Բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի դեմ

Բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի դեմ

2018 թվականի իշխանազավթման օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ երկրում 3 միլիոն վարչապետ կա, ինքն ընդամենը նրանցից մեկն է: Այն ժամանակ Փաշինյանը հանրային աջակցություն ուներ եւ չէր վախենում հանրությունից: Հիմա այդ երեք միլիոնը հայհոյում են, սպառնում են, ուզում են տեռորի ենթարկել, սպանել այդ մեկին, եւ այդ մեկը պայքարում է մնացած երեք միլիոնի դեմ:

Հայաստանում ամեն օր ինչ-որ մարդկանց են կալանավորում, տնային կալանքի ենթարկում, քրեական գործեր հարուցում, եւ նրանց մեղքն այն է, որ նրանք վիրավորել են, սպառնացել են, բռնության կամ զանգվածային անկարգության կոչեր են հնչեցրել, ահաբեկչական գործողություններ են պլանավորել: Եվ այդ ամենն ուղղված է ընդամենը մեկ անձի` երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի դեմ: Հայաստանի բռնության մեքենան` ԱԱԾ-ն, ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, դատարանները, այլ զբաղմունք չունեն, քան Նիկոլ Փաշինյանի թշնամիներին գաղտնալսելը, սոցիալական ցանցերի էջերին հետեւելը, նրանց բացահայտելը, կալանավորելը, դատելն ու դատապարտելը:

Փաշինյանը գիտի, որ հայ ժողովուրդն ատում է իրեն, եւ այդ ատելությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսեւորում է ստանում. մեկը տանն է հայհոյում, մյուսը՝ փողոցում, մեկը՝ սոցիալական ցանցերում, հրապարակներում, մեկն անիծում է, մյուսը՝ սպառնում: Հարյուր հազարավոր մարդիկ Փաշինյանից ու նրա իշխանությունից ազատվելու հնար ու ճար են փնտրում, բայց ոչ մի լեգիտիմ հնարավորություն չկա: Հայաստանում ընտրական ինստիտուտները վերացել են, սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ իշխանափոխության հասնել՝ հակասահմանադրական ճանապարհով իշխանություն ձեռք բերածն օրինական ճանապարհով այն չի հանձնի, մարդիկ ընտրություններում գնում քվեարկում են Փաշինյանի կուսակցության դեմ, բայց պարզվում է, որ հաղթել է ՔՊ-ն, ՔՊ-ականները պահում են իշխանությունը եւ շարունակում են պաշտոնավարել: 

Փաշինյանը վախենում է իրեն ատող եւ իր ոչնչացումը տենչացող հասարակությունից: Հիմա նրա կռիվը ո՛չ նախկինների դեմ է, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ՝ անգամ Պուտինի, նրա թշնամին հայ հասարակությունն է, նրա յուրաքանչյուր անդամ կամ՝ նրանք, ովքեր դեմ են իրեն: Փաշինյանը բռնության մեքենայից պահանջում է, որ երկրում ահուսարսափի մթնոլորտ տարածվի, որ մարդիկ վախից չկարողանան արտահայտվել, վախենան խոսել, վախենան անգամ մտածել, երազել: Իսկ վախի մթնոլորտ ստեղծելու համար պետք է հատուկենտ մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցել, կալանավորել, կանչել հարցաքննության, որոշներին տարիներով պահել կալանքի տակ, մյուսներին բռնել, վախեցնել՝ բաց թողնել, հետո նորից բռնել, ընտանիքի անդամներին ճնշել, աշխատանքից ազատել եւ այլն: Եվ դա պետք է կրի պարբերական բնույթ՝ ամեն ամիս, ամեն շաբաթ եւ ամեն օր, առանց ընդմիջման եւ դադարի, բոլորը պետք է վախենան, որ վաղը կարող է գալ իրենց հերթը, կարող են գալ իրենց հետեւից: Պետք է սկսել ամենահայտնիներից` իրական իրավապաշտպաններից, քաղաքացիական ակտիվիստներից, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներից, ֆեյսբուքյան ակտիվիստներից: 

Ըստ իշխանական իրավապահների՝ Հայաստանում բոլորը հանցագործ են, որովհետեւ բոլորն ատում են Փաշինյանին, բոլորը ցանկանում են նրա պաշտոնանկությունը, կալանավորումը, դատապարտումը, մի մասը՝ գուցե նրա մահը: Ինչու եմ ասում «բոլորը» եւ չեմ առանձնացնում նրա թիմակիցներին, որովհետեւ անգամ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ սկսել են ատել եւ վախենալ Փաշինյանից, բայց ստրկամտորեն ծառայել նրան: Ծառայելը դեռ չի նշանակում նրան չատել, նրա իշխանությունից օգտվելը դեռ չի նշանակում նրա ոչնչացումը չցանկանալ: Շատերը հասկանում են, որ Փաշինյանի իշխանության շարունակությունը կործանարար է լինելու նաեւ իրենց համար, կործանվելու են նաեւ իրենք, իրենց գողացած ու կուտակած ունեցվածքը, բայց, միեւնույն է՝ շարունակում են ստրկամտորեն ծառայել նրան, որովհետեւ Փաշինյանն ընտրել է առավել ստրկամիտներին, կամազուրկներին, փողամոլներին, վախկոտներին: 

Ուզո՞ւմ եք ենթադրեմ, թե ով կարող է լինել փաշինյանական իշխանության հաջորդ զոհը, հաջորդ մեղադրյալը, հաջորդ կալանավորը․ ժամանակակից հայ արձակի ամենաճանաչված եւ ամենաընթերցվող ներկայացուցիչ եւ իմ լավ ընկեր Լեւոն Ջավախյանը: Ջավախյանը վերջերս մի պատմվածք էր հրապարակել, որտեղ պատմում էր իր երազն այն մասին, թե ինչպես է գնացել Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ՝ նրան թունավորելու մտադրությամբ: Ջավախյանն իր պատմվածքում ներկայացրել էր հասարակության մեջ իշխող տրամադրությունները, երբ մարդիկ՝ արթուն թե քնած, անգամ երազում, ցանկանում են Փաշինյանի մահը: Փաշինյանական իշխանությունը նրան կարող է մեղադրել ահաբեկչություն ծրագրավորելու մեջ, բռնություն պարունակող երազ տեսնելու եւ այն թղթին հանձնելու մեջ:  
Երեք միլիոն հայ՝ գումարած դրանից մի երկու անգամ ավելի սփյուռքահայեր, ցանկանում են Փաշինյանի հեռացումը, մահը, Փաշինյանն էլ ցանկանում է այդ երեք միլիոնի եւ մնացածի մահը: Առայժմ Փաշինյանը հաղթում է, նրա հաշվին հազարավոր հայերի մահեր են գրանցված, տասնյակ մարդիկ կալանավորված են, իսկ ինքը պաշտպանված է, բայց՝ վախեցած:

Ավետիս Բաբաջանյան