Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի դեմ ողջ գիտակցական «նախորդ» կյանքում պայքարել է

Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի դեմ ողջ գիտակցական «նախորդ» կյանքում պայքարել է

Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն, ինչի համար իր ողջ գիտակցական «նախորդ» կյանքում պայքարել է․ մամուլ, խոսքի ազատություն, լրագրողների իրավունքներ, կառավարության նիստերի դռնփակ լինելն էր քննադատում, լրագրողների նկատմամբ ճնշումները։ 

Հիմա ինքն է սահմանափակում լրագրողների աշխատանքը, նրանց քիլլեր է անվանում, բացահայտումներ արած լրագրողին՝ Նաիրի Հոխիկյանին, ԱԱԾ-ի կաբինետներով է քարշ տալիս, իսկ պատերազմից առաջ լրատվամիջոցներին էր բաց տեքստով մեղադրում երկրում ստեղծված իրավիճակի համար․ «Հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները` կորոնավիրուսի հետ կապված, եւ տեսեք, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Եվ այսօրվա կարեւորագույն պատճառներից մեկը հենց դա է: (Լրատվամիջոցները՝ խմբ.) Մարդկանց մղում են մահվան՝ իմ ասած գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ»:

Ի դեպ, ստվերային ֆինանսավորման համար ամենից շատ հենց իրեն ու իր լրատվամիջոցին են մեղադրել այս տարիներին։ Լրագրողին ծեծած ՔՊ-ականին առաջադրում է ԱԺ փոխխոսնակ։ Ընդ որում, իրենց ծառայող քաղհասարակության ներկայացուցիչներն էլ էին ժամանակին պայքարում մամուլի ազատության համար։ «Իրավաստեղծ գործընթացը միտում ունի ոչ թափանցիկ գնալու»,- հերթական սեմինարներից մեկի ժամանակ ասել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը, եւ ընդգծել, որ այդ պարագայում հանրությունն ընդհանրապես չի կարող տեղեկացված լինել, թե ինչ հարց է քննարկում կառավարությունը:

Վարչապետ դառնալուց հետո  պոպուլիզմի արքա Նիկոլ Փաշինյանը նախ իր հայեցողությամբ, ապա՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններով, նիստերը դարձրեց դռնբաց եւ հայտարարեց․ «Մենք լուծում ենք եւս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց, հիշում եք, որ օրենքով նախատեսված՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում, մենք հիմա հակառակն ենք անում»։ Հետո, իհարկե, հրաժարվեց այս պրակտիկայից․ կառավարության նիստերի, ասենք, 40 հարցից 38-ը գաղտնի է, օպերատորներն առաջին 10 րոպեից հետո դուրս են գալիս նիստից, իսկ լրագրողներին թույլ չեն տալիս ֆոյեից վերեւ բարձրանալ։ Ըմբոստության օրերի Նիկոլ Փաշինյանը նույն՝ «թափանցիկության» շրջանակներում ժողովրդի առաջ բացեց նաեւ ԱԺ այգին, ապա մի քանի ամսից փակեց։

Ցանկը կարելի է երկար շարունակել․ օրենքներ, որոնցով սահմանափակում են կայքերում գովազդը, օրենքներ՝ վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելու, որի գլխավոր թիրախը լրագրողներն են։ Մինչդեռ զրպարտությունն ու վիրավորանքը ԵԽԽՎ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ապաքրեականացվել էր։

Իսկ մի ժամանակ բոլորովին այլ հռետորաբանություն էր․ 2018-ի հունվարի 23-ին՝ իշխանափոխությունից առաջ, Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր․ «Մեկը կարա՞ բացատրի՝ մենք ուզում ենք ժողովրդի իշխանությո՞ւն հաստատենք, թե՞ Սերժ Սարգսյանի խունտայի իշխանությունը փոխարինենք Նիկոլ Փաշինյանի կամ ինչ-որ մեկի խունտայի իշխանությամբ։ Ես չեմ ուզում խունտա լինել․․․ Քանի դեռ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք պետք է լինեին բանտում, բայց քաղաքական դրդապատճառներով ազատության մեջ են, քաղաքական գործունեության արդյունքում բանտում հայտնված բոլոր մարդիկ, առանց բացառության, քաղբանտարկյալ են»։

Ճակատագրի հեգնանքն է, որ նրա այս ալգորիթմն այսօր միանշանակ կարող ենք կիրառել իր նկատմամբ։ Մեղրիի ու Սիսիանի քաղաքապետերը, որոնց հիմնական մեղքն ընդդիմադիր շարժումը համակարգելն է, այսօր բանտում են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բանտում չէ։

Այն ժամանակ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ իր լեզվակռիվներից մեկում, երբ Աբրահամյանն ասել էր, թե Փաշինյանն անգամ մեկ ընտանիք չի կարողանում պահել, Փաշինյանն ասել էր. «Մարդ պիտի Ձեր նման ընտանիք պահի, որ իրենց շրջապատի մարդիկ կա՛մ միլպետ լինեն, կա՛մ դատախազ լինեն, կա՛մ միլիոնատեր լինեն, կա՛մ դեպուտատ լինեն, կա՛մ քաղաքապետ լինեն... Ընտանիք եք պահում, ու ձեր պահած ընտանիքների ֆոնին է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում 200 հազար ընտանիք աղքատ է, հացին կակա է ասում»:

Հիմա Նիկոլ Փաշինյանն է հենց այդպես ընտանիք պահում՝ քավորը քաղաքապետ է, համադասարանցին՝ ոստիկանապետ, պատգամավոր եղբորորդի ու աներձագ ունի, բոլոր պաշտոններին իր ընկերներն ու իրեն հավատարիմ մարդիկ են, որոնք նաեւ սկսել են միլիոններ աշխատել՝ աղքատ հայաստանցու ֆոնին։