայտարարության հետ, որով իրենց քաղաքացիներին զգուշացնում էին Մոսկվայի կենտրոնից ձեռնպահ մնալ, որովհետև ահաբեկչություն է սպասվում։ Արևմուտքը պնդում է, որ ինքը տեղյակ չի եղել և դատապարտում են տեղի ունեցածը, բայց ամեն դեպքում պետք է արձանագրումներ անել, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է այս ամեն ինչին հաջորդել։

«Մյուս կողմից մենք ունենք Չինաստանի նախագահի շատ հետաքրքիր հայտարարությունը, ես ուզում եմ բառացի կարդալ այդ հայտարարությունից մի հատված։ Նա ասել է, որ ամուր աջակցելու է ազգային անվտանգությունն ապահովելու Պուտինի ջանքերին։ Սա նշանակում է, որ կամ Պեկինը տեղյակ է Ռուսաստանի առաջիկա քայլերից կամ էլ ցանկացած վճռական քայլի ամեն դեպքում աջակցելու է։ Մյուս ուշագրավ հանգամանքը սա էր։ Ով էլ լինի այս ահաբեկչության հետևում, որն էլ լինի դրա մոտիվը, այս ահաբեկչությունը չի կարող հետևանքներ չունենալ։ Նախ Ռուսաստանի իշխանության ներսում Պուտինն իր կարծիքով վերադասավորումներ կանի և ավելի կուժեղացնի բուրգը՝ սա մեկ, և երկրորդը, արտաքին հարաբերություններում շատ ավելի վճռական քայլերի պետք է սպասել, որովհետև այս ահաբեկչությունը այդ քայլերը լեգիտիմացնելու են ինչ-որ իմաստով։ Թե այդ քայլերն ինչպիսին կլինեն, ես հիմա չեմ կարող կանխատեսել, բայց որ Ռուսաստանը այս ահաբեկչությունից հետո ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի ինչ-որ պատասխաններ է տալու՝ դրանում գրեթե չեմ կասկածում»,-ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահը։

Իշխանությունն ավելի մոնոլիտ կդառնա, բուրգն ավելի ամուր կդառնա, հավանաբար պաշտոնանկություններ կլինեն, վերադասավորումներ և այս կարգի քայլերն անխուսափելի են լինելու։ Մյուս կողմից հետաքրքիր կլինի, թե արտաքին ճակատում Պուտինն ինչպիսի քայլեր կձեռնարկի, որովհետև քաղաքագետը կարծում է, որ ռուսական կողմը որոշակի հետևություններ և մշակած քայլեր արդեն ունի։