Ինչպես է իրականացվելու տեղահանված արցախահայության կրթության կազմակերպումը
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը եւ Արաքսյա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը եւ առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը:
Ըստ այդմ՝ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում:
«Այս պահին առաջնահերթ է՝ ապահովել դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք արագ պետք է ընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կունենան անհրաժեշտ դասագրքեր եւ ուսումնական նյութեր։ Ուսումնարանների, քոլեջների եւ բուհերի ուսանողները եւս, ըստ իրենց մասնագիտությունների, ուսումը կշարունակեն ՀՀ ուսումնական հաստատություններում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը նաեւ առաջարկել է՝ համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն կունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին: Մասնավորապես՝ դպրոցներում առկա ուսուցիչների թափուր աշխատատեղերի բոլոր հայտարարությունները հրապարակված են ԿԳՄՍ նախարարության կայքում:
Կարծիքներ